Արցախի ԱԺ նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ
17:01 - 30 մայիսի, 2020

Արցախի ԱԺ նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում հանդիպումները, մայիսի 30-ին այցելել է «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության Ստեփանակերտի գրասենյակ և հանդիպել կուսակցության ղեկավար մարմնի անդամներին:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը խոսել է համազգային՝ Արցախյան հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում և առաջնագծի ու անվտանգության հարցերի շուրջ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության առաջարկի մասին:

ԱԺ նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ Արցախի Հանրապետության զարգացումը տեսնում է անկախ պետականության պայմաններում՝ առջևում ունենալով Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորվելու տեսլականը:

Կուսակցության համակարգող Գագիկ Եսայանը, կարևորելով նոր ձևաչափով հանդիպումների անցկացումը, անդրադարձել է առաջարկվող օրակարգային հարցերին և ներկայացրել կուսակցության դիրքորոշումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բանակցային գործընթացին և համագործակցության հեռանկարներին առնչվող թեմաներ:

ԱԺ նախագահը հաջորդիվ ընդունել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության անդամներին՝ կուսակցության նախագահ Էրիկ Մկրտումյանի գլխավորությամբ:

Հանդիպմանն Արթուր Թովմասյանը խոսել է արտախորհրդարանական ուժի հետ հնարավոր համագործակցության ուղղությունների մասին՝ ներկայացնելով առաջարկություն՝ համազգային օրակարգի և ԱԺ բարեկամական խմբերի ու շրջանակների կազմում ընդգրկվելու վերաբերյալ:

Կուսակցության նախագահ Էրիկ Մկրդումյանը, շնորհավորելով ԱԺ նորընտիր նախագահին և շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել համագործակցել երկրի զարգացմանն ուղված տարբեր հարցերի ՝ այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում:

Շարունակելով հանդիպումները, խորհրդարանի ղեկավարն այնուհետև ընդունել է Արցախի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Բարդուղ Գալստյանին և կուսակցության ներկայացուցիչներին:

Երկուստեք կարևորվել է համազգային նշանակության, ինչպես նաև երկրի կենսագործունեության ապահովման այլ հարցերում իշխանություն-ընդդիմություն փոխգործակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել