Ունենք կորոնավիրուսի 2 օջախ․ մեկը տուն-ինտերնատն է, մյուսը՝ մանկատունը․ Արսեն Թորոսյան
 |armtimes.com|
20:34 - 27 մայիսի, 2020

Ունենք կորոնավիրուսի 2 օջախ․ մեկը տուն-ինտերնատն է, մյուսը՝ մանկատունը․ Արսեն Թորոսյան |armtimes.com|

armtimes.com: Համավարակը հատեց մանկատան եւ տարեցների տուն-ինտերնատի սահմանները. ո՞րն է պատճառը, դա ո՞ւմ թերացումն էր, եւ ինչպե՞ս են հիմա նշված հաստատությունների շահառուները։ Եթե դիմակ չկրելու համար քաղաքացին տուգանքի է ենթարկվում, ապա այս դեպքում ի՞նչ պիտի արվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

Արսեն Թորոսյանը նշեց, որ հնարավոր չէր բացառել վարակի ներթափանցումը 100 տոկոսով, քանի որ մարդիկ պետք է գնային տուն, գային։ Նախարարը հայտարարեց նաեւ, որ, առհասարակ, փակ հաստատությունները ամենախոցելի տեղն են հենց իրենց առողջական վիճակի եւ քիչ շարժունակության պատճառով:

«Դժբախտաբար, ունենք 2 նման օջախ. մեկը տուն-ինտերնատն է, մյուսը՝ մանկատունը»,- ասաց Թորոսյանը։ Անդրադառնալով մանկատան երեխաների վիճակին՝ նախարարն ընդգծեց, որ վարակը երեխաների համար ավելի քիչ է վտանգ ներկայացնում։ Այնուամենայնիվ, հատուկ բժշկական պոստ է տեղադրվել մանկատանը՝ մշտական բժշկի ներկայությամբ, որպեսզի տեղի ունենա մշտական հսկողություն եւ կարիքի դեպքում՝ հոպիտալիզացիա։

Տուն-ինտերնատի պարագայում Թորոսյանը հայտարարեց, որ սկզբում նույն մեխանիզմով էին աշխատում՝ մինչեւ պարզեցին բոլոր վարակված անձանց, այնուհետեւ այն քաղաքացիները, որոնք ունեին հիվանդանոցային բուժման կարիք, տեղափոխվեցին հիվանդանոց, ոմանք էլ, որոնք թեթեւ են տանում հիվանդությունը, տեղափոխվեցին հյուրանոցային հաստատություններ։ Թորոսյանը հայտնեց, որ շուտով կլինեն դուրսգրումներ դեպի մշտական բնակության վայր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել