armtimes.com: Քրեակատարողական ծառայության աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոնում են՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով:

Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մանրամասնեց, որ ցանկանում են նրան տեղափոխել՝ չնայած որ վերջինս գտնվում է բուժման մեջ. «ՔԿԾ ծառայողներն այստեղ են Քրեակատարողական բժշկության կենտրոնի բժշկի ուղեկցությամբ, եկել են այն տրամադրվածությամբ, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխեն այն դեպքում, երբ նա հիվանդանոցից դուրս գրված չէր, եւ տեսնելով, որ մենք այդ խնդիրը բարձրաձայնում ենք՝ ժամերի ընթացքում պարզվեց, որ առկա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշում, որի հիման վրա էլ հիվանդանոցը ստիպված նրան դուրս գրելու որոշում կայացրեց»:

Թե ինչ հիմնավորումներ է ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրենը, պաշտպանը չգիտեր, ասաց՝ որոշումը իրենց դեռ չի տրամադրվել. «Բայց փաստ է, որ բուժող բժիշկն է որոշում՝ բուժման կարիք կա, թե ոչ, ու հանկարծ պարզվում է, որ կենտրոնը որոշում է կայացրել, որ պիտի տեղափոխվի առանց դուրսգրման»: 

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Խաչատրյանը նոր հետազոտություն է անցել, նոր տվյալներ են ձեռք բերվել, որոնց հիման վրա է նման որոշում կայացվել, պաշտպանը պատասխանեց. «Ոչ, կա բժշկական համապատասխան կոնսիլիում, որ նա ունի վիրահատության կարիք, ավելի բացասական դինամիկա է, քան նախկինում, նույնիսկ քայլքի հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի մասին բժիշկներն էին ժամանակին ահազանգում՝ ասելով, որ եթե վիրահատության չենթարկվի, խնդիրներ կառաջանան, բայց քանի որ ՀՀ-ում այդ վիրահատությունը հնարավոր չէ, իսկ պետությունն էլ թույլ չի տալիս մեկնել, բժիշկները արձանագրել են, որ մինչեւ վիրահատական միջամտությունը նա ունի թերապեւտիկ եւ վերականգնողական բուժման կարիք, որն էլ համապատասխան բժշկի հսկողությամբ իրականացվում էր»: Պաշտպանի կարծիքով՝ բավարար չէ, որ վիրահատության թույլտվություն չի տրվում, հիմա էլ զրկվում է համապատասխան բժշկական կենտրոնի մասնագետների միջոցով գոնե թերապեւտիկ բուժումը ստանալու հնարավորությունից. «Արդեն ահազանգել ենք ՄԻՊ-ին, բայց չեմ կարծում, որ կարող են այս պահին հրատապ ինչ-որ գործողություն անել, կարծում եմ՝ ընթացք կտրվի, եւ մենք համապատասխան հիմնավորումներ կներկայացնենք, նաեւ հետամուտ կլինենք՝ պարզելու, թե ինչի հիման վրա են նման որոշում կայացրել, ովքեր են դրա պատասխանատուները, եւ այդ գործողությունների ոչ իրավաչափ լինելը նաեւ այլ միջոցներով կվիճարկենք»:

Կարդալ ավելին՝ armtimes.com- ում։