Դեպքեր են գրանցվում, երբ պացիենտների կոկորդից քսուկ են վերցնում, որ ստուգեն, ոմանք ասում են՝ ինձանից չվերցնեք, կոկորդիս մեջ չիպ եք դնում |lragir.am|
15:10 - 02 հունիսի, 2020

Դեպքեր են գրանցվում, երբ պացիենտների կոկորդից քսուկ են վերցնում, որ ստուգեն, ոմանք ասում են՝ ինձանից չվերցնեք, կոկորդիս մեջ չիպ եք դնում |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Սամվել Հովհաննիսյանի հետ։

Պարոն Հովհաննիսյան, Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ այսուհետ կորոնավիրուսով ասիմպտոմ հիվանդները ուղարկվում են տուն՝ գտնվելով առաջնային oղակի բուժաշխատողների ու ընտանեկան բժիշկների հսկողության տակ։ Ժամանակ առ ժամանակ դժգոհություններ են ստացվում, թե պոլիկլինիկաների մասնագետները չեն տիրապետում իրավիճակին։ Արդյոք համակարգը պատրա՞ստ է այդ աշխատանքներին։

Երբ Չինաստանում սկսեց տարածվել այս հիվանդությունը, արդեն պարզ էր, որ 80 տոկոս դեպքերում այն հաստատվում է, բայց ընթանում է առանց ախտանշանների կամ թեթև ախտանշաններով։ Քսան տոկոս դեպքերում հիվանդությունն առկա է, պացիենտները գանգատներ ունեն, նրանցից 5 տոկոսը կարող են ծանր տանել։ Սա ընդհանուր վիճակագրությունն է։ Տարբեր երկրներ տարբեր փուլերում տարբեր քաղաքականություններ են վարել։ Երկրներ կան, որ շատ կոշտ են այդ հարցին վերաբերվել, օրինակ, մեր հարևան Վրաստանը. մինչև հիմա էլ այնտեղ ամեն ինչ փակ է։ Եվ կա Շվեդիայի տարբերակը, որտեղ մարդիկ ազատ էին իրենց գործունեության մեջ։ Բայց Շվեդիայում դպրոցներն ու ինստիտուտները փակել են։ Եվ Շվեդիայում մարդիկ այլ մտածելակերպ ունեն, եթե բազմաբնակարան շենքում են ապրում, դռան «գլազոկից» նայում են՝ մոտակայքում մարդ կա, թե ոչ, եթե չկա, նոր են դուրս գալիս տնից։ Հայերը, հակառակը, սիրում են իրար հետ շփվել, ողջագուրվել։

Հիմա երկիրը սկզբնական շրջանում որոշում էր կայացրել, որ բոլոր կոնտակտավորներին պետք է մեկուսացնել։ Հետո մեզ մոտ էլ տեսան, որ այդ կոնտակտավորների 80 տոկոսը ոչ մի խնդիր չունեն, անգամ բժշկական օգնության կարիք չունեն, որովհետև հիվանդությունը շատ թեթև է ընթանում։ Եվ քանի որ պացիենտների թիվը գնալով շատանում է, որոշվեց տուն ուղարկել ասիմպտոմ հիվանդներին, որովհետև բոլորին պրակտիկորեն հնարավոր չէ հիվանդանոցում պահելը։ Եվ որոշում կայացվեց, որ աշխատանքներին ներգրավվեն նաև առաջնային օղակի բուժաշխատողները, որոնք վերապատրաստվել են։ Կան կետեր, որոնք նախարարությունը պատրաստ է մեզ հետ քննարկել, որ ավելի բարելավվի ծառայությունը, դա նորմալ գործընթաց է։

Առաջնային օղակի բժիշկները օրը երկու անգամ, ըստ նախարարի հրամանի, զանգում են իրենց հսկողության տակ գտնվող անձանց։ Մենք ունենք սարքավորում՝ պուլսօքսիմետր, որով ստուգվում է, թե թթվածնով հագեցվածությունն արյան մեջ ինչքան է։ Բոլոր բժիշկները դրանից ունեն, որ տանեն ու մարդկանց մատին հագցնելով՝ ստուգեն թթվածնով հագեցվածությունն ինչքան է։ Եթե հագեցվածությունը 93 տոկոսից ցածր է կամ շնչառությունը մեկ րոպեում 22-ից ավելի է, ունի  ջերմություն, իրեն տանում են հիվանդանոց արդեն։ Իսկ նրանք, ովքեր այդպիսին չեն, շարունակում են հսկվել։

Ինչ վերաբերում է բողոքներին, հասկանալի է, որ մարդիկ լարված են, վախեցած են, հոգեբանական խնդիրներ ունեն։ Բայց կան հստակ ցուցանիշներ, որոնք մենք չենք հնարել, որ այդ ցուցանիշների պարագայում խնդիրը կարող է լուծվել տանը։ Տարբեր երկրներում թեթև հիվանդները գնացին տանը բուժվելու, որովհետև համակարգը չի կարող բոլորին սպասարկել։ Համաճարակի դեմ պայքարի ձևերից մեկն էլ դա է, որ համակարգը չի կարող այնքան մահճակալ ունենալ, որ բոլորը պառկեն։

Որքանո՞վ է վերահսկվում, որ տանը մեկուսացած անձինք դուրս չգան և վարակի տարածման աղբյուր չհանդիսանան, սա լուրջ խնդիր է։

Սա արդեն այն խնդիրն է, որ մենք մի քիչ պետք է շվեդներին նմանվենք, մեզ վրա պետք է պատասխանատվություն վերցնենք, ինչը մեզ համար շատ դժվար է։ Բայց այլ տարբերակ չկա, մարդը պետք է հասկանա, որ եթե դիմակ է հագնում, ուրեմն ինքը հագնում է նաև իր հարազատի ու դիմացինի համար։ Այսինքն՝ պատասխանատվության խնդիր է։

Ինչո՞ւ են մարդիկ ավելի թեթև վերաբերվում այս հիվանդությանը, կարծես լուրջ չեն մոտենում, ավելին, ոմանք նաև չեն հավատում։

Այո, այդ խնդիրը կա։ Սոցիալական ցանցերում նաև տարբեր տեսություններ են պտտվում։ Խնդրի մասին խոսում են մարդիկ, ովքեր դրա հետ ընդհանրապես կապ չունեն։ Հասարակությունն էլ կարդում է այդ ապատեղեկատվությունը, մտածում, որ այդպիսի հիվանդություն չկա։ Մարդիկ դավադրության տեսությունների հետևից են ընկնում, թե «մեզ ուզում են չպավորել» և այլն։ Անգամ դեպքեր են գրանցվում, որ երբ ինֆեկցիոն հիվանդանոցում պացիենտների քթից ու կոկորդից փայտիկով քսուկ են վերցնում, որ ստուգեն, ոմանք ասում են՝ ինձանից չվերցնեք, կոկորդիս մեջ չիպ եք դնում։ Այսինքն՝ աբսուրդի է հասնում այս ամենը։

Այո, ամբողջ աշխարհում վարակվածների 80 տոկոսը սիմպտոմներ չունեն, բայց այս հիվանդության խնդիրն այն է, որ պացիենտը լավ է, լավ է, բայց հանկարծ վիճակը վատանում է միանգամից։ Դրա համար օրը երկու անգամ առաջնային օղակի բժիշկը նրան զանգում է, և ինքն ունի բժշկի հեռախոսահամարը, որ տարբեր ժամերի կարող է զանգահարել բժշկին։ Մարդկանց մոտ կարող է միանգամից ու կտրուկ թոքաբորբ զարգանալ։

Պարոն Հովհաննիսյան, այս ընթացքում ինչ տեղեկատվություն եք հասցրել իմանալ կորոնավիրուսի մասին, ի՞նչ հիվանդության հետ գործ ունենք։

Խնդիրն այն է, որ հիվանդությունն անծանոթ է մեր օրգանիզմի համար։ Մենք ընդհնարապես՝ որպես օրգանիզմ հզոր ենք և պաշտպանողական շատ ֆունկցիաներ ունենք, բայց, ցավոք սրտի, այս հիվանդությանը, որը դեռ նոր է, մենք դեռ պետք է ընտելանանք։ Ոմանք պայքարում են։ Մեր իմունային համակարգն ունի եռաշերտ պաշտպանություն, մարդիկ կան, որ առաջին շերտով են այդ ամենին արձագանքում, վերջանում գնում է ամեն ինչ։ Մյուսները երկրորդ շերտով են արձագանքում, մյուսը՝ երրորդ՝ արդեն թոքաբորբով։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել