Զանգվածային անկարգությունների պատճառով ԱՄՆ մի շարք քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ |hetq.am|
21:14 - 31 մայիսի, 2020

Զանգվածային անկարգությունների պատճառով ԱՄՆ մի շարք քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ |hetq.am|

hetq.am: Մինեսոտա նահանգի նահանգապետը հայտարարել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան արդյունքում առաջացած բողոքի ցույցերը, որոնք ընթանում են ԱՄՆ մի շարք քաղաքներում, արդեն կապված չեն սպանության հետ, այլ հրահրվում են ժամանած արմատականների կողմից։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Անընդհատ ընթացող անկարգությունների ֆոնին՝ ԱՄՆ մի շարք քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ։

Ի սկզբանե Մինեապոլիսում, այնուհետև՝ Վաշինգտոնում, Ատլանտայում, Նյու Յորքում և ԱՄՆ մյուս քաղաքներում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, չնայած որ հայտարարվել էր ոստիկանության աշխատակից Դերեք Շովինի ձերբակալության մասին։ Հենց նա էր մահացու հարված հասցրել Ֆլոյդին՝ ծունկը դնելով վերջինիս վզին։ 44-ամյա Շովինին մեղադրանք է առաջադրվել երրորդ աստիճանի սպանության համար (այսինքն, չկանխատեսված սպանություն՝ ուժի կիրառման միջոցով)։ Մինեսոտա նահանգի օրենքներով՝ նման հանցագործության համար սահմանված է պատիժ մինչև 25 տարվա ազատազրկում։ Մյուս երեք ոստիկանների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։ Ցուցարարները պահանջում են նրանց ևս կալանավորել։

Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսը շաբաթ օրը՝ մայիսի 30-ին, չորս օր տևած անկարգություններից հետո, հայտարարել է Ազգային գվարդիայի նահանգի տարածքում տեղակայված ուժերի համընդհանուր մոբիլիզացիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա առաջին նմանատիպ դեպքն է Մինեսոտայում։ Նա հայտնել է, որ մայիսի 30-ին հնարավոր է հուզումներն ավելի թեժանային, քանի որ նահանգ են ժամանել պառակտիչներ և բռնություն քարոզողներ, որոնք ցանկանում են խարխլել անդորրը Մինեսոտայում։

Նույն օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆլոյդի մահը սարսափ, ցասում և թախիծ է առաջացրել ամերիկացիների մոտ։ Այդ մասին նա հայտարարել է Քանավերալի ծայրակետում տեղի ունեցած հեռուստաուղերձի ժամանակ, որը նվիրված էր «Dragon» տիեզերանավի թռիչքին։ Թրամփը խստորեն քննադատել է «թալանչիների և անարխիստների գործողությունները»՝ հայտարարելով, որ պետք է բուժել վերքերը, այլ ոչ թե տարածել ատելություն և քաոս։ Նա խոստացել է հակահարված հասցնել ագրեսիվ ամբոխներին։

Նահանգապետ Ուոլսի վարկածով՝ կողմնակի անձանց կողմից կառավարվող խումբը, որոնց մեջ առկա են նաև սպիտակ ռասայի գերակայության կողմնակիցներ և նարկոկարտելների անդամներ, բռնություններ են հրահրել Մինեապոլիսում։ Երբ լրագրողները խնդրել են տրամադրել ապացույցները, վերջինս չի ներկայացրել։ Նահանգապետի խոսքերով՝ ձերբակալվածների 80 %-ը ժամանել են այլ նահանգներից, Մինեսոտայի միայն 8 բնակիչներ են հայտնվել Հենեփին շրջանի բանտում և հստակ չէ, թե արդյոք նրանք բոլորը կապ ունեն Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների հետ։

Թրամփի վարչակազմն իր հերթին առաջ է քաշել վարկած այն մասին, որ անկարգությունների հետևում կարող են կանգնած լինել ոչ թե ծայրահեղական աջերը, այլ՝ ծայրահեղական ձախերը։ ԱՄՆ Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել է, որ բազմաթիվ վայրերում անկարգությունները կազմակերպվում են անարխիստների և ձախ ծայրահեղական խմբերի կողմից։ Բարը հայտարարել է, որ նրանք ժամանում են այլ նահանգներից և բռնություն են քարոզում։ Թրամփն իր հայտարարության մեջ հիշատակել է հակաֆաշիստական շարժումը և ձախ արմատական այլ խմբավորումներ։

Դեռ մայիսի 27-ից Մինեապոլիս քաղաքում հայտարարվել է պարետային ժամ, սակայն մայիսի 28-ի ցույցերի մասնակիցներն անտեսել են այն։ Դրանից հետո նահանգապետ Ուոլսը հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ մոբիլիզացրել է Ազգային գվարդիայի նահանգում տեղակայված բոլոր ուժերը։ Խոսքը գնում է մոտ 13 000 մարդու մասին։ Պենտագոնում էլ հայտարարել են, որ ռազմական ոստիկանության ուժերը պատրաստ են աջակցել Մինեսոտայի իշխանություններին, եթե նրանք նման դիմումով հանդես գան։ «The New York Times»-ը գրում է, որ նահանգապետը մերժել է այդ առաջարկը։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել