Ուզում եմ անդրադառնալ վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության  կողմից արվող հայտարարություններին, ընդ որում ամենաբարձր ղեկավարության կողմից արվող։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Խմբակցության ղեկավարը իր ելույթում մասնավորապես նշեց․

«Օրերս Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ է հանդես եկել, ինչին հաջորդել է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որտեղ նախարարը, ըստ էության, հայտարարել է, որ 2016 թվականին ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից։ Ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես 90-ականներին, 2016-ին, այնպես էլ ցանկացած պահի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին։ Մենք՝ մեր ապրելու իրավունքի առաջ չենք ընկրկելու՝ անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքների տարբերություններից։ Այդուհանդերձ մեր կարևոր խնդիրն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հայտարարությունների վրա, որովհետև Ադրբեջանը շարունակաբար խախտում  է Մինսկի խմբի կողմից սահմանաված երեք սկզբունքներից մեկը։ Այն է՝ ուժի և ուժի սպառնալիքի  բացառման սկզբունքը։ Իմ համոզմամբ, միջազգային հանրությունը, և առավել ևս այն միջազգային կազմակերպությունները, որոնք պատասխանատու են  աշխարհում խաղաղության պահպանման համար այս օրերին  Covid-19- ը համավարակի հետ կապված լրացուցիչ  հայտարարություններով։  Չպետք է անտարբեր լինեն այդ հայտարարությունների հանդեպ, որովհետև անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը և նոր էսկալացիայի հանգեցնել տարածաշրջանում, ուժգին պատասխան, արձագանք է ստանալու և  աղետալի հետևանքներ է ունենալու առաջին հերթին Ադրբեջանի համար»։