Գյումրիում կորոնավիրուսով 54 հիվանդ է բուժվում. այդ նպատակին կարող է ծառայեցվել ևս մեկ հիվանդանոց

 |armenpress.am|
16:16 - 24 մայիսի, 2020

Գյումրիում կորոնավիրուսով 54 հիվանդ է բուժվում. այդ նպատակին կարող է ծառայեցվել ևս մեկ հիվանդանոց |armenpress.am|

armenpress.am: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն այս պահին Շիրակի մարզի  համար շարունակում է մնալ կորոնավիրուսային հիվանդության բուժման միակ մասնագիտացված հիվանդանոցը: Այս պահին երկրորդ նման հիվանդանոցն ունենալու խնդիր չկա, իսկ անհրաժեշտության դեպքում որպես այդպիսին կարող է ծառայել նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքը; Այս մասին նշեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը: «Այս  հնարավորության մասին առողջապահության նախարարությանը ներկայացվել է: Եկել, նայել են:  Շենքը բավական լավ վիճակում է: Շատ քիչ գումար է պետք ծախսել ու, եթե կարիքը լինի, այն կարելի է օգտագործել, բայց այս պահին այդ հարցը չի քննարկվում, խնդիր չկա»,- նշեց Լեյլի Ասլանյանը:

Մայիսի 24-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 54 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Ի դեպ, մայիսի 22-ին գրանցված առավելագույն 99 պացիենտի թվի նվազումը Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կապում է թեթև և անախտանիշ հիվանդների տնային հսկողության ուղարկելու որոշման հետ: «1-2 օրերի ընթացքում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում իրականացվեց դեպքերի, այսպես ասած,  «տեսակավորում» և անախտանիշ ու թեթև դեպքերն ուղարկվեցին իրենց մարզեր՝ տնային հսկողության: Այս դեպքերը գնում են տվյալ մարզի առաջնային օղակի հսկողության տակ»,-նշեց պատասխանատուն:

Նշենք, որ մարզում հիվանդության դեպքերի գրանցման առաջին օրից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 241 պացիենտ, որոնցից 163-ը մարզի բնակիչ է։ 31 հիվանդ  բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Այս ընթացքում արձանագրվել է մահվան 7 դեպք։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1797 նմուշառում։

Անդրադառնալով շիրակցիների կողմից իրականացվող կանխարգելիչ քայլերին, Լեյլա Ասլանյանը նշեց՝ շատերը պահպանում են, բայց կարգազանց քաղաքացիներ ևս կան: «Հիմնականում պահպանում են: Ես օգտվում եմ տաքսիներից և հաճելիորեն զարմացած եմ ու ուրախացում եմ, որ վարորդները դիմակներով են: Չեմ ասի, որ բոլորը հարյուր տոկոսով պահպանում են, բայց մենք էլ անում ենք այնպես, որ հնարավորինս քաղաքացիները հետևեն կանոններին: Ես ապավինում եմ մեր ազգաբնակչության ինքնագիտակցությանը»,- հավելեց պատասխանատուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել