armenpress.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով՝ հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

Պատգամավորը հայտնել էր, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն:

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտնել են, որ օրենքի նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց: