Դատախազը չի բացառում, որ  Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու որոշումը կբողոքարկվի |armenpress.am|
15:44 - 01 հունիսի, 2020

Դատախազը չի բացառում, որ Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու որոշումը կբողոքարկվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ կբողոքարկվի որոշումը,  ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև համավարակի ավարտը  պետք է մնա «Իզմիրլյան» ԲԿ-ում: Դավթյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին: 

«Ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության: Պահանջը հետևյալն է, որ մինչև արտակարգ դրության ավարտը մնա համապատասխան բուժհաստատությունում: Եվ ակտը ոչ թե դատարանի կողմից ըստ էության վերջնական կայացված ակտն է,այլ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, և որպես հայցի ապահովման միջոց սահմանվել է, որ մինչև գործի լուծումը կամ այլ խոսքով ասած՝ մինչև արտակարգ դրության ավարտը չի տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ: Այս վարույթի կողմերը պաշտպանը և քրեակատարողական ծառայությունն են:

Որպես կանոն, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում: Բայց իմ համոզումը բովանդակային առումով այն է, որ դատախազը այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա՝ առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության լիազորությունների  արդյունավետ իրացման շրջանակներում»,-ասաց Դավթյանը: 

Համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռևս պաշտոնապես չի առաքվել Դատախազություն: Նա հույս հայտնեց, որ այսօր՝ հունիսի 1-ին, կստանան դատական ակտը, կծանոթնան դրա հիմնավորումներին և քրեակատարողական ծառայության գործընկերների հետ, այսինքն՝ կոնկրետ վարույթով պատասխանողի հետ կքննարկեն հետագա անելիքները:

Անդրադառնալով Ջուլհակյանի հարցին, թե դատախազը չի՞ բացառում, որ այդ որոշումը բողոքարկվի՝ Դավթյանը պատասխանեց. «Չեմ բացառում, իհարկե»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել