Բանկերը 2019-ին շարունակել են բավականին մեծ իրացվելիություն ունենալ. ԿԲ |armenpress.am|
13:45 - 27 մայիսի, 2020

Բանկերը 2019-ին շարունակել են բավականին մեծ իրացվելիություն ունենալ. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բանկերը 2019-ին բավականին մեծ իրացվելի միջոցներ են ունեցել՝ տնտեսությանը սպասարկելու և հաճախորդներին ֆինանսական ռեսուրսները հասանելի դարձնելու համար:

Այս մասին առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով 2019 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»:

«Բանկերի իրացվելիության մասով 2019 թվականը նույնպես բացառություն չի եղել: Բանկերը շարունակել են բավական մեծ իրացվելիություն ունենալ և պահել բավականին մեծ ծավալի իրացվելի միջոցներ՝ տնտեսությանը սպասարկելու համար և անհրաժեշտության դեպքում հաճախորդներին ֆինանսական ռեսուրսներ հասանելի դարձնելու համար: Երևի թե հենց այդ ունակությունն ու իրացվելիության բարձր մակարդակն էր, որ մեր ֆինանսական հաստատություններին հնարավորություն տվեց արագ կերպով արձագանքելու համավարակի ստեղծած ռիսկերի տնտեսությունում»,-ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ըստ էության 2019 թվականը բավականին հաջող է եղել: Եվ 2020 թվականը սկսվել է ֆինանսական համակարգում մեծ ձեռքբերումներով՝ թե ֆինանսական միջնորդության, թե նոր տեսակի ֆինանսական գործիքների ներդրման հնարավորությամբ: «Ռիսկերը գտնվել են կառավարելի մակարդակում: Մենք կարողացել ենք գնահատել այն պոտենցիալ զարգացումները , որոնք կարող էին տեղի ունենալ ֆինանսական համակարգում և համապատասխան գործիքների միջոցով փորձել ենք ըստ արժանվույն գնահատել և արձագանքել բանկային համակարգին և ընդհանուր ֆինանսական համակարգին»,-ասաց Գրիգորյանը:

Նա վստահեցրեց՝ բանկերի շոկերին դիմակայելու ունակությունը շարունակել է բավականին բարձր մնալ: Վերջին մի քանի տարում կապիտալի մասով մեծ աճ է եղել, ինչը այն հիմնական ցուցանիշն է, որը նպաստում է ֆինանսական համակարգի կայունությանը: Կապիտալի համարժեքության բավականին բարձր ցուցանիշ է եղել:

«Շարունակում ենք ֆինանսական համակարգի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարբեր աշխատանքներ կատարել, իրականացնում ենք ներդրումներ: Փորձում ենք նոր ներդրումներ իրականացնել»,-ասաց Գրիգորյանը:

Ենթակառուցվածքները 2019-ին ևս բավական ճկուն են եղել, մեծ աճ են արձանագրել: Դրանք շարունակել են կայուն կերպով սպասարկել ֆինանսական կազմակերպություններին, իրական հատվածին, տնային տնտեսություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել