Հնարավոր է գնանք խորը սորտավորման, երբ բուժման են վերցնում այն պացիենտներին, որոնք շանս ունեն բուժվելու և հակառակը․ Արսեն Թորոսյան
14:52 - 22 մայիսի, 2020

Հնարավոր է գնանք խորը սորտավորման, երբ բուժման են վերցնում այն պացիենտներին, որոնք շանս ունեն բուժվելու և հակառակը․ Արսեն Թորոսյան

«Իրազեկ Քաղաքացիների  միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի հարցին, թե հնարավոր է  հասնենք այնպիսի վիճակի, երբ անհույս հիվանդներին այլևս բուժօգնություն չտրամադրենք, ինչպես օրինակ՝ Իտալիայում, Իսպանիայում և այլն, նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց․

«Հնարավոր է գնանք խորը սորտավորման, որը արվում է նաև պատերազմների ժամանակ։ Երբ բուժման են վերցնում այն պացիենտներին, որոնք շանս ունեն բուժվելու և հակառակը։ Չի բացառվում, որ այս թվերի տեմպի պահպանման ժամանակ մենք գնանք դրան, բայց ամեն ինչ անում ենք դրան չհասնելու համար։ Օրինակ ավելացնում ենք մահճակալային ֆոնդերը։ Կարծում եմ, որ այս պահին մեր վարակվածների թիվը չի տանի այն բանին, որ մենք անցնենք խորը սորտավորման։ Մենք  մոտավորապես գիտենք, թե ովքեր են ծայրահեղ ծանր վիճակում հայտնվելու։ Դժբախտաբար մենք հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր, երբ պացիենտին չենք կարողանում փրկել։ Խորը սորտավորման կարիքը կլինի թվերի աճից հետո»։

Դանիել Իոաննիսյանի մեկ այլ հարցին, թե  ամեն օր իրականացվող թեստավորումներից քանիսն են արվում առաջին անգամ, քանիսն են , որ արվում  են պարզելու, թե վարակվածներից քանի հոգի է արդեն բուժվել։  Նախարարը շեշտեց, որ ինֆորմացիան հասանելի է պաշտոնական հարթակներում։ 

« Եթե նույնիսկ թեստերի ութսուն տոկոսը դրական է լինում, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, որովհետև մինչև թեստավորումը տրվում է ցուցում և սիմպտոմներին նայելով մենք ասում ենք՝ հարգելի քաղաքացի, քեզ մոտ ամենայն հավանականությամբ կորոնավիրուս է։ Եթե նույնիսկ 100 հոգուց 100-ի մոտ էլ հաստատվի վարակը, դա նորից վատ չէ, նշանակում է, որ մենք նույնիսկ ախտանիշներով կարողացել ենք նրանց գտնել։ Իհարկե այդ թիվը հեռու է 80 տոկոսից։ Օրինակ երեկ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում արվել է 173 թեստ, որից դրական է եղել 50-ը։ Դա նորից մեծ տոկոս է, բայց 80 տոկոս չէ»,- հավելեց նախարարը ։ 

Արդեն հայտնի պատվաստանյութերի օգտագործման մասին նախարարն ասաց, որ որևէ ապացույց չկա, թե  դրանց օգտագործումը կամ կրկնակի պատվաստումը կհանգեցնի կորոնավիրուսով չվարակվելուն։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել