Ջորջ Ֆլոյդի մահից հետո առաջացած բախումների հետևանքով ամերիկյան մի շարք քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել  |tert.am|
14:00 - 31 մայիսի, 2020

Ջորջ Ֆլոյդի մահից հետո առաջացած բախումների հետևանքով ամերիկյան մի շարք քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել |tert.am|

tert.am: ԱՄՆ մի շարք քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել այն բանից հետո, երբ ոստիկանի կոպիտ պահվածքի հետևանքով Մինեապոլիս քաղաքում մահացել է սևամորթ Ջորջ Ֆլոյդը: Սա բերել է զանգվածային բողոքի ակցիաների ԱՄՆ մի շարք քաղաքներում, որոնք վերաճել են բախումների իրավապահ ուժերի հետ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Անկարգություններից ամենաշատը տուժած քաղաքներից մեկը Լոս Անջելեսն է: Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը պարետային ժամ է հայտարարել քաղաքում և պատրաստության է բերել Ազգային գվարդիան` արտակարգ իրավիճակում միջամտելու համար:

Քաղաքում անկարգությունների ընթացքում խանութներ են թալանվել, այդ թվում շատ հայտնի Մելռոուզ և Ֆեյրֆաքս փողոցներում, տեղի են ունեցել հրկիզումներ: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել և մահակներով հարվածել է ցուցարարներին, 100-ավոր ձերբակալություններ են տեղի ունեցել:

Նյու Յորքում ոստիկանական մեքենան մխրճվել է ցուցարարների շարքի մեջ` նրանց ցրելու նպատակով: Քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն ասել է, որ իրավիճակի մեղավորը ցուցարարներն են եղել, սակայն իր հերթին կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը նշել է, որ քաղաքապետի մեկնաբանություններն անընդունելի են և նա չպետք է արդարացնի ոստիկաններին:

Չիկագոյի քաղաքապետ Լորի Լայթֆութը նույնպես պարետային ժամ է հայտարարել քաղաքում:

Ատլանտայում պարետային ժամ հայտարարելուց հետո ցուցարարները մնացել են փողոցներում, վնասելով տրանսպորտային միջոցներն ու մասնավոր սեփականությունը: Նման անկարգություններ են տեղի ունեցել նաև Ինդիանապոլիսում, Ֆիլադելֆիայում, Պորտլանդում, Սան Ֆրանցիսկոյում և այլ քաղաքներում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել