armtimes.com: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին։

Տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է հունիսի 1-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։

Աննա Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանը Մինասյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել: Նրանք նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառած վնասի փոխհատուցում են պահանջում։

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ հայցի պատճառը մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ Միքայել Մինասյանի տարածած սուտ լուրերն են։

Հակոբյանը նշեց, որ իր կողմից հայցը ներկայացվել է զրպարտության համար, իսկ Աննա Հակոբյանի կողմից՝ զրպարտության եւ վիրավորանքի։

«Ես պահանջում եմ հերքում եւ 2 մլն դրամի փոխհատուցում, իսկ Աննա Հակոբյանը՝ հրապարակային հերքում, ներողություն, 2 մլն դրամ զրպարտության եւ 1 մլն դրամ վիրավորանքի համար»,- մանրամասնեց պատգամավորը։

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում