150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում չեմ տեսել․ Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին |armtimes.com|
15:19 - 25 մայիսի, 2020

150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում չեմ տեսել․ Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին |armtimes.com|

armtimes.com: Այսօր առնվազն 12 դեղատուն եմ մտել, եւ, անկեղծ ասած, միգուցե իմ բախտը չի բերում, չգիտեմ, բայց 150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում ես չեմ տեսել: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լսումների ժամանակ դիմելով Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին՝ ասաց ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ սա այն կարեւորագույն սոցիալական խնդիրն է այսօր, որտեղ ՏՄՊՊՀ-ի աշխատանքը պետք է օպերատիվ լինի։

Պատգամավորն ընդգծեց՝ դիմակների գինը 210-ից 230 դրամ է. «Եթե մենք հաշվում ենք, որ մեկ ընտանիքում կա նվազագույնը չորս անձ, եւ նրանք օրվա մեջ առնվազն 2 անգամ պետք է փոխեն դիմակը, ապա ամսական ընտանիքի յուրաքանչյուր անդամ վճարելու է 20 հազար դրամ, այլապես եթե ճմռթած, կեղտոտ դիմակը պարբերաբար կրեն, այն դառնալու է առողջության համար խիստ վտանգավոր։ Գումարեք, միջինը չորս հոգու, հիմա այդ վիճակագրությունը ձեզ չպիտի՞ ստիպի մի քիչ ավելի օպերատիվ լինել ձեր քայլերում, ձեր գործողություններում: 20 դրամով էլ էին գերշահույթ ստանում, հիմա 220 դրամով էլ են ստանում, արդեն՝ սուպեր, սուպեր, սուպեր գերշահույթ»,- նշեց Զոհրաբյանը։

Ի պատասխան՝ Գեւորգյանն ասաց. «Մենք կարող ենք շատ բան իմանալ, բայց դրանք պետք է փաստաթղթավորենք։ Որ ասում եք՝ օպերատիվ աշխատանք կատարեք, ո՞ր լիազորությունը չենք արել: Եթե օպերատիվ աշխատանք ենթադրվում է, որ ես պետք է զանգեմ ներմուծողներին, ասեմ՝ դիմակի գինը իջեցրեք 60 դրամ, թե չէ պատասխանատվության կենթարկեմ, դա կարող է լինել, բայց կարող է որակվել որպես իմ պաշտոնական լիազորությունների սահմանազանցում, վաղը ինձ կանչեն, ասեն՝ ինչո՞ւ ես միջամտում տնտեսական գործունեությանը ոչ իրավական ճանապարհով:

Մենք իրենց հետ խոսել ենք, հավաքել ենք, իրավական ճանապարհը ցույց ենք տվել, զգուշացում տվել ենք, ասել ենք, որ եթե մեկդ կորոնավիրուսի պայմաններում փորձի չարաշահել ունեցած դիրքը, ապա պատասխանատվությունը շատ ավելի խիստ կլինի: Բայց եթե մենք ուզենանք մարդուն պատասխանատվության ենթարկել, առնվազն պետք է ժամանակ տանք, եթե նույնիսկ մարդը մեկ օրում գինը բարձրացնի, մենք որեւէ բան չենք կարող անել»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելելով որ կա խնդիր, եւ դրա լուծման համար հարուցվել է վարույթ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել