ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրինագծով առաջարկվում է ԱԺ խմբակցություններին հնարավորություն ընձեռել անսահմանափակ խորհրդարանական լսումներ հրավիրել: Գործող կարգավորմամբ խմբակցությունը մեկ նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նույնանման կարգավորում  առաջարկել էր կատարել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Նշվել է, որ խնդիրն արհեստական է, քանի որ չի եղել իրավիճակ, երբ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը ցանկանա լսումներ հրավիրել եւ առաջարկը մերժվի: Ուստի, հանձնաժողովի նախագահը հորդորել է կողմ չքվեարկել առաջարկվող փոփոխությանը:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Նա ընդգծել է, որ ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի 3 խմբակցությունները խորհրդարանական լսումներ չեն հրավիրել, ուստի ըստ փոխնախարարի՝ անգամ գործող կարգավորումների պարագայում խմբակցությունների՝ լսումներ հրավիրելու իրավունքն ըստ էության չի իրացվել: Հետեւաբար գործադիրը հիմնավորված չի համարում նախագծով առաջարկվող փոփոխությունը:

Նախագիծը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը:

ՀՀ ԱԺ պատգմավորներ Մխիթար Հայրապետյանի, Արտակ Մանուկյանի,  Համազասպ Դանիելյանի, Սերգեյ Բագրատյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արթուր Դավթյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվող մեկ տասնյակից ավելի փոփոխությունները միտված են մշտական հանձնաժողովների հաշվետվողականության բարձրացմանը, խորհրդարանական վերահսկողության գործիքների հստակեցմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի եւ արդյունավետության բարձրացմանը:

Հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանի տեղեկացմամբ՝ առաջարկվող փոփոխությամբ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո ամփոփ հաշվետվություն է ներկայացնելու Ազգային ժողովին եւ հանրությանը՝ ելնելով թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքներից:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաեւ նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների նիստին ներկա գտնվելու դեպքում, ինչը, ըստ հիմնական զեկուցողի, կնպաստի առավել քննարկված եւ հիմնավոր որոշումների կայացմանը. Գործող կարգավորմամբ մշտական հանձնաժողովը կարող է որոշում  կայացնել ընդհուպ երկու պատգամավորի կողմ քվեարկելու արդյունքում, ինչը խնդրահարույց է:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է պատգամավորին լիազորել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առանձին՝ առանց խմբակցությանը դիմելու, նախագծի վերաբերյալ ներակայացնել առաջարկ, ինչն իր հերթին բարձրացնում է  երկրորդ ընթերցումից առաջ մշտական հանձնաժողովի կողմից կայացվող որոշման կարեւորությունը: Առաջարկվում է նաեւ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների աշխատակազմերի հաստիքացուցակում ավելացնել խորհրդականի հաստիքը, որը փորձագետի պաշտոնից տարբերվելու է իր հայեցողական բնույթով եւ առավելապես ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության  բարձրացմանը:

Հարցի առնչությամբ Կառավարության առաջարկները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորել են առաջարկվող փոփոխությունները եւ վերահաստատել, որ դրանք միտված են խորհրդարանի դերի բարձրացմանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը ներկայացրել է մի շարք առաջարկներ. նախատեսվում է խմբակցությունների աշխատակազմում առաջարկվող խորհրդականի հաստիքը հանել, ավելացնել պատգամավորի՝ հասարակական հիմունքներով օգնականի հաստիք՝ հաշվի առնելով այն, որ լրացուցիչ ծախս չի նախատեսվում:

Հեղինակների խոսքով՝ ներկայացված առաջարկները լրացուցիչ քննարկման կարիք ունեն, ուստի դրանց կանդրադառնան աշխատանքային ձեւաչափով:

Նախագծի վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն: