Ըստ Արսեն Ջուլֆալակյանի՝ Թամարզյանը ձախողել է սպորտի ոլորտը. ինքը հուսով է՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում կլինի ԱԺ-ում
 |armtimes.com|
22:10 - 26 մայիսի, 2020

Ըստ Արսեն Ջուլֆալակյանի՝ Թամարզյանը ձախողել է սպորտի ոլորտը. ինքը հուսով է՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում կլինի ԱԺ-ում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը թերություններ է տեսնում ԿԳՄՍՆ-ում սպորտի ոլորտը համակարգող Գրիշա Թամրազյանի աշխատանքում: Երեկ՝ մայիսի 25-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանդիպում է տեղի ունեցել Թամրազյանի հետ, սակայն թեման հիմնականում վերաբերել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականին ու նրա հայտարարություններին, եւ այդ պատճառով Ջուլֆալակյանի մոտ բաց հարցեր են մնացել: ՀԺ-ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ կլինի եւս մեկ հանդիպում, որին ներկա կլինի նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, եւ ինքը կկարողանա նրան ներակայացնել սպորտի խնդիրները:

«Թե ինչ խնդիրներ կան մարզաշխարհում առհասարակ, ոչ թե COVID-ով պայմանավորված այլ ընդհանրապես (կան համակարգային լրջագույն խնդիրներ, որոնց ուղղությամբ առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում լուրջ տեղաշարժ չեմ տեսել), չեմ ուզենա հարցազրույցով բարձրաձայնել, քանի որ կարծում եմ՝ առաջիկա օրերին կլինի եւս մեկ քննարկում՝ հուսամ՝ արդեն նախարարի մասնակցությամբ, եւ ուզում եմ հենց տեղում բարձրաձայնել այդ հարցերը: Այս պահին առնվազն 15 շատ կարեւոր կետ եմ առանձնացրել, որոնք ուզում եմ ուղղել հենց պարոն նախարարին, որպեսզի նախարարի մոտ հստակ լինի, թե ինչ կետերով է փոխնախարարը ձախողել իր աշխատանքը»,- ասաց Ջուլֆալակյանը:

Թեեւ երեկվա նիստը նվիրված է եղել Գոգյանի ու Թամրազյանի շուրջ բարձրացած աղմուկին, սպորտի մասին խոսակցություն եղել է: Ինչպես Ջուլֆալակյանն է նշում, Թամրազյանն ասել է, որ մարզաշխարհում կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները գրեթե ամբողջությամբ լուծված են: Ջուլֆալակյանը հայտարարությանն արձագանքել է՝ ասելով, որ ընդամենը օրեր առաջ, մի շարք մարզադպրոցների տնօրեններ այլ կարծիք են հայտնել:

«Հակադարձեցի, որ դեռեւս ուրբաթ օրը քննարկում է եղել մարզադպրոցների տնօրենների եւ մարզաշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում նրանք COVID-ով պայմանավորված բազմաթիվ հարցեր են բարձրացրել, եւ նշեցի, որ ձեր կարգավորումները կամ սխալ են եւ տեղին չեն, կամ էլ դուք չեք տիրապետում իրավիճակին՝ դատելով Ձեր հայտարարությունից»,- ասաց Ջուլֆալակյանը՝ նշելով, որ բարձրաձայնված խնդիրներն արդեն ուղարկել է պարետատուն, ԿԳՄՍՆ, Երեւանի քաղաքապետարան եւ պատրաստ է մասնագետների հետ աշխատել լուծման տարբերակների վրա:

Պատգամավորի խոսքով՝ Թամրազյանը նաեւ շեշտել է, որ ինքը միշտ թափանցիկ է աշխատել ու հասանելի է եղել: Այդ պնդման վերաբերյալ Ջուլֆալակյանը եւս դիտարկում է ունեցել: Ասել է, որ լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներից հակառակի մասին է լսել:

«Նշել եմ, որ մոտ 1 տարի է՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս, ոչ մի մամուլի ասուլիս չի տվել փոխնախարարի կարգավիճակում, ինչը բացաձակ հակառակի մասին է խոսում՝ ոչ թե հաշվետվողականության, այլ 0 հաշվետվողականության: Նշել եմ, որ բազմաթիվ սպորտային լրագրողներ առնվազն, բայց վստահ եմ՝ նաեւ ոչ սպորտային լրագրողներ ակնկալում են տարբեր հարցերի պատասխաններ ստանալ նրանից, ինչը դեռ չկա, եւ դա շատ բացասական է: Անհատների հետ աշխատանքը եւս բացասական եմ համարում, քանի որ կան խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջում, ոչ թե անհատական: Երբ անհատական մոտեցում ես դրսեւորում, նշանակում է՝ դու առաջնորդվում ես անձնական ինչ-ինչ շահերով, այսինքն՝ կոպիտ ասած, ճաշակի հարց է դառնում՝ ում խնդիրը լուծել, ումը ոչ»,- ասաց նա:

Ավելին՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել