Կորոնավիրուսով վարակված աշխատակիցը միայն Փաշինյանին է սպասարկել. Վարչապետի խոսնակ
 |pastinfo.am|
19:07 - 02 հունիսի, 2020

Կորոնավիրուսով վարակված աշխատակիցը միայն Փաշինյանին է սպասարկել. Վարչապետի խոսնակ |pastinfo.am|

pastinfo.am: «Փաստինֆո»-ն զրուցել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։

- Արդյո՞ք կորոնավիրուսակիր մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների անվտանգության կանոնների մեջ փոփոխություններ կատարվել են։

- Ոչ։ Միայն մեկուսացվածների մասով այն է փոխվել, որ այն վիրուսակիրները, որոնք ասիմպտոմ են տանում վիրուսը, ոչ թե հիվանդանոցային բուժում են ստանում, այլ տանն են ստանում իրենց բուժումը, այլ կերպ ասած, պետք է տանն անցկացնեն բուժման համար նախատեսված ժամկետը՝ բժիշկների հսկողության ներքո։

- Իսկ արդյո՞ք վարչապետն իրավունք ուներ, թեկուզ ընդունված պաշտպանիչ միջոցներով՝ դիմակով ու ձեռնոցներով շփման դուրս գար այլ անձանց հետ։

- Այո, որովհետև նրա մոտ հիվանդությունն ասիմպտոմ է անցնում։ Նա կարող է շփվել՝ պահպանելով համաճարակաբանական անվտանգության կանոնները։

- Պարոն Փաշինյանն իր հայտնի լայվում հայտարարել էր, որ, հավանաբար, վարակվել է խորհրդակցությունների ընթացքում՝ վիրուսակրի առանց ձեռնոցների մատուցված բաժակին դիպչելով։ Բացի վարչապետից ուրիշ ովքե՞ր են մասնակցել այդ խորհրդակցություններին, որին ներկա է եղել հիվանդ աշխատակիցը։

- Ոչ ոք չի մասնակցել։ Վարչապետը մենակ է եղել, ինքն է օգտվել միայն։ Վարակակիրը նույնպես մեկուսացված է։

- Հասկանալի է, այսինքն՝ այդ խորհրդակցություններին միայն վարչապե՞տն է եղել։

- Խորհրդակցություն չի եղել ։

- Այսինքն ի՞նչ է եղել, ինչպես հասկանանք։

- Այսինքն, վարչապետն օգտվել է այդ բաժակից, որն իրեն մատուցել է այն անձնավորությունը, որը արդեն իսկ վարակված է եղել։

- Շատ լավ...բայց դա խորհրդակցության ընթացքում չի՞ եղել, ինքը մենա՞կ է եղել։

- Ճիշտն ասած, ես չեմ հիշում։ Վարչապետը կարծեմ դրա վերաբերյալ պարզաբանում տվել է իր ուղիղ եթերում, ճի՞շտ է։

- Իհարկե, դրա համար եմ ես Ձեզ հիմա հարցնում։

- Դե դրա համար, խնդրում եմ, վարչապետի ուղիղ եթերը մի հատ նայեք։

- Եվ վերջին հարցը, տիկին Գևորգյան, քանի՞ բաժակ է այնտեղ եղել, այսինքն՝ քանի՞ բաժակի է դիպչել վիրուսակիրը նշված դեպքում։

- Մեկ բաժակ և դա եղել է վարչապետի բաժակը։

Նշենք, որ կորոնավիրուս վարակվելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հունիսի 1-ին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Կռահում եմ, թե որտեղ և ինչպես եմ վարակվել։ Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում։ Մի դեպք եմ արձանագրել և համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված։ Խոհրդակցության ժամանակ ջրի բաժակներ են դնում, մի օր ֆիքսեցի բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստի հետ, իհարկե նկատողություն արեցի ու առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ՝ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել։ Այն մարդը, ով մատուցում էր բաժակը, նրա մոտ էլ է կորոնավիրուս հաստատվել»,- հայտարարել էր վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել