armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մայիսի 27-ին որոշել է եւս երկու ամսով երկարաձգել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:

Հիշեցնենք՝ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նա կալանավորված է 2019 թվականի դեկտեմբերից եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը նշեց, որ դատարանի այդ որոշումը ուղղակիորեն հակասում է Վերաքննիչ դատարանի՝ նույն գործով ուժի մեջ մտած դատական ակտին: Բանն այն է, որ նախորդ անգամ կալանավորման ժամկետը երկարաձգելիս նույն դատարանն իր որոշման հիմքում դրել էր ոչ միայն քննությունից թաքնվելու, խոչընդոտելու ռիսկերը, որոնց պաշտպանական կողմը դարձյալ համաձայն չէր, այլ որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, որոնք, ըստ պաշտպանի, չեն առնչվում Լոռեցյանին առաջադրված մեղադրանքին եւ կապ չունեն կաշառք հոդվածի հետ.

«Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, թեեւ մերժեց այդ որոշման դեմ մեր բողոքը, այնուամենայնիվ, անդրադարձավ այն հարցին, որ պարոն Լոռեցյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում մի բանի համար, որի վերաբերյալ իրեն մեղադրանք առաջադրված չէ, եւ այդ հիմքով կալանքի ժամկետը երկարացնելը դատարանը համարեց անընդունելի: Սակայն կալանավորման ժամկետը երկարաձգելու նոր որոշման հիմքում դատարանը դարձյալ դրել է չառաջադրված մեղադրանքի կապակցությամբ կատարվելիք քննչական գործողությունների անհրաժեշտությունը»,- նշեց Սահակյանը՝ պնդելով, որ նախաքննական մարմինը փորձում է ամեն կերպ այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել.

«Մեղադրանք չեն առաջադրում, որովհետեւ գիտեն, որ դա ճակատագիր ունենալ չի կարող, բայց մեր գնահատմամբ՝ նախաքննական մարմինը շտապել էր կոռուպցիայի մեղադրանք առաջադրելու հարցում, եւ հետագայում հասկանալով, որ այդ մեղադրանքը անհիմն է, ամեն կերպ փորձում է այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել, որպեսզի, այսպես ասած, խայտառակ չլինի»: Հարցին՝ այդ նոր հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ Գեւորգ Լոռեցյանը ցուցմունք տվե՞լ է, Սահակյանը պատասխանեց, որ Լոռեցյանն առհասարակ որեւէ ցուցմունք չի տվել՝ առայժմ չցանկանալով բացահայտել, թե խոսքը ինչ հոդվածի մասին է.

«Այս վեց ամսվա ընթացքում հիմնական գործողությունները, որ կատարվել են, վերաբերել են այդ մյուս հոդվածին, օրինակ՝ նշանակվել է փորձաքննություն, որը կաշառքի մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունի, այլ կապ ունի այն ենթադրյալ մեղադրանքի հետ, որը ցանկանում են առաջադրել, բայց չեն առաջադրում, այսինքն՝ ուղղակիորեն խախտվում է պարոն Լոռեցյանի արդար դատաքննության իրավունքը, որովհետեւ եթե անձին մի հոդվածով մեղադրանք առաջադրված չէ, ապա դրա շահարկմամբ նա չի կարող ազատությունից զրկվել, դրանից բացի, մեղադրանքը նրան չի պարզաբանվել, ուստի խախտվում է նաեւ պաշտպանության իրավունքը, որովհետեւ մինչ անձը չիմանա՝ ինչում է մեղադրվում, չի կարող արդյունավետ պաշտպանվել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ վեց ամիս օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, եւ չեն կարողանում հիմնավորել ինչ-որ մի մեղադրանք:

Պաշտպանի գնահատմամբ՝ դատարանի այս որոշումը խախտում է նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումը՝ կապված կալանավորման ժամկետների հետ։

Շարունակությունը՝ armtimes.com-ում