Հայաստանում Ֆրանսիական համալսարանը այս տարի նշում է իր գործունեության 20-ամյակը․ հարցազրույց՝ համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի հետ
17:52 - 27 մայիսի, 2020

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը այս տարի նշում է իր գործունեության 20-ամյակը․ հարցազրույց՝ համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի հետ

Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը այս տարի նշում է իր գործունեության 20 ամյակը: Ստորև ներկայացնում ենք Ֆրանսիական Համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան Մարկ Լավեստի զրույցը Հայաստանում ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Արուսյակ Հայրապետյանի հետ:


-Շնորհակալություն
, որ այս բավական բարդ ժամանակաշրջանում ժամանակ գտաք զրույցի համար: Ինչպե՞ս եք:

- Այո, շատ անսովոր ժամանակներ են, ոչ միայն համալսարանի, նաև Հայաստանում և աշխարհում բազմաթիվ կազմակերպությունների համար, ինչը մեզանից պահանջում է ադապտացվել այս բարդ իրավիճակին:

Ես կուզեի նախ և առաջ շնորհակալություն հայտնել պալատին՝ այս նախաձեռնության համար: Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը աշխատում է իր անդամ-կազմակերպությունների հետ, մեզ թույլ տալիս արտահայտվել, երբ ասելիք ունենք, բայց նաև մտքեր է առաջ բերում, սատարում, և ես շնորհակալությունս եմ հայտնում պալատին և իր տնօրենին:

- Մենք ենք ձեզ շնորհակալ, Ժան-Մարկ: Հինգ տարի է՝ Հայաստանում եք, և հինգ տարի է, որ աջակցում և սատարում եք ֆրանս-հայկական համայնքին: Խոսենք Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մասին, որն արդեն քսան տարի գործում է:

Հայաստանում ֆրանսիական համալսարան

 

Պատմությունն իսկապես հետաքրքիր է: Համալսարանի սկիզբը գալիս է առևտրաարդյունաբերական պալատից` Լիոնի առևտրաարդյունաբերական պալատի և հայաստանյան կապերի միջոցով․ Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապերի ստեղծման առաջին տարրերն այդտեղից են: Սկզբում՝ ավելի շատ մասնագիտացման քան դիպլոմային տիպի դասընթացներով, հետագայում շատ արագ հասկացան, որ կարիք կա ստեղծել ավելի ստրուկտուրացված կառույց: Հիմքեր դրվեցին համալսարան ստեղծելու համար: Պետք է հիշել, որ դեսպան Հենրի Կյունին մեծ ջանքեր է գործադրել սրա կայացման համար: Շատ արագ այս համալսարանը դիրքավորվեց՝ որպես միջպետական համագործակցության գործիք, քանի որ մենք Ֆրանսիական համալսարան ենք Հայաստանում և ունենք կրկնակի հավաստագիր: Մեր կառույցի հոգաբարձուների խորհուրդը կիսով չափ կազմված է ֆրանսիական դիվանագիտական կառուցվածքից, կիսով չափ՝ հայկական դիվանագիտական կառուցվածքից: Գաղափարն էր ստեղծել մի գործիք, որը թույլ կտար ձևավորել, կրթել հայ երիտասարդներին՝ ֆրանսիական կրթական մոտեցմամբ, բայց ոչ թե նրանց հետագայում Ֆրանսիա ուղարկելու համար, ինչը նշված էր կանոնադրության սկզբնական տարբերակում, այլ որ այդ երիտասարդները հետագայում ծառայեն Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Քսան տարի հետո կարող ենք նշել, որ մեր շրջանավարտների իննսուն տոկոսից ավելին Հայաստանում են, և քսան տարի առաջ մեր առջև դրված ոչ այդքան հեշտ առաքելությունը, որը հիմա ավելի ենք զարգացնում, կարողացել ենք իրականացնել:

- Ասում են, որ ձեր համալսարանի շրջանավարտներն ամենապահանջվածն են Հայաստանում: Տնտեսության վրա կրթական համակարգի ազդեցության ուղղակի ցուցիչ է սա:

- Ես մի քիչ այլ կերպ եմ ասում: Հայաստանում կան որակյալ բարձրագույն կրթական օջախներ: Ֆրանսիական համալսարանը դրանցից մեկն է: Վստահորեն կասեմ, որ այս համալսարանն ավարտող ուսանողները զարգացրել են որակներ և ունակություններ, որոնք մի փոքր տարբեր են, քան մյուս համալսարանների շրջանավարտներինը, և դրա շնորհիվ նրանք տարբերվում են աշխատաշուկայում: Այս տեսակետից կարող եմ ասել, որ, այո՛, մեր շրջանավարտները պահանջված են, քանի որ ֆրանսիական կրթական գործընթացը, որը չորս կամ վեց տարի է տևում՝ կախված ուսանողի բակալավրի կամ մագիստրոսի ծրագրից, նրանց սովորեցրել է մտածել այլ կերպ:

Կրթական համակարգերի տարբերությունը

 

- Որո՞նք են ֆրանսիական և հայկական կրթական համակարգերի տարբերությունները:

- Ես կասեի, որ դա ուսանողից մտածել կարողանալ պահանջն է: Ֆրանսիական մանկավարժության սկզբունքը բացարձակապես հիմնված չէ անգիր անելու վրա: Այն ուղղված է գիտելիք և ունակություններ ստանալուն, որոնք հետագայում պիտի օգտագործվեն խնդիրներ լուծելու համար: Այսինքն՝ ունակությունների օգտագործման մոտեցումը լրիվ տարբեր է: Ես միշտ հետևում եմ, որ քննությունը որևէ թեմայի նույնությամբ կրկնողությունը կամ պատճենը չլինի, այլ որ աշխատեն վերլուծել, քննադատել, որ ունակությունները ծառայեն խնդիրների լուծմանը: Կարող է սկզբում աննշան թվալ, սակայն հավատացնում եմ, որ երբ դուք չորս տարի սովորում եք ձեր ունակություններն օգտագործել այսկերպ, դա հիմնովին փոխում է ձեր հետագա պահվածքը աշխատաշուկայում

Քննադատել կարողանալն այնքան էլ հեշտ չէ, երբ դուրս ես գալիս պոստսովետական կրթական համակարգից: Ուսուցչին քննադատելու փաստն անգամ՝ քննադատել բառի դրական իմաստով, այսինքն՝ կարողանալ հակադրել որևէ գաղափար, վերլուծել, համեմատել․․․ սրանք բաներ են, որ բնականորեն չեն ստացվում, և եթե դուք չեք աշխատում խթանել այս ունակությունները, դուք պրոցեսի միջոցով ստանում եք այլ մտածելակերպով մարդիկ:

Ֆրանսիական համալսարանի ուսանողները կարողանում են աշխատել արդյունավետ, խորքային, արագ, և սա կրթական պրոցեսից է բխում:

Ինչպես ես հաճախ բացատրում եմ ծնողներին՝ դուք մեզ վստահում եք ձեր երեխաներին 17-18 տարեկանում՝ մինչև 25-26 տարեկան` կախված ստացվող դիպլոմից: Մեզ վստահված առաքելությունն է նրանց տալ ունակություններ, բայց նաև սովորեցնել կարողանալ շարունակաբար զարգանալ՝ միշտ ունենալով հարցեր տալու, քննելու ռեֆլեքսը, և շարունակաբար զարգանալ: Սա կարևոր է:

- 5 տարի ղեկավարում եք Ֆրանսիական համալսարանը, ձեր գործունեությունը իրական success story է, դա վկայում են ձեր ուսանողները, ծնողները, գործընկերները: Ինչպիսի՞ն էր համալսարանը մինչ ձեզ: Ինչ նորամուծություն բերեցիք դուք, և ո՞րն է ձեր կառավարման ոճը:

- Սա բարդ հարց է, որին հեշտությամբ չեմ պատասխանի: Համալսարանը 20 տարեկան է, ինձանից առաջ ունեցել է 4 ռեկտոր: Այս համալսարանի ամենաերկար կառավարած ռեկտորն եմ: Սովորաբար ռեկտորը կառավարում է 2 կամ 3 տարի, ես արդեն 5 տարի է՝ այստեղ եմ, ինչը նշանակալից է: Երբ եկա, համալսարանն արդեն երկար աշխատանք էր հատկացրել իր ուսումնական ծրագրերը հիմնելուն: Երբ գալիս ես Հայաստան, շատ արագ հայտնաբերում ես, որ շատ մարդիկ և կառույցներ այստեղ ապրում են օր օրի, այսինքն՝ որևէ երկարատև հեռանկար հիմնականում չկա: Ապրում ենք, փորձում ենք զարգացնել, դա կստացվի, կամ կդադարիՄինչդեռ ռեկտորից սպասվում է միջին տևողության կամ երկարատև հեռանկարի նշագծում: Այս հինգ տարիների ընթացքում մենք հիմնականում աշխատել ենք արժևորել արդեն եղածը, և, ամենակարևորը, այն հեռանկարային դարձնել: Հաջորդ տասը տարիների ընթացքում ո՞ւր ենք ուզում գնալ, ինչպե՞ս ենք ուզում դիրքավորել այս կառույցը: Ես սովորություն ունեմ ասել, որ ղեկավարի դերն է կարողանալ գեղեցիկ պատմություն պատմել, քանզի երբ պատմությունը գեղեցիկ է, երբ մարդիկ վստահում են, անմիջապես մի փոքրիկ լույս է վառվում հեռվում և մենք տեսնում ենք այն ուղղությունը, ուր բոլորս ուղևորվում ենք: Եվ եթե նույնիսկ հաստատ չգիտենք, թե որ ճանապարհն ենք ընտրելու՝ այդ նպատակին հասնելու համար, մի բան հաստատ է՝ ամեն օր ավելի ենք մոտենում մեր ծրագրածին: Անդամակցումն այսկերպ է, և կարծում եմ, որ ղեկավարը պիտի գեղեցիկ և վստահելի պատմություն պատմի, և այդ ժամանակ ձեր աշխատակիցները, ձեր ուսանողները, գործընկերները, սկսում են հասկանալ, որ դա իրականացվող է, և եթե դա իրականացվող է, ամեն մեկը սկսում է իր մասնակցությունը բերել` նպատակին հասնելու համար: Կարծում եմ՝ սա առաջին որակն է, որ ռեկտորը կամ ղեկավարը պիտի ունենա:

Ֆրանսիական Համալսարանը Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հոգաբարձուների խորհրդի կազմում է

 

- Կուզեի մի փոքրիկ հավելում անել․ առևտրաարդյունաբերական պալատներում, լինի դա Հայաստանում կամ այլուր, չեն պատկերացնում, որ համալսարանը գործընկերություն է: Համալսարանը գործընկերություն է: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը տնտեսական կառույց է, որն ամեն ամիս վճարում է 60 հիմնական աշխատավարձ, 250 բանախոսերի աշխատավարձ․ սա իսկական տնտեսական միավոր է, որն ունի իր ֆինանսական, կադրային, ներդրումային, ամորտիզացման սահմանափակումները: Եվ հիմնականում համալսարանի ռեկտորին պատկերացնում են որպես գիտնական, սակայն համալսարանի ռեկտորը պիտի լինի և՛ գիտնական, և՛ հիմնարկի ղեկավար։ Այս տեսանկյունից է նաև, որ Ֆրանսիական Համալսարանը հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հոգաբարձուների խորհրդի կազմում է, որովհետև եթե նայում ենք մեր գործունեությանը բացառապես տնտեսական տեսանկյունից, սա գործընկերություն է, այնպիսին, ինչպիսին են մյուս բոլոր հայկական գործընկերությունները:

- Բացի այդ՝ տնտեսության զարգացման վրա շատ զգալի ազդեցույթուն ունի այս կամ այն կրթական սիստեմի ընտրությունը, որը ձևավորում է աշխատաշուկա մտնող մարդկանց:

- Միանշանակ: Սա կարևոր հարց է։

Երբ հանդիպում եմ ծնողներին, որոնք պատրաստվում են մեզ վստահել իրենց երեխաներին, մեր ապագա ուսանողներին, միշտ ասում եմ, որ մեր գործը նրանց դիպլոմ տալը չէ: Համալսարանի նպատակը ոչ թե դիպլոմ, այլ մասնագիտացում տալն է: Այսինքն՝ ուսանողին տրամադրել անհրաժեշտ բոլոր գործիքները, որ նա հետագայում աշխատանք ունենա: Ունենալ դիպլոմ և այն ցուցադրելը իմաստ չունի, պետք չէ սևեռվել դիպլոմի գաղափարի վրա, համալսարանի իմաստը դա չէ: Իմաստն այն է, որ իրենց երեխաներին մեզ վստահող ծնողների հետ ունեցած պայմանագրի արդյունքում մենք արել ենք ամեն ինչ, որ ուսանողը ավարտելուց հետո մասնագիտացում և աշխատանք ունենա: Եվ այստեղ է, որ տեսլականի տարբերությունն ակնհայտ է: Եթե ձեր հեռանկարը դիպլոմն է, դուք չունենք նույն կապը տնտեսական իրականության հետ, ինչ երբ ձեր հեռանկարը մասնագիտացումն է: Դուք չունեք կապը նաև պետական մակարդակով մտահոգության հետ, որն է՝ սպասարկել այս կամ այն ոլորտում անհրաժեշտ մասնագիտացումները և կառուցվածքները ձեր երկրում: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դերն է, անշուշտ, ուղեկցել մեր կառավարության տնտեսական զարգացումն ու առաջնայնությունները: Մենք պետք է լինենք խիստ համահունչ, այսինքն՝ պետք է հասկանանք կառավարության, կրթության ու գիտության նախարարության խնդիրներն ու տնտեսական նպատակները, և մեր առաքելությունն է հասկանալ, թե ինչն է անհրաժեշտ, որ սպասարկենք այդ տնտեսությանը: Հայաստանի տնտեսության երեք հիմնական սյուներն են գյուղատնտեսությունը, տուրիզմն ու նորագույն տեխնոլոգիաների ոլորտները: Սա է պատճառր, որ եթե առաջ մենք հիմնականում կրթում էինք իրավաբաններ և կառավարողներ, արդեն երկու տարի է՝ ունենք ՏՏ ոլորտի մասնաճյուղ, որը այս ոլորտում կսատարի հայկական տնտեսությունը: Սրա կարիքը կա, որովհետև այս ոլորտը զարգանում է, և եթե չլինեն ներքին ռեսուրսներ և հմտություններ, այն սահմանափակված կլինի իր զարգացման հնարավորություններում: Եվ այստեղ ևս համալսարանի դերը անշուշտ մանկավարժական է, բայց նաև տնտեսական:

Կրթական նորամուծություն

 

Կրթական նորամուծությունը կարևոր թեմա է, համալսարանները պետք է կանխատեսեն և նորամուծություններ անեն: Նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, համագործակցելով ԹՈՒՄՈ-ի հետ, մենք այսօր զարգացնում ենք մի նախագիծ՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Եվրոպական Միության ֆինանսավորած նոր կենտրոնի կառուցման ծրագիր է: Սա ինձ համար շատ կարևոր գործ է: Նորամուծության հիմնական գաղափարն է ուսանողներին թույլ տալ աշխատել իրական նախագծի վրա: Այն է, ինչ անում ենք, այդ կենտրոնում ձևովորվող ԹՈՒՄՈ-ի նախագծերում:

Շատ արագ՝ առաջին կուրսից արդեն, ուսանողները առնչվում են իրական ծրագրի կառավարման հետ: Կյանքում ամեն բան կառավարման հմտություններ է պահանջում: Դուք իրավաբան եք, մարկետոլոգ, թե ղեկավար՝ պետք է կարողանաք ծրագիր կառավարել: Հասկանալ ծրագիրը, ներգրավվել, հասկանալ ձեր տեղը, ծրագրի կարևորությունը, ինչպես նորամուծություն բերել, ներմուծել ձեր հմտությունները, սա շատ կարևոր է, սա մաթեմատիկական կամ իրավագիտական գիտելիքներից այլ է, սա թույլ է տալիս կարողանալ հասկանալ, թե ինչ են սպասում ձեզանից աշխատաշուկա մտնելու առաջին պահերից արդեն:

- Խոսելով խոստման և տեսլականի մասին՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը բաց է, ես գիտեմ, որ դուք վերջերս ունեցաք ճգնաժամային իրավիճակում ընդունելության բացում, ինչը շատ ուշագրավ էր, որովհետև դուք ինքներդ դիմավորեցիք առաջին երեք ուսանողներին, սա ավանդո՞ւյթ է:

- Սա ավանդույթ է: Ռեկտորը դիմավորում է ընդունելության մրցույթին գրանցվող առաջին ուսանողներին: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը փոքր է, մենք քսան-երեսուն հազար ուսանող չունենք: Այս չափը թույլ է տալիս մեծ հասանելիություն ունենալ ուսանողների և ադմինիստրատիվ մարմնի, ուսանողների և ռեկտորի միջև: Ես սովորություն ունեմ բարևել մեր ուսանողներին միջանցքներում, մի քանի բառ փոխանակել նրանց հետ: Ուսանողները և շրջանավարտները ինքնաբուխ գալիս են դեպի մեզ, շնորհակալ են արված աշխատանքի համար, այնպես որ՝ այո, ողջունել ուսանողներին, դիմավորել նրանց ընդունելության պահին, սա կարևոր է: Ի դեպ՝ ընդունելությունը համալսարանի հիմնական փուլերից է: Եթե ընդունելության ժամանակ թե՛ որակական, թե՛ քանակական իմաստով միջակ ընտրություն անենք, սա իր ազդեցությունն է ունենալու տնտեսական ողջ մեքենայի վրա: Համալսարանի գործունեության առաջին փուլը իր կրթական ծրագրերի որակը լուսաբանելն է, տարվա ընթացքում հետաքրքրված ընտանիքներին ընդունելն ու բոլոր հարցերին պատասխանելն է, որպեսզի կարողանանք ունենալ լավագույն ընտրությունը ընդունելության ժամանակ, թե՛ որակական, թե՛ քանակական իմաստով: Ֆրանսիական համալսարանը մեծ քանակով ուսանողներ չի փնտրում, մենք ունենք ուսանողների մեզ անհրաժեշտ քանակը, սակայն ընդունելության մրցույթը նպատակ ունի ընտրել ամենամոտիվացվածներին, որոնք 4, 6 կամ 8 տարի, եթե դոկտորական են պաշտպանելու, պիտի սովորեն:

Հպարտ եմ, որովհետև ես եմ բացել դոկտորական ֆակուլտետը, և առաջին թեզը, որ պիտի պաշտպանվի, հունիսի 19-ին է՝ այս տարի: Թեզը մարկետինգի ոլորտում է, Գոհար Սարգսյանն է, որը կլինի մեր առաջին դոկտորը, որն ամբողջովին ձևավորվել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում: Քանի որ մենք համաճարակային իրավիճակում ենք, ինտերնացիոնալ հանձնաժողովը նրան կլսի հեռավորության վրա, իսկ Գոհարն ու ես, քանի որ ես էլ եմ ժյուրիի անդամ, կլինենք այստեղ՝ Հայաստանում, Ֆրանսիական համալսարանից կապ կհաստատենք դրսի՝ մասնավորապես Ֆրանսիայում ժյուրիի անդամների հետ:

- Հայաստանում ֆրանսիական համալսարան ընդունվելու համար ֆրանսերենի իմացությունը պարտադի՞ր է:

- Մեզ միշտ տալիս են այս հարցը, որովհետև մենք ֆրանսիական համալսարան ենք և հարցն օրինական է: Ես հարցը հակառակ կողմից եմ բերում եթե ստիպված լինեի պարտադրել ֆրանսերենի իմացությունը ընդունելության ժամանակ, ես ոչ մի ուսանող չէի ունենա: Այնպես որ, ֆրանսերենի իմացությունը ընդունվելիս պարտադիր չէ, սակայն ֆրանսերենին տիրապետելն անհրաժեշտ է դիպլոմ ստանալու համար: Այսինքն՝ նույնիսկ եթե բարեհաջող հանձնում եք ձեր բոլոր առարկաները, բայց չունեք ֆրանսերենի իմացության բավարար մակարդակ, որը B2 մակարդակն է, դուք չեք կարող դիպլոմ ստանալ: Այնպես որ աշխատում ենք, լեզվի ժամեր ենք տրամադրում, ֆրանսերեն, անգլերեն, հայերեն, ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, 5 լեզու, որոնք ուսուցանում ենք համալսարանում, ուսանողները կարող են սովորել չորսը, մենք մեծ նշանակություն ենք տալիս լեզուների իմացությանը, և ֆրանսերենը պարտադիր է ավարտելու համար:

Կարծում եմ՝ աշխարհում միակ ֆրանսիական համալսարանն ենք, որտեղ կարելի է ընդունվել առանց ֆրանսերենի իմացության: Տնտեսական մոդելը հետաքրքիր է: Այսինքն՝ հնարավոր է հիմնել ֆրանսիական համալսարան մի երկրում ոչ թե ֆրանկոֆոն հիմունքի վրա, այլ այն սկզբունքով, որ ֆրանսիական մշակույթը կուսուցանվի ցիկլի ընթացքում և կյուրացվի պահանջված B2 մակարդակով՝ վերջում: Այսինքն՝ սա թույլ է տալիս ունենալ ֆրանսիական համալսարան ոչ միայն ֆրանկոֆոն երկրներում, ինչպիսին են օրինակ Աֆրիկյան երկրները, այլ այլուր ևս: Եթե մենք ֆրանկոֆոնիան պարտադրեինք այստեղ, Հայաստանումվստահաբար հայերը ֆրանկոֆիլ են, կա բարեկամության շատ երկար պատմություն Հայաստանի և Ֆրանսիայի միջև՝ դարերից եկող, և դա՝ անկախ Եղեռնից, դրանից առաջ էլ, եթե մենք պարտադրեինք ֆրանսերենի իմացությունը, կարծում եմ՝ հնարավոր չէր լինի ունենալ այս համալսարանը:

- Մենք մի անգամ զրուցեցինք ձեզ հետ այն յուրահատուկ եռակողմ հարաբերության մասին, որը ներդրված է Ֆրանսիական համալսարանի կրթական տեսլականում: Դա համալսարան-ուսանող-ընտանիք հարաբերությունն է: Այդպե՞ս է:

- Այո, դա այդպես է: Ես սովորաբար համալսարանի մոտեցումն եմ այդպես ներկայացնում: Երբ ուսանողը ընտրում է համալսարանը, ես ասում եմ որ սա եռակողմ պայմանագիր է: Ուսանողն է ընտրում համալսարանը, բայց այս ընտրությունից չենք կարող տարանջատել ընտանիքն ու համալսարանը: Եվ այս պայմանագրում իրավունքներն ու պարտավորվածություններն ընդհանուր են: Ես միշտ համարել եմ, որ ընտանիքը մեզ վստահում է իր երեխային:

Մեր առաջնային պարտավորվածությունն է, որպես համալսարան, ինչպես արդեն ասացի, ապահովել այն ամենն ինչ անհրաժեշտ է նրա մասնագիտացման համար: Ընտանիքը, իր հերթին, ուղեկցում է երեխային՝ տրամադրելով լավագույն պայմանները՝ կրթական ծրագիրը հաղթահարելուն օգնելով, իսկ ուսանողը պիտի գիտակցի, որ առանց մեծ քանակությամբ աշխատանք կատարելու պատրաստակամության չեն ընդունվում Ֆրանսիական համալսարան: Դասաժամերը շատ են, պրոցեսը` ինտենսիվ: Ուսանողները սովորաբար որոշակի հպարտությամբ ասում են, որ տառապել են Ֆրանսիական համալսարանում: Այո, ես համոզված եմ որ այս համալսարանում սովորելը դժվար է: Սակայն երբ անցնում ենք այս էտապներով, և հասնում ենք դիպլոմին և արհեստավարժությանը, մեծ հպարտության զգացողություն կա: Զգացողությունը, որ աշխատանքն ու համառությունը տալիս են սպասված արդյունքը, շատ բավարարող է:

Վերջերս մեր շրջանավարտներից մեկը սոցիալական հարթակում պատմել էր իր փորձի մասին: Նա ավարտեց մեր համալսարանը, հետո գնաց Վրաստան, Ռուսաստան, հիմա աշխատում է Լոնդոնում։ Նա ասում էր, որ համալսարանում պահանջվող ներգրավվածությունն ու աշխատանքի քանակը ձեզ անասելի հզոր հմտություններ են տալիս հետագայում պայքարելու, ձեր լավագույնը իրականացնելու և նպատակներին հասնելու համար: Սա այն է, ինչ անգլիացիներն անվանում են soft skills, այն հմտությունները, դիպլոմից զատ, որ դուք ստանում եք, և որոնք հենց այն առավելությունն են, որ դուք ունեք այլոց նկատմամբ, քանի որ դուք ձևավորվել եք, պարապել եք, հասկացել եք ներդրված ջանքերի հետադարձ արդյունքը: Այնպես որ՝ սա եռակողմ պայմանագիր է, մենք պարտավորվում ենք հնարավոր լավագույնն անել, ընտանիքը պարտավորվում է հնարավորինս սատարել երեխային, և ուսանողն էլ պարտավորվում է ջանադրաբար աշխատել, չկեղծել, և լիովին համապատասխանել համալսարանի պահանջներին: Երբ երեք կողմն էլ կատարում են իրենց պարտավորվածությունը, արդյունքը բավական լավն է լինում:

Տեսլականի մասին

 

Հեռանկարը ձեռք է բերվում փորձով, համատեքստի և իրավիճակների օբյեկտիվ վերլուծության, նաև` արտաքին փորձագիտության միջոցով: Չեք կարող մի երկրի զարգացման տեսլական ունենալ, եթե չեք ճամփորդել, չեք տեսել այլ երկրներ: Երբ ուրիշ երկիր ես գնում, առաջին բանը, որ ակնհայտ է դառնում, ընկալման տեսանկյան տարբերությունն է: Հինգ տարի առաջ Ֆրանսիայից մեկնեցի Կովկաս՝ աշխատելու: Կովկասի, Արևելքի, նախկին սովետական երկրների դիտարկման իմ տեսանկյունը տարբեր է, Եվրոպայի, Ֆրանսիայի դիտարկման տեսանկյունը՝ ևս, մենք նույն համատեքստում չենք: Եթե ուզում ես ռազմավարական տեսլական ունենալ, պետք է ժամանակ տրամադրել, դուրս գալ հարմարավետության տարածքից, որ հնարավորինս ամենակառուցողական և օբյեկտիվ դիտակետն ունենալ: Հետո, ես նաև հաճախ ասում եմ, որ տեսլականը խոչընդոտների դաշտում փոխզիջումն է: Եթե Հայաստանում այդքան հեշտ լիներ գտնել լուծումներ, դա վաղուց արդեն արվել էր: Ամենը փոխզիջում է: Պիտի գտնել փոխզիջման միջոցով խոչընդոտները վերացնելու ուղղությունը:Ուղղություն, որը վստահելի և հավանական կլինի, որը դուք ընդունակ եք բացատրել, և որը հաղթահարելով՝ պիտի ընդունակ լինեք նաև վերաձևակերպել ձեր վերլուծությունը:

Հարմարավետության տարածքից դուրս գալ

 

Հարմարավետության տարածքից դուրս գալն անհրաժեշտ է, որ ավելի հասուն ընկալում ունենաս: Երբ հեռանամ Հայաստանից, հեռանալու եմ սեպտեմբերին, ինձ հետ շատ բաներ կտանեմ: Բայց ամենից առաջ լրիվ այլ վերլուծություն, քան այն, որ կունենայի, եթե մնայի Ֆրանսիայում կամ Եվրոպայում: Սա կարևոր է: Սոցիոլոգիան կարևոր է: Բոլոր որոշումները, որ դուք ընդունում եք, չեն կարող լինել կտրված տեղանքի սոցիոլոգիական իրականությունից: Այն ինչ ընդունելի և համակերպվելի է մի տեղում, ընդունելի և համակերպվելի չէ մեկ այլ տեղում : Եվ այդ ջանքը պիտի գործադրվի, ձեր վերլուծության սոցիոլոգիայից դուրս գալ և փորձել այն հարմարացնել և տեղակայել այնտեղ, որտեղ եք :

Ինչպես եմ զարգացնում, ինչպես եմ պահպանում իմ մշակույթը, իմ ինքնությունը, ինչպես եմ իմ բոլոր հարաբերությունները, ներքին և արտաքին, ծառայեցնում ի շահ զարգացման: Եվ կրթության դերը այս ամենում, եթե խորքային մտածենք, ահռելի է: Քանզի կրթությունն է պահպանելու, հնարավոր դարձնելու և զարգացնելու այս երկրի աճը: Մենք դերակատարներից մեկն ենք, և որպես ռեկտոր՝ պետք է պատկերացնեմ, կանխատեսեմ, թե ինչի վրա է պետք աշխատել: Երբ բացում ենք կրթական նոր ծրագիր, անհրաժեշտ է 4 կամ 6 տարի, որ ուսանողը վերջնական կրթություն ստանա: Եթե ես չկանխատեսեմ, 4-6 տարի ուշացումով կարձագանքեմ շուկայի պահանջին: Պետք է ուշադիր լինել, հետևել, զգալ իրականությունը, և երբեմն ռիսկի դիմել: Սա ևս ղեկավարի հմտություններից մեկն է:

- Շատ է խոսվում ներդրումների մասին, որոնց կարիքը Հայաստանն ունի: Հարց` ինչո՞ւ ներդրնել Հայաստանում:

- Միանշանակ չեմ կարող պատասխանել այս հարցին: Իմ փորձն ինձ ցույց է տալիս, որ այստեղի շրջանավարտները փայլուն են:

Հայաստանը ուղեղների հսկայական ռեզերվ ունի: Պետք է սա կապիտալիզացնել: Ներդրողները չեն գա Հայաստան, եթե չիմանան, որ տեղում կան այն ուղեղները, որ հնարավոր կդարձնեն իրենց ներդրման զարգացումն ու արդյունքը: Էնպես որ, կապիտալիզացնենք ուղեղները, զարգացնենք, ներդրումների համար սա է լինելու գրավչության գործոններից մեկը: ՏՏ ոլորտը սրա վառ օրինակն է: Այսօր ներդրումները խիստ սահմանափակ են, որովհետև մենք պատրաստ չենք ուղեկցել այդ ներդրումները տեղացի երիտասարդ մասնագետ-շրջանավարտներով: Այնպես որ՝ ուղեղների կապիտալիզացումը լավ ներդրում է, անենք այն:

- Շնորհակալություն, Ժան-Մարկ Լավեստ, այս զրույցի համար, ինչպես նաև այն ողջ սիրո և աշխատանքի, որ դուք տվել եք Հայաստանին:

- Ես եմ շնորհակալ, պալատին, ձեզ, Արուսյակ, ես կարծում եմ, որ Հայաստանը հսկայական պոտենցիալով երկիր է՝ Ֆրանսիայի հետ սերտորեն փոխկապակցված: Կարծեմ՝ հայկական արքա Լևոն 6-րդն է հանգչում Փարիզում՝ ֆրանսիացի արքաների հետ, եթե չեմ սխալվում, ինչը վկայում է մեր կապերի կարևորությունն ու ամրությունը:

Մենք եկանք Հայաստան՝ առանց այն ճանաչելու, ու կմեկնենք այստեղից բազում պատկերներով ու ճանաչմամբ, և մեծ բավականությամբ կվերադառնանք, որ վերագտնենք մեր ուսանողներին և ընկերներին, որ կթողնենք այստեղ:

Շնորհակալություն։

Ամբողջական զրույցը՝ ստորեւ․


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել