armenpress.am:  Հանրապետությունում ընթացիկ տարվա 4 ամսում ՀԴՄ-ներով արտացոլված իրացման շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 20 տոկոսով նվազել է: ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ դա սպասելի էր, բնական է, որ այդպես էլ պետք է լիներ:

«Դա հիմնականում պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով: Համավարակի պատճառով գործունեության որոշ տեսակներ սահմանափակված են եղել, որոշները մասամբ են եղել սահմանափակված: ՀԴՄ-ների հետ կապված պատկերը օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված խնդիր է: Եթե ընթացիկ տարվա հունվար, փետրվար ամիսների տվյալները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կարող ենք ասել, որ աճ էր նկատվում: Չորս ամսվա կտրվածքով պատկերն այլ է, որովհետև, համավարակով պայմանավորված, վերջին երկու ամսվա իրավիճակը թողեց իր բացասական ազդեցությունը»,-ասաց Արթուր Մանուկյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը հույս հայտնեց, որ համավարակային իրավիճակը շուտ կավարտվի, և կգանք շրջանառությունների ավելացմանը, որովհետև դրանով է պայմանավորված հարկային եկամուտների հարցը:

Անդրադառնալով համավարակի ընթացքում աշխատողներին աշխատանքից ազատելու հարցին՝ Արթուր Մանուկյանը  նշեց, որ չորս ամսում 12 հազար աշախատակից է ազատվել աշխատանքից: Այսինքն՝ աշխատեղերի քանակը այդքանով կրճատվել է:

«Կա խնդիր աշխատավարձը չհաշվարկելու հետ: Այսինքն՝ աշխատատեղերը պահպանվել են, բայց վճարումներ չեն արվել: Կարծում ենք, որ այստեղ իր դերն ունի նաև վերջերս Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունը, ըստ որի, համավարակի պայմաններում, արտակարգ իրավիճակով պայմանավորված, պետք է հաշվարկվի աշխատավարձն այն չափով, որքանով որ աշխատել է աշխատակիցը»,- ասաց ՊԵԿ նախագահը: