Կենդանուն օգտագործելը, որպեսզի իր բնական վարքագծին անհարմար գործողություններ իրականացնի, չի կարող ճիշտ սերունդ կրթել․ Արսեն Գասպարյան
11:25 - 31 մայիսի, 2020

Կենդանուն օգտագործելը, որպեսզի իր բնական վարքագծին անհարմար գործողություններ իրականացնի, չի կարող ճիշտ սերունդ կրթել․ Արսեն Գասպարյան

Հայաստանում  ստորագրահավաք  է սկսվել կրկեսներում կենդանիների շահագործման դեմ։  Նախաձեռնությունը կրում է «Հայաստանի կրկեսն առանց կենդանիների» անունը։ 

Ըստ նախաձեռնող խմբի՝ այս պահին կա բացառիկ հնարավորություն օրենսդրական մակարդակում արգելելու կենդանիների շահագործումը մարդկանց զվարճանքի կամ միայն բիզնես շահույթ ստանալու նպատակով, որովհետև փոփոխության է ենթարկվում «Կենդանական աշխարհի» մասին ՀՀ օրենքը

Infocom.am-ը զրուցեց նախաձեռնության կազմակերպիչ, բնապահպան Արսեն Գասպարյանի հետ։

- Ո՞րն է Ձեր նախաձեռնության հիմնական նպատակը և ինչո՞ւ հենց այս փուլում որոշեցիք նման արշավ իրականացնել։

- Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում որոշակի փոփոխություններ իրականացնելու նախագիծ։ Շրջանառության մեջ կա օրենքի նախագիծ, որը դրվել է e-draft  համակարգում, և ես և իմ մի շարք գործընկերներ (նաև Արևիկ Մկրտչյանը, ում հետ նախաձեռնել ենք այս ստորագրահավաքը) ներկայացրել ենք առաջարկություններ, որոնցից մեկը վերաբերում է կրկեսների արգելքին։

Եղել են նաև այլ  առաջարկներ՝ անազատ պայմաններում կենդանիների պահման հետ կապված և այլն։ Բայց քանի որ հատկապես այս հարցը հանրային լուրջ ուշադրության է միշտ արժանացել, և նախարարության կողմից  նույնպես կար ընդհանուր դրական վերաբերմունք, որ արգելքը լինի, անհրաժշետություն եղավ պարզել նաև հասարակության կարծիքը։ Մենք տվել ենք բոլոր գիտական հիմնավորումները, թե ինչու պետք է կրկեսում վայրի կենդանիներ չլինեն, նաև հստակեցրել, որ խոսքը այս պահին վայրի կենդանիների մասին է, որովհետև օրենքը կարգավորում է հենց վայրի տեսակների պահպանությունը և օգտագործումը։

Մենք առաջարկել ենք, և այդ առաջարկը ընդհանուր դրական արձագանք ստացավ։ Մի քանի օր է, ինչ ստորագրահավաքը սկսվել է, բայց գրեթե 4000 մարդ միացել է դրան։  Դա ցույց է տալիս, որ հասարակությունն ունի դրական կարծիք կրկեսում վայրի կենդանիների արգելքի վերաբերյալ։ Փաստացի, Հայաստանը ԱՊՀ երկրներում կլինի առաջինը, եթե նման արգելք սահմանի, իսկ ամբողջ աշխարհի ավելի քան 100 երկրներում կա կենդանիների շահագործման ամբողջական արգելք կամ մասնակի արգելք՝ միայն վայրի կենդանիների շահագործման։ Այդպիսի երկրների թվում են Ավստրիան, Խորվաթիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Շոտլանդիան, Հնդկաստանը և մեր հարևան Իրանը: Հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը՝ շատ հարցեր մղվում են երկրորդային պլան, բայց շատ ուրախ ենք, որ կարողացել ենք նման ակտիվություն առաջացնել։

Մենք նախարարությանը ներկայացրել ենք բոլոր գիտական փաստերը, թե ինչու է այդ արգելքն անհրաժեշտ։ Այստեղ կա նաև մեր երկրի հեղինակությանը խնդիրը, թե ինչքանով հեղափոխական կլինի բնապահպանությունը մեր երկրում։ Ես շատ եմ կարևորում նաև էկոկրթությունը, իմ անձնական կարծիքով ցանկացած կրկես սխալ մեսիջ է փոխանցում երեխաներին, երիտասարդներին, ովքեր այցելում են։ Եթե մենք ուզում ենք վայրի կենդանիներին պահել իրենց բնական միջավայրում, ապա կենդանինների նկատմամաբ այդ դաժան վերաբերմունքը, կենդանուն ծաղրելը, օգտագործելը, որպեսզի ինչ-որ գործողություններ իրականացնի, որը անհարմար է իր բնական վարքագծին, չի կարող ճիշտ սերունդ կրթել։ 

- Նշեցիք, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից դրական արձագանքներ եք ստացել։ Արդյո՞ք նախարարությունը պատրաստվում է օրենքի նախագիծը ներկայացնել՝ դրա մեջ ներառելով նաև  Ձեր առաջարկների փաթեթը, թե դուք պետք է դիմումներով հանդես գաք։

- Խոսքը գնում է այն մասին , որ մեր առաջարկը ընդհանուր հավանության է արժանացել։ Ճիշտն ասած չգիտեմ, թե ինչ տարբերակով կգնա օրենքի նախագիծը, բայց կարող եմ ասել, որ մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, թե այն տեսանկյունից, որ նախարարության կողմից ֆիքսվի մեր առաջարկը, թե հետագայում, որպեսզի պագմավորները տեղյակ լինեն, որ այս փոփոխությունները հանրության  պահանջն են։

-  Արդյո՞ք Դուք ունեք ալտերնատիվ առաջարկ, թե ի՞նչ այլընտրանքային մեթոդներ կարող Է կիրառել կրկեսը։

- Այո՛, կա ալտերնատիվ տարբերակ։ Նախ նշեմ, որ հարյուրից ավել երկրներում կա նման արգելք, և մենք հեծանիվ չենք հորինում։ Ամբողջ աշխարհն է գնում դրան, որ կենդանիների շահագործում չլինի։ Այլընտրանքները բազմաթիվ են։ Օրինակ՝ Գերմանիայի կրկեսում հոլոգրամաներ են օգտագործում և հոլոգրաֆիկ տարբերակով ստանում են այդ նույն կենդանիներին, և երեխաները  ավելի մեծ հրճվանք են ստանում, քանի որ դա նաև նորարարական է։

Ես հասկանում եմ, որ երեխաների համար դա միգուցե հաճելի լինի, որ դրանք իրական վայրի կենդանիներ են, բայց իրականում այստեղ խնդիրը ավելի խորքային է։ Ի՞նչ ենք մենք սովորեցնում։ Սովորեցնում ենք երեխային, որ կենդանին պետք է լինի իր բնական միջվայրում, և մենք պետք է նրան պահպանենք, թե կենդանին լինի կրկեսում և կտտանքների ու տանջանքների արդյունքում դառնա ծաղրածու։ Հարցը այդտեղ է, ես համոզված եմ, և աշխարհում նույնպես կա այդ պրակտիկան, որ, եթե կրկեսում չլինեն վայրի կենդաներների, կրկեսը դրանից չի տուժի։

Ես գիտեմ, որ միլիոնավոր դոլարներ են ներդրել շենքը վերանորոգելու համար և չեմ կարծում, որ մի քանի հարյուր հազար դոլար ներդնելը և նոր լուծումներով նոր ծրագիր ստանալը անհնար է։ Հատկապես, երբ մեզ մոտ IT ոլորտը զարգացած է և կարող ենք դիմել մեր մասնագետներին, ովքեր էլ կառաջարկեն այդ լուծումները։ Այսինքն՝ կարող ենք գնալ այնպիսի լուծումների, որ կրկեսի այդ «բացը» լրացվի։

Այլ խնդիր է, որ մեր կրկեսում, ինչպես նաև շատ ոլորտներում դեռ խորհրդային ավանդույթներն են, և մարդիկ մտածում են, որ առանց դրա հնարավոր չէ, բայց մինչև այս պահը, որ կրկես չունենք աշխարհը փուլ է գալիս։ Հիմա կունենանք կրկես, որտեղ վայրի կենդանիներ չեն լինի։ Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Նորից ուզում եմ հստակեցնել, որ մենք կրկեսի դեմ չենք։ 

- Քանի որ Ձեր ստորագրահավաքը հասարակական լայն արձագանք է ստացել, արդյո՞ք կրկեսի ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ քննարկում ունեցել եք։ Ի՞նչ դիրքորոշում ունեն իրենք։

- Քննարկում, բանավեճ չի եղել։ Միայն եղել են լրատվամիջոցների հրապարակումներ, որտեղ կրկեսի տնօրինությունը ներկայյացրել է իր կարծիքը։ Իհարկե, նրանք գտնում են, որ կենդանիները կրկեսի կարևոր բաղադրիչն են, բայց չեն առարկում մեր առաջարկին։ Այսինքն՝ եթե հանրությունը և պետությունը որոշում է, որ վայրի կենդաներիներ չպետք է լինեն, ապա նրանք խնդիր չեն տեսնում։  Մենք շատ գոհ ենք նաև հանրության ակտիվությունից, շատ կարևոր է ցույց տալ, որ հասարակության մեծ մասն է կողմ այս գաղափարին։ Իհարկե, հասկանում ենք, որ հակառակ կարծիքներ նույնպես կլինեն։

Ասպամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել