«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի  հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է  ներկայացրել
17:23 - 26 մայիսի, 2020

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է ներկայացրել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ստեղծված անառողջ մթնոլորտը՝ ներկայացրել եմ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից ազատման դիմում: Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ:

Անընդունելի եմ համարում քաղաքապետարանին առընթեր տարբեր կառույցներում վարվող քաղաքականությունն ու անպատժելիությունը: Այդ պատճառով չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին և հեռանում եմ: Միշտ լինելու եմ քաղաքամայր Երևանիս կողքին և շարունակելու եմ աջակցել նրա շենացմանը»:

Ավելի վաղ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել, ասելով որ նոր տնօրենը կադրային ջարդ է իրականացնում եւ բոլորին աշխատանքից ազատվելու ծանուցագրեր են ուղարկվել։ Ակցիայի մասնակիցներին էին միացել Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստա» եւ «Լույս» խմբակցության անդամներ, նրանք եւս դատապարտել էին նման արարքը։

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Ասուլիսում կեղծ փաստեր են հնչել. աշխատանքից հղի չի ազատվել

Ներկայացնում եմ Երեւանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրինության հայտարարությունը.

----

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ում կադրերի կառավարումը տեղի է ունենում ՀՀ օրենսդրության սահմաններում:

Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում այս կամ այն աշխատակցի աշխատանքի արդյունավետությունը գնահատվել և հետագա համագործակցության նպատակահարմարությունը որոշվել է բացառապես ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխան:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ից վերջին մեկ ամսվա ընթացքում հղի կին չի ազատվել, ազատման ծանուցում կամ բանավոր առաջարկ որևէ հղի չի ստացել: Այդ թվում, խոսքը հաշվապահությունում աշխատող տիկնոջ մասին է, որը շարունակում է իր աշխատանքը բնականոն ընթացքով:

Աշխատանքի ազատման ծանուցում ստացած աշխատակիցները կարող են իրենց շահերի պաշտպանության համար գործի դնել տարբեր միջոցներ՝ բացօթյա ասուլիսներ, դատական հայցեր եւ այլն, սակայն կեղծ փաստերով հանրությանը մոլորեցնելու փորձերը անթույլատրելի են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել