Մենք շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում, ամեն անգամ գազի գնի թանկացման տեսքով ապտակ ստանալով մեր ինքնիշխանությանը․ Արման Բաբաջանյան
13:24 - 02 հունիսի, 2020

Մենք շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում, ամեն անգամ գազի գնի թանկացման տեսքով ապտակ ստանալով մեր ինքնիշխանությանը․ Արման Բաբաջանյան

Երեկ հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ-ն  ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժանորդներին հասնող գազի գինը բարձրացնելու հայտը և սեփական առաջարկություններն է ներկայացրել։ Դրանց համաձայն Հայաստանում  բնական գազի գնաճը կկազմի 4․5 տոկոս։   Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Վերջինս իր ելույթում մասնավորապես նշեց․

«Ըստ Հնարային ծառայությունները կարգավորող հանձնաժողվի առաջարկի գազի գինը սպառող քաղաքացիների համար չպետք է թանկանա։  «Գազպրոմ Արմենիա» -ն իր ներկայացրած հայտում առաջարկել էր նույնական գազի գին սահմանել բոլոր բաժանորդերի համար, չեղարկելով սոցիալապես անապահովներին մատչելի գնով գազի տրամադրումը, ինչի արդյուքնում գազը նրանց համար կտրուկ, շուրջ 36 տոկոսով կթանկանա։ ՀԾԿՀ-ն ,սակայն,  առաջարկում է անփոփոխ թողնել սոցիալապես անապահով խավին տրվող արտոնությունները։ Իր հայտում «Գազպրոմ Արմենիա» -ն ներկայացրել է մի քանի այլ փոփոխություններ ևս, որոնց ընդունման դեպքում գազը սպառողների համար միջինում 11 տոկոսով   կբարձրանա։ Այսպիսով, մենք հերթական անգամ կանգնում ենք սակագնի փոփոխության խնդրի առաջ, ընդ որում խիստ երկրորդական է, թե քանի տոկոսով  է բարձրանալու գազի սակագինը։ Խնդիրը սակագնի բարձրացման փաստն է ՝ ինքնին, որովհետև այդ թանկացումը տեղի է ունենում միջազգային շուկաներում էներգակիրների՝ այդ թվում գազի էական էժանացման դեպքում։ Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նույն Ռուսաստանը զգալիորեն նվազեցնում է եվրոպական երկրներին մատակարարվող գազի գինը ։ Սա ռազմավարական գործընկեր երկրի կողմից մեզ ուղղված ոչ բարեկամական քայլ է , որն ակնհայտորեն ունի ոչ թե  տնտեսական , այլ բացառապես  քաղաքական բաղադրիչ։ Ռուսաստանի համար գազի գինը միշտ եղել է քաղաքական լծակ, այդպիսին է  նաև այսօր։ Ընդ որում, ամեն անգամ  գազի սակագնի քննարկման ժամանակ մեզ ուրվականի նման այցի է գալիս Հայաստանի հանցավոր անցյալը, քանի որ այդ անցյալում՝ 2013 թվականին կնքված գազային խայտառակ համաձայնագրի արդյունքում է, որ Ռուսաստանը գազային տոտալ մենաշնորհէ հաստատել Հայաստանում, այդ թվում գազասպառման համակարգի նկատմամբ։ Մենք այսօր, գազի գնի յուրաքանչյուր թանկացման ժամանակ վճարում ենք այդ հանցավոր անցյալի, նախկին իշխանությունների կնքած հակապետական գործարքների համար։ Այս արատավոր իրավիճակներից միակ ելքը այդ խայտառակ համաձայնագրերի վերանայումն է, ինչը բարդ, սակայն անխուսափելի գործընթաց է։ Սա հրամայական է, այլևս, ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող հարց։ Ակնհայտ է սակայն, որ մինչև չվերանայվի այդ համաձայնագիրը մենք շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում։ Ամեն անգամ գազի գնի թանկացման տեսքով ապտակ ստանալով մեր ինքնիշխանությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել