Ընտրական օրենսգրքում և Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ |hcav.am|
14:11 - 27 մայիսի, 2020

Ընտրական օրենսգրքում և Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ |hcav.am|

hcav.am: ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակվել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագիծը, որն արդեն ընդգրկվել է ԱԺ օրակարգում և քննարկվել մայիսի 26-ին։

Օրենքի նախագծի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր նախնական գնահատականը տվել էր 2019 թ․ դեկտեմբերի 21-ին, երբ նախագիծը տեղադրվել էր edraft.am-ում, ապա՝ հանվել։

Ազգային ժողովում 2020 թ․ մարտի 11-ի քննարկումից հետո նախագծում կատարվել են մի քանի կարևոր փոփոխություններ, սակայն որոշ խնդիրներ դեռ մնում են։ 

Այսպես՝

  • անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ լայն քննարկում ծավալել քաղաքացիական նախաձեռնությունների (գոնե՝ նախաձեռնությունից կուսակցություն անցումային փուլում գտնվող) առաջադրման հնարավորության վերաբերյալ, ինչի մասին առաջարկություն ներկայացրել են ոչ միայն Վենետիկի հանձնաժողովը, այլև տեղական մի շարք ՀԿ-ներ և նախաձեռնություններ։

  • Նախարարությունն առաջարկում է 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում, ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ ԱԺ քննարկման ընթացքում բարձրաձայնվեց, որ կան նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված կամ այլ փոքր համայնքներ, որոնք միավորված են, սակայն բավարար չեն նրանց մասնակցությունը կուսակցական ներկայացուցչությամբ ապահովելու համար։ Մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում խնդիր է առաջանում նաև յուրաքանչյուր ընտրական ցուցակում բավարար թվով, նվազագույնը՝ 15 թեկնածու ընդգրկելու հետ կապված (նախագծի հոդված 26-ի 2-րդ կետում առաջարկվող 130-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Նաև սահմանված չեն բազմաբնակավայր համայնքների բոլոր բնակավայրերից ներկայացվածության երաշխիքները։

  • «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունների հայեցակարգով նախատեսվում է ֆինանսական հոսքերի, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ծախսերի վերահսկողությունը պատվիրակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

    ՏԿԵ նախարարությունը նախորդ նախագծով այդ գործառույթը վերապահել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը և բազմապատկել աշխատանքի ծավալը՝ ի լրումն համամասնական ընտրակարգի անցնող բոլոր համայնքների, որոնց թիվը, ներկայիս վարչատարածքային բաժանումների թիվը և 2018 թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակահատվածում ընտրողների կազմը հաշվի առնելով, հասնում է 8 տասնյակի։

    Այս գործառույթի իրականացման նպատակով նախարարությունն առաջարկում էր համամասնական բոլոր ընտրություններում հնարավորություն ընձեռել վերոնշյալ ծառայությանը մինչև 1 ամիս ժամկետով և մինչև 5 աշխատակցով ընդլայնել իր կազմը։ E-draftում տեղադրված նախագիծը և ԱԺ կայքէջում ներկայացված նախագիծը ընդհանրապես չեն նախատեսում կուսակցությունների ֆինանսավորման և նախընտրական քարոզչության ծախսերի վերահսկողության որևէ կարգավորում, ինչն արդեն իսկ նշանակում է, որ մինչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից այս գործառույթի ստանձնումը՝ այն պետք է իրականացվի ԿԸՀ վերստուգիչ-վերահսկիչ ծառայության կողմից՝ այսինքն սահմանափակ իրավասություններ ունեցող կառույցը շարունակելու է իր ոչ արդյունավետ գործունեությունը՝ չունենալով անհրաժեշտ ծավալի մարդկային և ֆինանսական ռեսուրսներ։

  • Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների անունները «համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի» բառերով մեխանիկական փոխարինումը ստեղծում է իրավիճակ, երբ ԿԸՀ-ն գրեթե ամբողջությամբ կորցնում է ընտրական հանձնաժողովների՝ Ընտրական օրենսգրքին հակասող որոշումները վերացնելու, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ ճանաչելու լիազորությունները (խոսքը օրենքի հոդված 51, մաս 2, կետ 8-ում փոփոխության մասին է)։ Եվ սա այն պարագայում, երբ Տարածքային ընտրական հանձնաժողովների մասնագիտական կարողությունների, մարդկային ռեսուրսների և տեխնիկական հագեցվածության անբավարար մակարդակը տեսանելի է արդեն այսօր և ընդունվում է նույնիսկ այդ հանձնաժողովների անդամների կողմից։

  • Թեև նոր նախագիծը, ի տարբերություն նախորդի, առաջարկում է սեռերի 70/30 համամասնություն ընտրական ցուցակներում, սակայն չի ապահովում ընտրվող խմբակցություններում այդ համամասնությունը երաշխավորող մեխանիզմներ։ Այս խնդիրը բարձրաձայնվել է ԱԺ քննարկման ժամանակ, սակայն մնացել է չլուծված:

  • Նախագծով առաջարկվում էր իջեցնել ընտրական շեմը և վերացնել 40%-ից բարձր քվե ստացած ուժին տրվող բոնուսը, ինչը դրական էր, և ստեղծվում էր կոալիցիաների ձևավորման հնարավորություն, սակայն տրվում էր կոալիցիայի ձևավորման անհարկի սահմանափակում մինչև 3 քաղաքական խմբակցության կողմից։ Այս սահմանափակումը քննադատվեց ԱԺ քննարկման ժամանակ և այժմ նախագծից փաստացի ամբողջությամբ հանվել է կոալիցիաների ձևավորման դրույթը, և նախատեսվել, որ եթե որևէ ուժ չի ստանում մանդատների 50%-ից ավելին, համայնքի ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, թեև նախընտրելի է բաց քվեարկությունը։

  • «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ առաջարկելով՝ նախարարությունը կրկին առաջարկում է պահպանել երկու անգամ անընդմեջ համապետական կամ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններին չմասնակցելու դեպքում կուսակցության գործունեության կասեցման պահանջը (ԿՄՕ Հոդված 32)։

    Այս հիմքով կուսակցության գործունեության կասեցման հնարավորությունը ՀՀ Սահմանադրական դատարանի 2006 թ․ դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-669 որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական և հստակ է, որ պետք է անվավեր ճանաչվի, սակայն նույնիսկ նման որոշման բացակայության դեպքում անհասկանալի է նախագիծ ներկայացնողի դիրքորոշումը, որ երկու ՏԻՄ ընտրությունների (որոնք փաստացի կարող են տեղի ունենալ 3-4 ամիսների ընթացքում) չմասնակցելը պետք է հանգեցնի կուսակցության գործունեության կասեցմանը։

  • Ավելին՝ կուսակցության որպես միավորման գործունեության խթանման համար անհրաժեշտ է նման անհիմն պատժիչ սանկցիաների փոխարեն նախատեսել ՏԻՄ մակարդակում ընտրությունների մասնակցության և բավարար չափով քվեների ստացման դեպքում կուսակցության ֆինանսավորում, ինչը կշահագրգռի կուսակցություններին ներկայացված լինել տեղական մակարդակում և զարգացնել տեղական կուսակցական միավորները։  Ավելին, առանց այս ֆինանսավորման նախատեսման խնդրահարույց կարող է լինել առնվազն 3 ուժի ներկայացվածության ապահովման պահանջի իրականացումը, քանի որ այդքան կուսակցություն կարող են ուղղակի չունենալ այս կամ այն համայնքում ընտրությունների մասնակցության ռեսուրս։

  • Քննարկման ընթացքում մտահոգություն հայտնվեց, որ երբեմն ՏԻՄ ընտրությունները նշանակվում, այնուհետև չեղարկվում են մարզպետի կողմից, թեև մարզպետը լիազորություն չունի չեղարկելու ընտրությունները: Դրական է, որ դիտարկումը հաշվի առնելով՝ նախագծում ավելացվել է, որ համայնքի ընտրությունների վերաբերյալ մարզպետի որոշումը 70 օր առաջ է հրապարակվում և չի կարող փոխվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

  • Քննարկման արդյունքում վերանայվել է ևս մեկ կետ: Նախորդ տարբերակում, առաջարկվում էր համայնքի ղեկավարի կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել, եթե մյուսի պաշտոնավարման ժամկետը լրացել է, և նոր ընտրությունները պետք է կազմակերպվեն համամասնական ընտրակարգով: Արդյունքում տեղի կունենա դեռևս պաշտոնավարող ավագանու կամ համայնքի ղեկավարի սահմանադրական իրավունքների խախտում:

    Փոփոխված նախագիծը նախատեսում է, որ ավագանու՝ ավելի վաղ ընտրությունների դեպքում համայնքի ղեկավարը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը, իսկ ավելի ուշ ընտրությունների դեպքում պաշտոնավարումը շարունակում է որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև ավագանու ընտրությունների անցկացումը։

    Սակայն այս դեպքում անհասկանալի է մնում այն համայնքապետի պաշտոնավարման ժամկետը, ով ավագանու կողմից ընտրվում է ուղղակի ընտրությամբ ընտրված համայնքի ղեկավարի լիազորությունների դարդարելուց հետո։ Ըստ այդմ անհրաժեշտ է համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցման հիմքերում ներառել ավագանու ժամկետի լրանալը։

  • Նախագիծը հստակեցնում է, որ համամասնական ընտրակարգի անցած համայնքում ընտրությունները չեն կազմակերպվում մեծամասնական ընտրակարգով, եթե համայնքի բնակիչների թիվը նվազել է սահմանվածից։ Այնուամենայնիվ կարևոր է հստակեցնել, թե արդյոք ընտրակարգը պահպանվում է, եթե օրինակ՝ բազմաբնակավայր համայնքի մեկ կամ մի քանի համայնքներ դուրս են գալիս կազմից, թե՝ կրկին սահմանվում է նոր ընտրակարգ՝ ըստ նոր իրավիճակի։

  • Նախագծում կարևոր լրացում է կատարվել, համաձայն որի՝ 2023 թ. հունվարի 1-ից տեղական ինքնակառավարման բնագավառի պետական լիազոր մարմինն իր պաշտոնական համացանցային կայքէջում վարում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետների վերաբերյալ շտեմարան: Հնարավորության դեպքում այս շտեմարանի հրապարակումը մինչև 2021 թ․ ավելի նպատակահարմար կլիներ, քանի որ բավարար ժամանակ կտար 2021 թ․-ի լայնածավալ ընտրությունների ժամկետները հստակեցնելու համար։

  • Տարբեր ձևաչափերով քննարկված, բայց այդպես էլ առանց կարգավորման է մնում համայնքի ղեկավարների ժամկետի սահմանափակման հարցը։ Գործող համայնքապետերը շարունակում են առաջադրվել՝ առանց մրցակցության կամ ձևական մրցակցության պայմաններում։ Անհրաժեշտ է սահմանել, որ միևնույն անձը, չի կարող 2 անգամից ավել ընտրվել համայնքի ղեկավար։ Սա կարող է իրականացվել թե անուղղակի ընտրությունների, թե ուղղակի ընտրությունների միջոցով։

  • Անհրաժեշտ է քննարկել նաև բոլոր համայնքներում համայնքի ղեկավարի ուղիղ ընտրության հնարավորության ապահովումը։ Ուղիղ ընտրությունը կարևոր է նաև համայնքի ավագանու անկախության տեսանկյունից, երբ ավագանին և համայնքի ղեկավարն ընտրվում են իրարից անկախ։

Այս նախագիծը նաև առիթ է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և նախատեսելու համար, երբ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակահատվածում ՏԻՄ ընտրությունների հետաձգումը/արգելքը կարող է սահմանվել Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ, իսկ անցկացման դեպքում նախատեսել արտակարգ դրության պայմաններում ընտրությունների կազմակերպման համար լրացուցիչ միջոցառումներ։ Միայն նման միջոցառումների ապահովման դեպքում հնարավոր կլինի  կազմակերպել 2020 թ. աշնանը նախատեսվող ՏԻՄ ընտրությունները՝ կախված համաճարակային իրավիճակից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել