ՀՀ-ԵՄ հարաբերություններում Արմեն Աշոտյանի թվարկած խնդիրների հետքերով  |fip.am|
18:31 - 25 մայիսի, 2020

ՀՀ-ԵՄ հարաբերություններում Արմեն Աշոտյանի թվարկած խնդիրների հետքերով |fip.am|

fip.am: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մայիսի 21-ին 168.am կայքի Review հաղորդման ժամանակ համոզմունք էր հայտնել, որ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները, չնայած ներկայացվում են լավ, իրականում այդքան էլ լավ չեն։

Աշոտյանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նորմալ կյանքի չի կոչվում։

«Դուք գլուխ էիք գովում, որ բոլորի հետ լավ եք, հատկապես եվրոպացիների հետ։ Դիցուկ դուք լավ եք…  Եվրոպական համաձայնագիրը կյանքի չի կոչվում նորմալ, Եվրոպական խորհրդարանում Արևելյան գործընկերությունով լսումներ են գնում, մի հատ հիշատակում, հարց, արձանագրում Հայաստանի մասին չկա։ Վիզաների ազատականացման երկխոսությունը չգիտենք որտեղ ա բրախվել՝ իրականության մեջ, ոչ թե լոլոների»,- նշել էր Աշոտյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչ փուլում է ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիրը, ինչ լսումների մասին է խոսքը ԵԽ-ում և ինչքան է եղել և հիմա ինչքան է կազմում ԵՄ ֆինանսական աջակցությունը։

ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը շարունակում է մասնակի գործել, բայց գործընթացի ընթացքից ԵՄ դեսպանը գոհ է

2017 թ․-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) 2018 թ. հունիսի 1-ից մասնակիորեն գործում է, բայց որպեսզի համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, այն պետք է վավերացնեն ԵՄ անդամ 28 երկրները և Եվրախորհրդարանը։ Ժամանակավորապես կիրարկվող հոդվածները կազմում են Համաձայնագրի մոտավորապես 80%-ը, իսկ մնացյալ 20%-ը (հիմնականում այն հոդվածները, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների իրավասության շրջանակում) ուժի մեջ կմտնեն ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից Համաձայնագրի վավերացումից հետո։ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 27 երկրից (Մեծ Բրիտանիան լքել է ԵՄ-ն) մինչ օրս վավերացրել է 22 երկիր և Իտալիայի սենատը։ 2019 թ. հունիսի 1-ին հաստատվել է ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզը։ Այն հստակ ժամանակացույցով նախատեսում է մինչև 2026 թ․ իրականացվելիք 152 միջոցառում. 2019 թ․ համար նախատեսված միջոցառումներն արդեն իրականացվել են, իսկ 2020 թ․ համար նախատեսվածներն իրականացման փուլում են։

2020 թ. մայիսի 14-ին համաձայնագրի կատարման աշխատանքներին է անդրադարձել ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ Վերջինս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ նշանակալի առաջընթաց է եղել Հայաստանի ժողովրդավարական գործելակերպում, և նոր կոնտեքստն իրենց հնարավորություն է տալիս լիարժեքորեն իրականացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Անդրեա Վիկտորին նաև անդրադարձել է վիզաների ազատականացման հարցին՝ նշելով, որ Հայաստանը շուտով կկարողանա հասնել այն կետին, երբ արդեն ԵՄ բոլոր անդամները պատրաստ կլինեն մեկնարկել երկխոսությունը:

ԵՄ մակրոտնտեսական աջակցության ծրագրից Հայաստանն առայժմ չի օգտվի  

Արմեն Աշոտյանը հարցազրույցում անդրադարձել էր նաև ԵՄ «մակրոտնտեսական աջակցություն» (MFA) գործիքին։ «Հիմա գանք այս ամենամեծ օգնությանը. այս կառավարության ֆինանսների նախարարը մի քանի անգամ՝ ԱԺ-ում էլ, ասաց, որ արտաքին պարտքը պետք է ավելացվի շուրջ 550 մլն դոլարով։ 250-ը Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել են, բայց ԵՄ-ն շատ ձրի փող ա տալիս, էս փող-ծրագիրը էլի վարկ է, բայց սիմվոլիկ տոկոսադրույքով, ինչի մասին ասաց նաև ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Վարհեին։ Շատ մատչելի վարկեր են, ինչո՞ւ եք այն վարկը վերցնում, բայց ԵՄ-ինը չեք վերցնում, ես վստահ եմ, որ պայմանները ԵՄ վարկի ավելի լավն են»,- ասել էր նա՝ հավելելով, որ, ըստ ԵՄ իր աղբյուրների՝ ՀՀ-ին գումար առաջարկվել է, սակայն մերժվել է։ 

Հատկանշական է, որ այս թեմայով նախորդ հայտարարությունում Աշոտյանն այլ պնդում էր արել՝ նշելով, որ Հայաստանն ընդգրկված չի եղել այս ցուցակում, այսինքն՝ Հայաստանին չեն առաջարկել։ Fip.am-ը անդրադարձել էր նախորդ պնդմանը՝ մեջբերելով նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանի գրառումը, որ «ԵՄ մակրոֆինանսական աջակցության գործիքը վարկային մեխանիզմ է, որը առաջարկվել է նաև Հայաստանի Հանրապետությանը և կդիտարկվի՝ ըստ անհրաժեշտության»։

Ապրիլի 22-ին Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել էր 3 միլիարդ եվրոյի չափով աջակցության ծրագիր՝ հարևանության և ընդլայնման բանակցությունների 10 գործընկեր պետությունների համար: Առաջարկված մակրոֆինանսական աջակցությունը տրամադրվում է վարկային մեխանիզմով։ ԵՄ հայտարարության մեջ հստակ նշված է, որ «Մակրոֆինանսական աջակցությունը» հասանելի կլինի նաև այն երկրների համար, որտեղ կլինեն դժվարություններ վճարային հաշվեկշռի հետ կապված: 

Մանե Ադամյանը հարցազրույցում բացատրել էր, թե ինչու այս պահին վարկային միջոցներ ներգրավելու առաջարկը չեն ընդունել։ Ըստ նրա՝ ԵՄ-ն իր ներքին շուկայից վարկ է վերցնում և որպես հակաճգնաժամային գործիք ենթավարկավորում է գործընկեր երկրներն։ Այս օժանդակությունը ՀՀ-ին ևս առաջարկվել է և ցանկացած պահի կարիքի դեպքում կարող են դիմել և ստանալ։ Ավելին, բոլոր գործընկեր երկրների կողմից, նաև միջազգային բանկերի կողմից՝ Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ, Եվրասիական բանկ և այլն, նման առաջարկներ եղել են։ «Եվ մենք գիտենք, որ ինչ-որ պահի դրա կարիքը կունենանք և անպայման այդ վարժությունը կանենք, թե ումից ինչքան, ինչ չափով վերցնենք»,- նշել էր նա։ 

Բացի այս, ԵՄ-ն որևէ երկրի վարկային աջակցություն տրամադրելիս հիմնվում է տվյալ երկրի վարկունակության վերաբերյալ ԱՄՀ-ի տված գնահատականի վրա, և որպես կանոն՝ մակրոֆինանսական աջակցության գործիքը կիրառվում է ի լրումն ԱՄՀ-ի կողմից տրամադրվող ֆինանսական օժանդակության։ 

Ինչ վերաբերում է Աշոտյանի պնդմանը, թե ԵՄ մակրոֆինանսական աջակցության վարկն ավելի լավ պայմաններով է, քան Արժույթի միջազգային հիմնադրամից վերցրած 280 մլն դոլար վարկային միջոցները, ուղղակի ենթադրություն է, քանի որ ԵՄ-ն ամեն երկրի հետ առանձին պայմանավորվածությամբ է վարկը տրամադրելու։ 

ԵԽ-ում Արևելյան գործընկերության հարցով քննարկմանը Հայաստանի մասին խոսք չի եղել

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մայիսի 19-ի նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Արևելյան գործընկերության քաղաքականության ապագային և Covid-19-ի հասցրած վնասների մեղմմանն ուղղված Եվրամիության ֆինանսական աջակցության ծրագրերին Հարևանության բոլոր երկրներում և Թուրքիայում։  

Նիստին այս հարցով զեկուցող ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին նախ հակիրճ ներկայացրել է 2020 թ․ մարտի 18-ին Եվրոպական խորհրդի, Եվրոպական միության խորհրդի, Եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի, ինչպես նաև ռեգիոնների հանձնաժողովի համատեղ հաղորդումը Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ։ Առանձնացրել է այն հիմնական հինգ երկարաժամկետ նպատակները, որոնց ուղղությամբ պետք է աշխատեն 2020 թվականից սկսած ԱլԳ բոլոր գործընկերների հետ և առկա պայմանագրային բազայից զատ՝ չի առանձնացրել որևէ ԱլԳ երկրի անուն։ Զեկույցի երկրորդ մասը վերաբերել է Covid-19-ի դեմ պայքարի շրջանակում Հարևանության երկրներին տրամադրված աջակցությանը։ Հանձնակատարը հերթով թվարկել է, թե որ նպատակի համար ընդհանուր ինչքան գումար է տրամադրվել ԵՄ Արևելյան և Հարավային գործընկերներին միասին վերցրած, ու նաև նշել է, թե վերը նշված ՄՖԱ վարկային աջակցության գործիքով (որից, ինչպես նշեցինք, Հայաստանը առայժմ հրաժարվել է) որ երկիրն ինչքան է ստացել։

Դրանից հետո պատգամավորները հանձնակատար Վարհեիին իրենց հուզող հարցերն են ներկայացրել Արևելյան գործընկերության երկրներում առկա խնդիրների վերաբերյալ՝ հիմնականում մատնանշելով այդ երկրներում առկա խնդիրները։ ԱլԳ երկրների վերաբերյալ բարձրացվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, փողերի լվացման հետ կապված խնդիրները Մոլդովայում և դրա դեմ պայքարը, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և ընդդիմության առաջնորդների նկատմամբ կիրառվող ճնշումներն ու քաղբանտարկյալների հարցը, Բելառուսում ու Ադրբեջանում տիրող կոռուպցիան, լրագրողների, ակտիվիստների հետապնդումներն ու դրանց դեմ նախատեսվող քայլերը, Վրաստանում մինչ վերջերս առկա քաղաքական լարվածության հարցը և դրա ոչ ամբողջովին հարթված լինելը և այլն։

Արմեն Աշոտյանի դիտարկումը ճիշտ է, քանի որ այս համատեքստում Հայաստանի մասին որևէ անդրադարձ նիստում չի եղել։

ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալներն ըստ տարիների

Խոսելով ԵՄ-ից Հայաստանին հատկացվող 92 մլն դրամ ֆինանսական աջակցության մասին՝ ՀՀԿ փոխնախագահը համոզմունք է հայտնում, որ այդ գումարը տրամադրվելու էր իրենց օրոք կնքված պայմանագրով. «Գնացեք ճշտեք, ընդամենը 10 տոկոս է ավելացել լավագույն դեպքում, պարզապես ԵՄ-ն այդ փողը պետք է տար այլ բարեփոխման համար մեր ստորագրածով, հիմա կորոնավիրուսի պատճառով այդ փողը բարեփոխումներից հանել են, վրան մի քիչ ավելացրել են և ասում են սա ձեզ կորոնավիրուսի դեմ պայքարում»։

2017-2020 թվականների համար ԵՄ-ն, որպես գրանտ, ավելի քան 160 մլն եվրո աջակցություն է հատկացրել Հայաստանին, այսինքն՝ ստանձնած բարեփոխումների ծրագրերի համար տարեկան 40 մլն եվրո։ Սակայն տարեկան հատկացված գումարի ոչ ամբողջ մասն է պետությունը հասցրել ծախսել, և դրանք այս տարի ևս չօգտագործելու պարագայում ԵՄ-ն հետ կվերցնի։ 2019-ին «արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը», ԵՄ կողմից «Տարեկան գործողությունների ծրագրի» շրջանակում Հայաստանին տրամադրվել է հավելյալ 25 միլիոն եվրո, այսինքն՝ 65 մլն, որը տրամադրվում էր ԵՄ հովանոցային ֆոնդից՝ բացառապես քաղաքական որոշմամբ։ 

2020-ին համաճարակի դեմ պայքարի շրջանակում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի մոտ 92 մլն եվրո։ Այս թվի մեջ մտնում են վերաբաշխումներ՝ ինչպես 2017-2020 թ․ համար նախատեսված 160 միլիոն եվրո աջակցությունից, այնպես էլ 2018 թ․ հետո Հովանոցային ֆոնդից Հայաստանին հատկացված հավելյալ աջակցությունից։ 

Ի դեպ, Եվրոպական միության՝ ԱլԳ 6 երկրներին COVID-19-ի դեմ պայքարելու համար տրամադրած ֆինանսական աջակցության գումարները տեղաբաշխվել են հետևյալ կերպ․

—       Հայաստան՝ 92 մլն եվրո 

—       Ադրբեջան՝ 14 մլն եվրո

—       Բելառուս՝ 60 մլն եվրո

—       Վրաստան՝ 183 մլն եվրո

—       Մոլդովա՝ 87 մլն եվրո 

—       Ուկրաինա՝ 190 մլն եվրո

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Արմեն Աշոտյանի մատնանշած խնդիրները և համոզմունքը, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում առկա են խնդիրներ, մանիպուլյատիվ են և մեծամասամբ սխալ։ 

Նելլի Լազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել