Վարդենիկում կմաքրվի եւ կվերագործարկվի երկու խորքային հոր
12:16 - 02 հունիսի, 2020

Վարդենիկում կմաքրվի եւ կվերագործարկվի երկու խորքային հոր

Վարդենիկ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կմաքրվի եւ կվերագործարկվի 2 խորքային հոր: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետի փոխանցմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 միլիոն 104 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 16 միլիոն 873 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 7 միլիոն 231 հազարը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի տեղեկացմամբ՝ այս ծրագրի իրականացման արդյունքում Վարդենիկում ոռոգելի կդառնա ավելի քան 100 հեկտար վարելահող:

Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Երկու խորքային հորերը, որոնք ժամանակին ապահովում էին մինչեւ 50 լիտր վայրկյան հզորության ջրամատակարարում, ծառայում էին ոռոգման նպատակներով: ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք անգործության մատնվեցին եւ թալանվեցին, իսկ դրանց սպասարկման տակ գտնվող վարելահողերը, ավելի քան 100 հեկտարի չափով մնացին լքված ու անմշակ:

Հիմա , երբ մեր համայնքի շատ բնակիչներ այս տարի կորոնավիրուսի պատճառով արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցան, որոշեցին զբաղվել հողի մշակությամբ, ուստի եւ խորքային հորերի մաքրման, վերակառուցման ու վերագործարկման խնդիր առաջացավ, ինչին եւ լուծում ենք տալիս ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ:

Կանենք հնարավորը, որպեսզի մինչեւ ոռոգման շրջանի մեկնարկը մասամբ կամ ամբողջությամբ ավարտենք ծրագիրը եւ ապահովենք պահանջվող ջրամատակարարումը»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել