Արցախ. քաղաքական նպատակահարմարության հաղթարշավը |acnis.am|
19:38 - 31 մայիսի, 2020

Արցախ. քաղաքական նպատակահարմարության հաղթարշավը |acnis.am|

acnis.am: Դատելով սոցցանցերում ընթացող բանավեճերից, հայ հանրությունն ավելի ու ավելի է խճճվում Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացների թնջուկում: «Արցախում հեղափոխություն տեղի չունեցավ, բայց եւ հակահեղափոխություն տեղի չունեցավ»` վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս թեւավոր խոսքը ամենալավն է բնորոշում այն վիճակը, որը կարելի է պերմանենտ քաղաքական դիֆուզիա անվանել: Բոլոր հայտնի քաղաքական գործիչների գործողություններում որեւիցե արժեքային կողմնորոշիչի իսպառ բացակայությունն այդ գործընթացի բնորոշ գիծն է:

Ամենեւին պատահական չէ, որ հանրությունը ոչ մի կերպ չկարողացավ հասկանալ, թե ինչու Արցախի նոր նախագահն իր երդմնակալության վայրը մայրաքաղաքից տեղափոխեց Շուշի: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ովքեր են փողոցում սուլում նրա երդմնակալության ճառի ժամանակ` բողոք հայտնելով սոցիալական հեռավորության եւ կարանտինի բոլոր պահանջների համար: Էլ ավելի շփոթեցուցիչ էր շենքը շրջապատած հարյուրավոր ոստիկանների ու այնտեղ բերված, կայանեցված հարյուրավոր թանկարժեք ավտոմեքենաների առկայությունը:

Ո՞վ էր այդպես վախեցնում նախագահին ու նրա շրջապատին: Դիմակներով ու ցուցապաստառներով շարք կազմած ցուցարարների մեջ շատերը տեսնում էին Նիկոլ Փաշինյանի հակառակորդներին: Ինչ-որ մեկը կարծիք հայտնեց, որ Փաշինյանն ինքն է այդ ակցիան կազմակերպել ինչ-ինչ նպատակներով: Իսկ մեկ ուրիշն ընդհանրապես եզրահանգեց, որ դրանք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են, չնայած ակցիայի անդամները Արայիկ Հարությունյանին անվանում էին «քոչարյանասերժական ռեժիմի» շարունակող: Այնքան էլ շատ չէր նրանց թիվը, ովքեր ենթադրում են, թե Հարությունյանին կարող էին սուլել Արցախում անցկացված ընտրություններից դժգոհ հասարակ քաղաքացիները: Ամենուրեք փնտրում էին ինչ-որ մեկի «ականջները»:

Այլ բան չէր էլ կարող լինել: Այդ օրվա իրադարձությունները լավագույնս ցուցադրեցին Արցախի քաղաքական իրողությունների խեղաթյուրված ընկալումը: 2018-ի «թավշյա» հեղափոխությունից հետո անցած երկու տարվա ընթացքում տարբեր կողմերից հայ հանրությանը ներշնչում էին Արցախում քաղաքական ուժերի փոխդասավորության յուրօրինակ պատկեր: Ընդհանուր տեսքով այդ պատկերը կառուցվում էր «հակահեղափոխական» եւ «հեղափոխականամետ» ուժերի դիմակայության հայեցակետի վրա: Ցանկացած գործչի բնութագիրը տրվում էր բացառապես այդ կլիշեներով: Համընկնո՞ւմ էր արդյոք այդ բնութագիրը գործերի իրական վիճակի հետ, թե ոչ, քչերին էր հուզում:

Շուշիում բողոքավորների նույնականացման համար տվյալ կիշեի կիրառման փորձը բացահայտեց դրա սնանկությունը: Համապատասխանաբար` իրավիճակն ի հայտ բերեց որոշակի առեղծվածայնություն: Բայց ոչ մի առեղծվածայնություն էլ չկա` կա կեղծ համոզմունքների թելադրանքի միջոցով իրողությունների աշխարհից   հասարակական գիտակցության կտրվածություն: Մարդիկ ավելի ու ավելի խորն են սուզվում պատրանքների աշխարհում: Չափից ավելի խճճված որոշումներ ընդունվեցին եւ ընդունվում են այդ օրերին ու ամիսներին: Եվ չափից ավելի քիչ պարզաբանումներ են տրվում ընդունված որոշումների էության ու շարժառիթների վերաբերյալ` տեղի ունեցող ամեն ինչ բացատրվում է միասնության եւ ազգային շահերի գերակայության ձգտումներով: Իրականում մենք գործ ունենք վերոհիշյալ քաղաքական դիֆուզիայի հետ: Քաղաքական նպատակահարմարությունն աննախադեպ ծավալներով վեր է կանգած արժեքային ցանկացած կողմնորոշիչներից:

Հետհեղափոխական ողջ ժամանակաշրջանը դրա վկայությունն է: Իսկ համապետական ընտրությունների անցկացման շրջանում Արցախը քանիցս բախվել է այնպիսի երեւույթների, որոնց էությունը մինչեւ հիմա մեկնաբանված չէ: Նախ` տարակուսանք հարուցեց Սամվել Բաբայանի հետ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի անսպասելի միությունը: Հասարակությունում միանշանակ չընկալվող Բաբայանը ընդդիմադիր լինելու պատճառով հասարակության զգալի մասի կողմից ընդունվեց բացառապես իբրեւ իշխանական թեկնածու Արայիկ Հարությունյանին կոշտ հակադրված կերպար: Բայց նրան Մայիլյանի զինակից պատկերացնելը շատերի համար բարդ էր` չափազանց մեծ աններդաշնակություն էր ստացվում Բաբայանի կերպարի հետ նոր Արցախի կառուցման գաղափարը զուգադրելիս: Բայց շփոթահար մարդիկ ինչ-որ կերպ կուլ տվեցին այդ աններդաշնակությունը` հուսալով, որ միգուցե լավ լինի:

 

Մանվել Սարգսյան

Շարունակությունը՝ acnis.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել