Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել |hetq.am|
19:26 - 31 մայիսի, 2020

Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել |hetq.am|

hetq.am: Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր լինելով, ԱՄՆ-ում նոր ընկերություն է հիմնել: Ա. Նազարյանի ընկերությունները Հայաստանում բազմաթիվ պարտքեր են կուտակել գործընկեր կազմակերպություններին, դատարաններում դրանցից մի քանիսը սնանկ են ճանաչվել ու հետո լուծարվել, բայց պարտքերի մի մասն այդպես էլ չի մարվել: Ավելին՝ սնանկ է ճանաչվել նաեւ ինքը՝ Արմեն Նազարյանը, մեկ այլ վճռով սնանկ է հայտարարվել նրա մայրը՝ Նելլի Նազարյանը, ով եւս ընկերությունների սեփականատեր է եղել:  

Հիշեցնենք, որ Երեւանի երկարամյա ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանն աշխատանքից ազատվել է 2013-ին, իսկ 2016-2018 թթ. զբաղեցրել է ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ-Երեւանի փրկարար վարչության պետի պաշտոնը: Ոստիկանությունից ազատվելուց հետո Նազարյանների բիզնեսներն սկսեցին անկում ապրել, մամուլն էլ պարբերաբար գրում էր, որ նրանք ԱՄՆ են արտագաղթելու:

Բաց աղբյուրներում առկա են տվյալներ Արմեն Նազարյանի, նրա մոր եւ քրոջ ամերիկյան հասցեների մասին: Նկատենք, որ Ներսես Նազարյանի դուստրը՝ Նինան, 2017-2019 թթ. ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանի կինն է, Արթուր Մանուկյանն իր հերթին նախկին պատգամավոր (2003-2007 եւ 2012-2017 թթ.), առողջապահության նախկին փոխնախարար (2007-2010 թթ.) Աբրահամ Մանուկյանի որդին է:

Նազարյանների հայաստանյան բիզնեսները

Արմեն Նազարյանը Հայաստանում մասնակցություն է ունեցել 12 ընկերություններում: Ասել, թե դրանց վրա չի եղել նրա գեներալ հոր ազդեցությունը, բնականաբար, միամտություն կլինի: Ավելին՝ սրանցից 5-ը լուծարվել են 2013-ի ապրիլից հետո, երբ պաշտոնանկ արվեց Ն. Նազարյանը: Ըստ ՊԵԿ-ի՝ Ա. Նազարյանի ընկերություններից 3-ի գործունեությունը ներկայում ժամանկավոր դադարեցված է, իսկ մնացած 4-ը գործում են:

Ահա այդ ընկերությունները՝

 

Ինչպես տեսնում ենք, ընկերությունների մեծ մասը հիմնադրվել է 2000-ականների ընթացքում եւ մինչեւ 2013 թ., այսինքն՝ Ն. Նազարյանի պաշտոնավարման ընթացքում: Լուծարված ընկերություններից 3-ը դատարանի կողմից սնանկ են ճանաչվել: Դրանք են «Բիզնես Լիդեր Հոլդինգ», «Ֆուդ Լիդեր» եւ «Ռեստո Լիդեր» ՍՊԸ-ները:

Արմեն Նազարյանի ընկերությունները սնանկացել են, որոշ պարտատերեր՝ մնացել ձեռնունայն

«Բիզնես Լիդեր Հոլդինգը» «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը շահագործած ընկերությունն է: Սնանկ է ճանաչվել 2015-ի սեպտեմբերին «Ամերիաբանկի» պահանջով: Ընկերությունը 2014 թ. 1.355.000 դոլարի վարկ էր վերցրել բանկից, որը պետք է մարեր 5 տարում, սակայն 2015-ից սկսել է չվճարել, ինչն էլ դարձել է դատարան դիմելու պատճառ: Սնանկության վճռից հետո Արմեն Նազարյանի ընկերության շուրջ 60 պարտատերերը՝ բանկերը, մատակարարներն ու այլ ընկերություններ, պետական մարմիններ, հերթ են կանգնել՝ իրենց գումարները ստանալու համար: Լուծարման վարույթում գտնվող «Բիզնես Լիդեր Հոլդինգի» սեփական, ինչպես նաեւ նրա պարտավորությունների համար գրավադրված, բայց երրորդ անձանց պատկանող անշարժ ու շարժական գույքը հանվել է վաճառքի: Վաճառվել է 12 լոտ (այդ թվում՝ առանձնատուն, հողամաս, 2 միավոր տարածք Երեւանում, հողամաս Առինջ գյուղում, 2 բնակելի տուն Կարբի գյուղում), ինչի արդյունքում, սակայն, վճարումներ են կատարվել միայն 5 պարտատիրոջ, գոյացած գումարի մի մասով էլ փակվել են այլ ծախսեր: Նույնիսկ հետախուզում հայտարարելուց հետո այդպես էլ չեն հայտնաբերվել «Բիզնես Լիդեր Հոլդինգի» անունով հաշվառված մեքենաներից 5-ը (սրանցից 4-ը՝ հին մակնիշի): Առկա լոտերը վաճառելուց եւ գումարները բաշխելուց հետո 2019 թ. դատարանը որոշել է ավարտել սնանկության գործը, «Բիզնես Լիդեր Հոլդինգը» լուծարվել է:

Հետաքրքիր է, որ 2015-ի սեպտեմբերի նույն օրը նույն դատավորը «Բիզնես Լիդեր Հոլդինգի» նման սնանկ է հայտարարել Արմեն Նազարյանի «Ռեստո Լիդեր» ընկերությանը: Դիմողը կրկին «Ամերիաբանկն» էր: Վերջինս 2013-2015 թթ. 3 անգամ վարկ էր տվել Երեւանի նախկին ոստիկանապետի որդու ընկերությանը՝ ընդհանուր ավելի քան 1,5 մլն դոլարի չափով: Սնանկությունից հետո հայտնվել են այլ պարտատերեր եւս, հիմնականում՝ մատակարարներ: Պարզվել է, որ «Ռեստո Լիդերի» պարտավորությունների համար գրավադրված է 2 անշարժ (այդ թվում՝ բնակարան Հյուսիսային պողոտայում) եւ 28 միավոր շարժական գույք: Դրանք իրացվել են, բայց ստացված գումարները բավարար չեն եղել՝ բոլոր պարտատերերի պարտքերը մարելու համար: 2018-ին սնանկության գործն ավարտվել է, իսկ «Ռեստո Լիդերը»՝ լուծարվել:   

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել