«Արմենիան Քափըր Փրոգրամ»-ի սնանկացման պատճառները պետք է փնտրել ներկա կառավարիչների գործողություններում. «Վալլեքս»-ի հայտարարությունը
21:46 - 26 մայիսի, 2020

«Արմենիան Քափըր Փրոգրամ»-ի սնանկացման պատճառները պետք է փնտրել ներկա կառավարիչների գործողություններում. «Վալլեքս»-ի հայտարարությունը

«Վալլեքս» խմբի ընկերությունների անունից հայտարարություն է տարածվել՝ արձագանքելով, իրենց ձեւակերպմամբ, «վերջին շրջանում լրատվամիջոցներով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկության գործընթացի լուսաբանման համատեքստում «Վալլեքս» խմբի ընկերությունների և խմբի նախագահի անվան անհարկի շահարկումներին։ Ստորեւ՝ հայտարարության տեքստն անփոփոխ։

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը  2019թ. հոկտեմբերի 3-ից փաստացի դադարել է լինել «Վալլեքս» խմբի ընկերություն. ռուսական ՎՏԲ բանկը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ներդրումային ծրագրի ֆինանսավորման նպատակով կնքված պայմանագրերի շրջանակներում, 2019թ. հոկտեմբերի 3-ին տիրացել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող բաժնետոմսերին՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը և փոխարինելով վերջինի գործադիր մարմնի ղեկավարին (տնօրենին)։

Թեև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի նախկին սեփականատերը դատական կարգով վիճարկում է իր սեփականության ոչ իրավաչափ բռնագանձումը, այնուամենայնիվ, 2019թ. հոկտեմբերի 3-ից «Վալլեքս» խմբի ընկերությունները որևէ վերահսկողություն և (կամ) ազդեցություն չեն ունեցել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության նկատմամբ և առնչություն  չունեն ներկայում ընթացող սնանկության գործընթացին։

«Վալլեքս» խմբի ներդրումներով 1997 թվականին պղնձաձուլական արտադրության վերագործարկվելու օրից մինչև ՎՏԲ բանկի տիրապետությանն անցնելը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության գործունեությունը՝ պայմանավորված բազում հանգամանքներով, մշտապես եղել է շահութաբերության ու վնասաբերության սահմանագծին՝ ֆինանսական տեսակետից լինելով ռիսկային։ Այդ ամբողջ ընթացքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը երբևէ շահույթ չի բաշխել բաժնետերերին։

Սակայն «Վալլեքս» խումբը, առաջնահերթ կարևորելով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության գործունեության սոցիալական նշանակությունն ու դերը Ալավերդի քաղաքի բնակչության կյանքում, առավելագույն պահպանել է առկա աշխատատեղերը։ Նույնիսկ 2018թ․հոկտեմբերից հետո ձևավորված իրավիճակում, երբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության արտադրական գործունեությունը փաստացի կասեցված էր, և որևէ դրամական մուտք ընկերությունը չուներ, «Վալլեքս» խումբը համագործակցել է ՀՀ կառավարության հետ՝ փնտրել է ելքեր, մշակել և ՀՀ կառավարության համաձայնեցմանը ներկայացրել արտադրության վերականգնման հեռահար պլաններ, իրականացրել փորձնական արտադրական ծրագրեր՝ ամիսներ շարունակ խմբի այլ ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին ընկերության աշխատողներին վճարելով աշխատավարձեր։

Ակնհայտ է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկացման, հարյուրավոր մարդկանց գործազուրկ դառնալու պատճառները պետք է փնտրել ոչ թե «Վալլեքս» խմբի ընկերությունների, այլ ներկա կառավարիչների գործողություններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել