«Հայավտոկայարանի» աշխատակազմը 3 ամիս աշխատավարձ չի ստացել |hetq.am|
17:06 - 01 հունիսի, 2020

«Հայավտոկայարանի» աշխատակազմը 3 ամիս աշխատավարձ չի ստացել |hetq.am|

hetq.am: «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ) աշխատակիցներն արդեն 3 ամիս է աշխատավարձ չեն ստացել:

«Հետք»-ին էին դիմել ընկերության Վանաձորի մասնաճյուղի աշխատակիցները, սակայն պարզվեց, որ «Հայավտոկայարանի» որևէ մասնաճյուղի աշխատակից աշխատավարձ չի ստացել, այդ թվում՝ ընկերության գլխավոր տնօրենը: Աշխատակիցները վերջին անգամ վարձատրվել են մարտին` ստանալով փետրվար ամսվա աշխատավարձը:

«Հայավտոկայարանի» Վանաձորի մասնաճյուղի պահակ Արշավեն Սարգսյանի ընտանիքի միակ եկամուտն այս երեք ամիսների ընթացքում եղել է հաշմանդամության երկրորդ կարգ ունեցող հոր թոշակը:

«Երկու քույր ունեմ, հիվանդ հայր, էդ աշխատավարձի հույսով եմ: Էս ընթացքում, կոպիտ ասած, մի շան հալի ծերը ծերին հասցրել ենք»,-ասաց նա:

Տոմսավաճառ Արմինե Փոթինյանի համար անհասկանալի է այս անորոշ վիճակը։

«Ոչ մի ծրագրից չենք օգտվում, հիմա էլ ոնց որ գանք, ձրի աշխատենք: Տրանսպորտից եմ օգտվում, որ գնում եմ գործի, երեխա ունեմ, ես էլ եմ տանը նստած, ամուսինս էլ, ոչ մի ծրագրից չենք օգտվում: Պետական հիմնարկ է, ճի՞շտ է նման վերաբերմունքը: Նույն խնդիրը կա նաև Գյումրիում»,-ասաց նա:

Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցները, սակայն, չցանկացան խոսել խնդրի մասին, ենթակարգավարն ասաց, որ երկու ամիս է՝ արձակուրդում է:

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը պարզաբանեց, թե ինչու աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել։

«Մենք հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ինքնաֆինանսավորվող կազմակերպություն ենք, բյուջեից ֆինանսավորում չկա, մենք հարկ ու շահաբաժին ենք մուծում: Մեր եկամուտները, հասույթը գոյանում են ուղևորափոխադրումներից: Քանի որ համավարակի պատճառով տրանսպորտը չի աշխատել, մեր ՓԲԸ-ին գումար մուտք չի եղել, մեր միջոցները չեն գոյացել, որ աշխատավարձ վճարենք»,-ասաց նա:

Մնացականյանի խոսքով` համապատասխան միջոցառումներ են իրականացրել, տեղեկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

«Հարցին լուծում տալու փուլում է խնդիրը, կարծում եմ՝ մի քանի օրվա խնդիր է»,-ասաց նա` հավելելով, որ ՓԲԸ-ի թե' մարզային բոլոր կառույցների, թե' վարչական մասի որևէ աշխատակից աշխատավարձ չի ստացել արտակարգ դրություն հայտարարելուց հետո:

«Աշխատակիցներ կան, որ էս ընթացքում կրճատվել են և նույնիսկ վերջնահաշվարկ չեն ստացել: Մոտ 120 աշխատակից, այդ թվում` ես, աշխատավարձ չենք ստացել»,-ասաց Մնացականյանը:

Վերջինս վստահեցրեց, որ վերջին ամիսների ընթացքում ընդամենը երկու աշխատակից է պարգևավճար ստացել, որոնց թվում ինքը չկա: Մնացականյանի խոսքով` ինքը ևս, ինչպես ընկերության աշխատակիցները, նեղսրտած է այս իրավիճակից, սակայն որպես տնօրեն իր հնարավորությունների սահմաններում արել է առավելագույնը` խնդրին լուծում տալու համար:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել