Պարեկային ծառայություն ստեղծելու օրինագիծն արժանացավ դրական եզրակացության |armenpress.am|
15:19 - 01 հունիսի, 2020

Պարեկային ծառայություն ստեղծելու օրինագիծն արժանացավ դրական եզրակացության |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:

Նախագիծն ԱԺ նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ:

Պարեկային ծառայությունն էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-­ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում:

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանըհանձնաժողովի նիստում ներկայացրեց քննական գործընթացի մանրամասները:

«Մեկ ամսից ավելի կպահենք հայտարարությունը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ հասցնեն դիմել: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին կանցկացնենք դիմումատուների քննական գործընթացը՝ առողջական վիճակի, ֆիզիկական վիճակի ստուգում, ընդհանուր կարողությունների ստուգում, հարցազրույց»,- ասաց Գրիգորյանը:

Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, լրիվ նոր հագեցվածություն զենքի հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով:

Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոն, որը զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից բացի, իրականացնելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել