ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը բողոքի ցույցերի, բռնությունների ալիք է բարձրացրել |azatutyun.am|
19:25 - 30 մայիսի, 2020

ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը բողոքի ցույցերի, բռնությունների ալիք է բարձրացրել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը բողոքի ակցիաներ, ցույցեր, անկարգություններ է առաջացրել, որոնք արդեն 4 օր շարունակվում են։

Երեկ երեկոյան ցուցարարների մի խումբ Վաշինգտոնում հավաքվել էին Սպիտակ տան դիմաց։ «Իմ սիրտը կոտրված է, ինչ է կատարվում, և դա տեղի է ունենում բազմաթիվ անգամ», - ասել է ցուցարարներցի մեկը։

Սպիտակ տան մերձակա այգում նրանք երթ են անցկացրել բացականչելով․ «Չկա արդարություն՝ չկա խաղաղություն»:

Այսօր առավոտյան Վաշինգտոնում տեղակայվել են ազգային գվարդիայի ծառայողներ:

Մայիսի 25-ին Մինեապոլիսում 46 -ամյա Ջորջ Ֆլոյդի մահվան համար ցուցարարները մեղադրում են ոստիկաններին։ Ոստիկաններից մեկը ծնկով նրան սեղմել էր գետնին ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած գետնին սեղմված Ֆլոյդն ասում էր, թե չի կարողանում շնչել։ Արդեն նախկին ոստիկանը՝ Դերեկ Շովինը ձերբակալվել է, ավելի վաղ նա ու միջադեպին մասնակցած ևս երեք ոստիկան աշխատանքից հեռացվել են։

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում անցկացվող բողոքի ակցիաները ուղեկցվում են բռնություններով։

Դետրոյթում 19-ամյա երիտասարդ է զոհվել, երբ մեքենայի մեջից կրակել են ցուցարարների ուղղությամբ։ Քարի հարվածից ոստիկանության սպա է վիրավորվել, նա տեղափոխվել է հիվանդանոց։

Պորտլանդում ցուցարարները ներխուժել են ոստիկանության բաժանմունք, հրդեհել՝ տարածքը։ Մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ատլանտայում ոստիկանական մեքենաներ են հրկիզվել, ցուցարարները քարեր, տարբեր առարկաներ են նետել CNN -ի կենտրոնակայանի ուղղությամբ։ Ջորջիայի նահանգապետը այսօր արտակարգ դրություն է հայտարարել։

Նյու Յորքում, Բրուքլինում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Վիրավորների թվում ոստիկաններ կան, մոտավորապես 50 ցուցարար բերման է ենթարկվել։

Մինեապոլիսում, որտեղ մահացել է Ջորջ Ֆլոյդը, անկարգությունները զսպելու համար ազգային գվարդիայի 500 ծառայող է տեղակայվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել