ՏՄՊՊՀ-ն պետական գնումների ոլորտում առանձնացրել է երեք հիմնական խնդիրներ |armenpress.am|
14:55 - 25 մայիսի, 2020

ՏՄՊՊՀ-ն պետական գնումների ոլորտում առանձնացրել է երեք հիմնական խնդիրներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական գնումների ոլորտում առանձնացրել է երեք հիմնական խնդիրներ:

Այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում:

«Պետական գնումների ոլորտում երեք հիմնական խնդիրներ ենք առանձնացրել: Դրանք հիմնականում տեխբնութագրերում առկա սահմանափակումներն են, որոնք շատ հաճախ հանդիպում են: Դրանց մի մասը, կարծում եմ, տեղի է ունենում մասնագիտական ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում, այլ ոչ թե դիտավորությամբ մրցակցության սահմանափակման արդյունքում: Սակայն մեր կողմից իրականացված վարույթներում պատասխանատվության ենք ենթարկել մի շարք պետական մարմինների՝ հորդորելով հետագայում բացառել նման երևույթը»,-ասաց Գևորգյանը:

Մյուս խնդիրը գնումներում հակամրցակցային համաձայնություններն են, երբ գնումների նթացքում պայմանավորվում են գների շուրջ: «Սա կամ տնտեսավարող սուբյեկտների միջև է տեղի ունենում, կամ տեղի է ունենում համակարգում՝ գնումը կազմակերպող անձի կողմից: Այստեղ սկսել ենք գործընթաց, շուտով կարծում եմ, կհարուցենք այդ ոլորտում անդրանիկ վարույթը»,-ասաց հանձնաժողովի նախագահն ու հույս հայտնեց, որ դա կլինի լավ նախադեպ հետագայում նման երևույթները բացառելու համար:

ՏՄՊՊՀ-ն նախաձեռնել է նաև թվայնացման գործընթաց, որտեղ համակարգը կփորձեն կապակցել գնումների համակարգի հետ, քանի որ տարեկան 5-6 հազար գնում հնարավոր չէ ֆիզիկապես նայել: Համակարգը ավտոմատ կերպով կբացահայտի խնդրահարույց կետերը և կներկայացնի հանձնաժողովին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել