ԱԺ-ն չընդունեց թոշակների անկանխիկ վճարման անցնելու նախագիծը, այն ուղարկվեց առաջարկությունների փուլ |armenpress.am|
12:04 - 01 հունիսի, 2020

ԱԺ-ն չընդունեց թոշակների անկանխիկ վճարման անցնելու նախագիծը, այն ուղարկվեց առաջարկությունների փուլ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում  է ներդնել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակ:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 1 «կողմ», 105 «դեմ» և 7 «ձեռնպահ»  ձայներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն ինքն էր հորդորել նախագծին դեմ քվեարկել, ուղարկել առաջարկությունների ներկայացման փուլ, նախագծում պետք է կատարվեն ժամկետների փոփոխություններ:

Մասնավորապես, նախատեսվում է որպես կենսաթոշակի վճարման հիմնական եղանակ սահմանել անկանխիկ եղանակը՝ բանկային հաշվի միջոցով վճարման եղանակը՝ բացառություններ սահմանելով որոշակի կատեգորիայի անձանց համար: Բացառությունների շրջանակում անձինք կարող են իրենց կենսաթոշակը ստանալ իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Օրինակ, եթե կենսաթոշակառուի 75 տարին լրացել է, կամ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կամ, այլ կերպ ասած, քաղաքացին ունի շարժունակության խնդիր, ապա նրա դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

Քվեարկությունից հետո հիմնական զեկուցող Սմբատ Սաիյանն առաջարկեց նախագիծը վերադարձնել գրավոր առաջարկների ներկայացման փուլ, որպեսզի հետո լրամշակված տարբերակը ներկայացնեն: Որոշման նախագիծը քվեարկության դրվեց առանց քննարկմանը: Այն քվեարկությամբ ստացավ 84 «կողմ», 9 «դեմ» և 17 «ձեռնպահ»  ձայներ, այսպիսով ընդունվեց, և նածագիծն ուղարկվեց առաջարկությունների ստացման փուլ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել