ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց Հայաստանում չգրանցված դեղորայքի ներկրման հարցը |hetq.am|
15:23 - 27 մայիսի, 2020

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց Հայաստանում չգրանցված դեղորայքի ներկրման հարցը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը: Այս փոփոխություններով ֆիզիկական անձինք հնարավորություն են ստանալու փոստային առաքանիների միջոցով պատվիրել ու ստանալ Հայաստանում գրանցում չունեցող դեղորայք:

«Հաշվի առնելով կարանտինային պայմանները՝ կարծում եմ՝ բավականին օգտակար նախագիծ է»,- ասաց հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը:

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մանրամասնեց, որ քաղաքացին պետք է դիմի առողջապահության նախարարություն, և վերջինս մեկ օրվա ընթացքում պատասխանի:

«Եթե այդ դեղը այդ պահին երկրում առկա չէ, կամ գրանցված է, բայց այդ պահին առկա չէ, քաղաքացին միաժամանակ կցում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և անձին տրվում է դեղի միանվագ ներկրման նախնական թույլտվություն: Այդ դեպքում քաղաքացին կարող է դեղ ներկրել և՛ առաքանու միջոցով, և՛ օնլայն պատվիրելու միջոցով»,-ասաց Զեյնալյանը:

Վերջինիս խոսքով` այս փոփոխություններն արվում են այն բացը լրացնելու համար, որ կան բազմաթիվ դեղեր, որոնք գրանցված չեն Հայաստանում, բայց բժիշկների կողմից նշանակվում են:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում քաղաքացիները կկարողանան ոչ միայն սահմանը հատելիս իրենց անհրաժեշտ դեղորայքը ներկրել, այլ նաև պատվիրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել