Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է 2019 թվականի կատարողականը |hetq.am|
13:19 - 01 հունիսի, 2020

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է 2019 թվականի կատարողականը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է գլխավոր դատախազության 2019 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը խորհրդարանն ի գիտություն է ընդունում: Այն ներկայացնում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«2019 թվականի ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26850 դեպք, նախորդ տարվա համեմատությամբ հանցագործություններն աճել են 8,8 տոկոսով: Լատենտային հանցագործությունների (թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների,   կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստել, պահել և իրացնել) աճի պարագայում ազդել է իրավապահ մարմինների հետ քաղաքացիների համագործակցության մակարդակի բարձրացումը, ինչը դրական ցուցիչ է: Եթե 2018-ին ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 203 հազար 539 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թվականին դրանց թիվն աճել է շուրջ 21%-ով»,-ասաց Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով` բարեփոխվել է հանցագործությունների հաշվառման գործընթացը, նվազել ոստիկանության կողմից վիճակագրությունը բարելավելու մղումով դեպքեր թաքցնելու պրակտիկան:

«2008-2018 թվականների կտրվածքով ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան տոկոսային ցուցանիշը կազմել է 28.1%: Մինչդեռ, 2019թ. ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների ընդամենը 17.8%-ը»,-ասաց նա:

Ըստ գլխավոր դատախազի` հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է եղել գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի աճով, ինչն, ըստ նրա, մտահոգիչ է:

«Դինամիկ աճի միտում ունեն սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, վերջին տաս տարվա ընթացքում սեփականության դեմ ողղված հանցագործություններն աճել են գրեթե երեք անգամ, աճ է արձանագրվել բնակարանային գողությունների, խարդախությունների և վատնումների հաշվին»,-ասաց Դավթյանը` հավելելով, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունները 20 տոկոսից իջել է 16-ի:

Ըստ զեկույցի` 2019-ին հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26850 դեպք, այսինքն՝ 100.000 բնակչին բաժին է հասնում 906 դեպք: Արձանագրվել է  նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում: Եթե 2019-ին բացահայտման ցուցանիշը կազմել է 58%, ապա 2018-ին այն եղել է 62․9%։ Այսպիսով, 2018թ. համեմատ, 2019թ. բացահայտման ցուցանիշը նվազել է 4.9%-ով:

Ըստ գլխավոր դատախազի` հանցավորության դեմ պայքարում էական խոչընդոտ է  քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի գոյությունը:

Խոսելով նշված ժամանակահատվածում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի մասին` Արթուր Դավթյանն ասաց, որ հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը, նախնական հաշվարկով, կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ՝ 2018 թվականին արձանագրված շուրջ 85 մլրդ դրամի դիմաց: Վերականգնվել է 12.4 մլրդ դրամի վնաս:

2019-ին քննված քրեական գործերով պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով 10.2մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա, ինչը 2018-ին (մոտ 7մլրդ) համեմատ ավելի է 45.7%-ով: Դատախազի խոսքով` 2018-2019թթ. քննված քրեական գործերի շրջանակներում բացահայտված՝ պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը՝ 190.7 մլրդ դրամ, ավելի քան 5.2 անգամ գերազանում է 2009-2017թթ. հայտնաբերված վնասի չափը միասն վերցրած, որը կազմում է 36.5մլրդ դրամ:

Զինվորական հանցագործությունների մասին կարող եք կարդալ այստեղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել