Այս դատական նիստին ներկա է գտնվում 30-ից ավելի անձ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ վարակի ռիսկերի մասին |armtimes.com|
15:41 - 26 մայիսի, 2020

Այս դատական նիստին ներկա է գտնվում 30-ից ավելի անձ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ վարակի ռիսկերի մասին |armtimes.com|

armtimes.com: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուսային վարակի հաստատումը ցույց է տալիս, որ այս ժամանակահատվածում իրենց գործունեությունն իրականացնելիս փաստաբանները զերծ չեն ռիսկերից:

Այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը՝ առողջություն մաղթելով Սեյրան Օհանյանի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանին եւ նրա ամուսին Կարեն Մեժլումյանին:

Ինեսսա Պետրոսյանի մոտ օրեր առաջ կորոնավիրուս է հաստատվել: Մեր զրույցում Կարեն Մեժլումյանը նշել էր, որ թեստ է հանձնել նաեւ ինքը. պատասխանը դեռեւս չի ստացվել:

Անդրադառնալով փաստաբանի վարակվելուն՝ Արամ Վարդեւանյանն ասաց, որ հենց այդպիսի ռիսկերի կանխարգելման համար էր ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դեռեւս մարտ ամսին հորդորել վերանայել խափանման միջոցների հարցը. «Դա պատահական չէ, որովհետեւ եթե այն վերանայված է լինում, դատական նիստերի որոշակի ավելի ապահով հնարավորություն է ստեղծվում, իսկ նախորդ նիստին մենք տեսել ենք, որ Կարեն Մեժլումյանը եկել էր, եւ այս պայմաններում ենք մենք մեր գործունեությունը իրականացնում»:

Արամ Վարդեւանյանը տարակուսանք հայտնեց, որ, չհաշված Սեյրան Օհանյանի պաշտպանների բացակայությունը, որոնք ունեն չներկայանալու հիմնավոր պատճառ, դատական նիստին ներկայացել էր մեկ էլ դատախազ Պետրոս Պետրոսյանը. «Դատավարության մյուս մասնակիցներից ոչ ոք չէր ներկայացել, եւ ինձ համար հասկանալի չէ, թե այդ ինչպես է, որ ես կարող եմ ներկայանալ, իսկ նրանք՝ ոչ, բայց մյուս կողմից ես նաեւ հասկանում եմ, որ մենք ունենք արտառոց իրավիճակ. ունենք եռանիշ դեպքեր ամենօրյա ռեժիմով, իսկ այս դատական նիստին փաստացի ներկա է գտնվում 30-ից ավելի անձ, դրա պատասխանատուն կրկին Աննա Դանիբեկյանն է»:

Անդրադառնալով լրագրողներից մեկի՝ նիստերը ձգձգելու վերաբերյալ հարցին՝ Արամ Վարդեւանյանը նշեց, որ դատական նիստերը երկու ամսից ավելի չեն կայացել հենց Աննա Դանիբեկյանի պատճառով. «Կհիշեք նաեւ, որ նա դեկտեմբերի 10-ին արձակուրդ մեկնեց, բա այդ ինչո՞ւ էինք մենք, դուք մինչ դեկտեմբերի 28-ը աշխատում, ՄԻԵԴ-ը հազար անգամ է ասել, թե կալանավորված անձի առկայության դեպքում դատարանը ինչպիսի ջանասիրություն պետք է դրսեւորի»,- ասաց պաշտպանը՝ առաջարկելով դատախազներին հիշեցնել, թե պաշտպանների պատճառով քանի նիստ չի կայացել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել