Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․06․20 (թարմացվող)
22:40 - 03 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․06․20 (թարմացվող)

21:36- Տիգրան Ավինյանի որոշմամբ` 7 օրով արգելվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Երևանի հ. 24 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը, 1 օրով արգելվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի հ. 122 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:


21:34- Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամները չունեն ջերմություն, մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո: [Մանե Գեւորգյան]


20:30- Երևանի վեց դպրոցի տնօրենների հայտարարվել է նկատողություն հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար: [Հակոբ Կարապետյան]


20:20- Արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումից հետո ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ծառայողների կողմից կազմվել է վարչական իրավախախտման 20 հազար 742 արձանագրություն, որոնցից  931-ը՝ նախօրեին։ [ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյան]


20:05- «Վարակի հաղթահարմանն աջակցության» հաշվին հունիսի 3-ի ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 1 մլրդ 96 մլն 592 հազ. դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4380: [ՀՀ ֆինանսների նախարարություն]


19:40- Ես հավատում եմ, որ միասին կարող ենք լուծել այս խնդիրը։ Եկեք համարենք սա զրոյական կետ և վերանայելով մեր անհատական ու հանրային վարքագիծը՝ քայլ-քայլ հաղթահարենք կորոնավիրուսի այս ճգնաժամը։ [Նիկոլ Փաշինյան]


19:38- Այսպիսով՝ դիմակի կրումը պարտադիր է բոլոր տեղերում։ Երբ բնակարանը լքեք, պետք է լինեք դիմակով՝ սկսած վերելակից, ձեր բակերից, փողոցում քայլելուց։ Քանի որ եղանակն ամառային է, և զանգվածային զբոսանքներ կան, դիմակի կրումը պետք է լինի պարտադիր, քանի որ բազմամարդ զբոսանքները ևս դառնում են վարակի տարածման աղբյուր։ [Նիկոլ Փաշինյան]


19:32- Դիմակների կրումը հանրային բաց տարածքներում պարտադիր չի լինելու միայն մինչև 6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս։ [Տիգրան Ավինյան]


19:30- Արդեն իսկ սահմանվելու է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։ [Տիգրան Ավինյան]


19:10- 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը:


17։50 - Հաշվի առնելով ս.թ. հունիսի 3-ից Իտալիայում ռեգիոնների միջև տեղաշարժման սահմանափակումների վերացումը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ողջ ծավալով վերսկսում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը։ Քաղաքացիները կարող են ներկայանալ դեսպանություն միայն նախապես գրանցվելով, որի համար անհրաժեշտ է զանգահարել 06 3296638 հեռախոսահամարով կամ էլ. հաղորդագրություն ուղարկել [email protected] հասցեին:
‼️Հաշվի առնելով COVID-19-ի տարածման շարունակական վտանգը՝ դեսպանություն մուտք գործող անձիք պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ։ [Իտալիայում ՀՀ դեսպանություն]

 

16։52 - Բուլղարիայի կառավարության անունից Հայաստանում Բուլղարիայի դեսպանը ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանին փոխանցեց Բուլղարիայից Հայաստան  փոխադրված 500 հավաքածու բժշկական պարագաներ (պաշտպանիչ համազգեստ, սաղավարտներ և պաշտպանիչ ակնոցներ)։ [ՀՀ ԱԳՆ]

 

16։43 - Վերջին երկու օրում 24 ժամով կասեցվել է Արարատի և Արմավիրի մարզերի 44 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, այդ թվում` սննդի վերամշակման և ալկոհոլային խմիչքների արտադրական կազմակերպություններ, դեղատներ, ատամնաբուժական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կազմակերպություններ, բանկ և վարկային կազմակերպություն։
Կասեցված տնտեսվարողների շարքում է նաեւ արտադրական 7 խոշոր ձեռնարկություն։ [ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին]

 

16։39 - Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 573 դեպք, որոնցից 256-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 42 նոր դեպք, 7 առողջացած և մահվան 1 նոր դեպք: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

16։10 - Կորոնավիրուսով վարակված զինծառայողները հիմնական պայմանագրայինների և սպայական կազմից են, որոնք ելումուտ ունեն զորամասի տարածք: Վարակվածները մեկուսացված են, իրավիճակը վերահսկելի է: [Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայան] |armenpress.am|

 

16։06 - Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, նրանցից 40-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ [Շիրակի մարզպետարան]

 

15։45 - Պարետի որոշմամբ Սևան համայնք մուտքի և ելքի արգելքը երկարաձգվում է մինչև   հունիսի 10-ը՝ ժամը 23։59-ը։

 

15։17 - ‼️Եթե մեքենայում մեկից ավելի ուղևոր կա, բոլորը պետք է դիմակ կրեն, եթե անգամ նույն ընտանիքի անդամներ են։ 
📌Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է ընտանիքի անդամները դիմակ կրեն մեքենայի մեջ։ Պատասխանը պարզ է․ հնարավոր չէ միանգամից նույնականացնել ընտանիքի կազմը, փողոցում կարգը պահպանելիս՝ բոլոր ուղևորներից պահանջել անձնագիր, ամուսնության վկայական (որը ոչ բոլորն ունեն), երեխաների ծննդյան վկայական կամ այլ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն տվյալ անձանց՝ ընտանիք հանդիսանալու հանգամանքը։ [Զարուհի Բաթոյան]

 

14։58 - Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մի շարք գերատեսչությունների ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:  Պետական նախարարը հայտարարել է, որ խախտումներ կատարող սուբյեկտները կնախազգուշացվեն, իսկ թերությունները չվերացնելու դեպքում տվյալ կազմակերպության տնտեսական գործունեությունը կսահմանափակվի: [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]

 

14։26 - Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։ Փարաքարում և Թաիրովում այս պահին կա հաստատված 50 դեպք, և ցավոք այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ (սա Փարաքարում գրանցված 2-րդ մահվան դեպքն է)։  [ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյան]

 

13։50 - Այն դիմակները, որոնք  մենք կրում ենք, 100 տոկոսով չեն ապահովագրում վարակվելուց, բայց եթե կա մի գործողություն, միջոցառում, որը գոնե մեկ տոկոսով կարող է կանխել վիրուսի տարածումը, ուրեմն այն պետք է իրականացնել։ Կարելի է ասել, որ մենք պիկին չենք հասել, որովհետև թվերը պետք է սկսեն նվազել և ձգտել զրոյի, որպեսզի մենք կարողանանք ասել, որ պիկին հասել ենք և հաղթահարել։ Ասիմպտոմ ձևերին տնային պայմաններում, բժշկի հսկողության տակ պահելը  ճիշտ որոշում է։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյան]

 

13։21 - Հակաճգնաժամային 10-րդ միջոցառման շահառուների քանակը 6161 է, որից դիմումներ ներկայացրել և աջակցությունից օգտվել է 5390-ը (87,4 տոկոս). Աջակցության գումարը կազմել է 294,4 մլն դրամ: [ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյան] |news.am|

 

13։05 - Կասեցվեց Մասիվի շուկայի գործունեությունը։ |factor.am|

 

12։31 - Նախ, թույլ տվեք արձանագրել, որ  կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ուղղակիորեն  ձախողել է։ Ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները ավելի խոհեմ կլինեն, քան կառավարությունը, որը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա ակնհայտ է, որ խուճապի մեջ է։ Այս պահին պատասխանատվությունը միայն քաղաքացիների վրա թողնելը անկարելի է և սեփական անկարողության ցուցադրում է։ Միայն այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն հետևում ցուցումներին, դա արդեն անվստահություն է առողջապահության նախարարի  նկատմամբ։ Ժողովուրդը ականատես է լինում, որ  ծանր վիճակում արտակարգ դրության պայմաններում կառավարությունը ունակ չէ պաշտպանելու իր ժողովրդին։ [Մանե Թանդիլյան]

 

12։16 - Հորդորում և կոչ ենք անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից: [ՀՀ ԿԲ]

 

11։57 - ՀՀ-ում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ոստիկանությունն այսօրվանից՝ հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը, դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության (ԱՎՎ) ու ենթակա տարածքային, ինչպես և ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։ [ՀՀ ոստիկանություն]

 

11։33 - Կանոնների պահպանումը 95 տոկոս երաշխիք է, որ չենք վարակվի։ Երեկ ես շատ լուրջ խոսակցություն եմ ունեցել ոստիկանության պետի հետ, ԱԱԾ տնօրենի հետ, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ, բայց իմ գործելու մեթոդը շարունակում է մնալ նույնը։ Մեկ էլ Արցախի նախագահի ինագուրացիան են անընդհատ պտտում, այդ ինագուրացիան տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում։ Արցախում, Շուշիում ոչ մի օրենք չի խախտվել։ [Նիկոլ Փաշինյան]

 

11։19  Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են ՌԴ-ից և անմիջապես մեկուսացվել են:
Ընդհանուր առմամբ, Արցախում վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով ՀՀ է ուղարկվել 984 նմուշառում: [Արցախի ԱՆ] [Արցախ/ տեղեկատվական շտաբ]

 

11։ 00 - Թարմացվել է  03.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 10524 (+515)
Առողջացածներ - 3454 (+27)
Փաստացի բուժվողներ -6841
Ընդհանուր թեստեր - 61650
Մահվան ելքեր - 158 (+12)
Մահվան ելքեր այլ պատճառով –59 (+3) 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է: [ԱՆ]

 

10։46 - Կորոնավիրուսով վարակված 6 օրական երեխայի վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Երեխան շնչառական խնդիրներ չունի, բայց ունի թարախային օջախ, ջեմություն է ունեցել, բուժումն ընթացքի մեջ է։ [«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյան] |news.am|

 

10։39 - Մենք պետք է հաշվի առնենք, որ ամեն օր Հայաստանից Արցախ են գալիս ավելի քան 500 հայրենակիցներ, դրա համար հավանականությունը մեծ է, որ այդ մարդկանց մեջ կլինեն վարակակիրներ, դրա համար մենք պետք է հստակեցնենք մեր անելիքները։ Մեր նպատակը պատժամիջոցներ, տուգանքներ սահմանելը չէ։ Այս վարակը չպետք է դառնա ազգային սպառնալիք։  Սա պատերազմ է չերևացող թշնամու դեմ, և ինչպես պատերազմի ժամանակ, այսօր  էլ մենք պետք է համախմբվենք և պայքարենք այս վիրուսի դեմ։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

 

10։13 - «Մեյմանդարի» շուկան փակված է։ Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ։ [Նիկոլ Փաշինյան]

 

10։11 -

Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:

Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ:

Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք:
[Արսեն Թորոսյան]

 

10։05 - Խնդրում եմ շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները և հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։ Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաև խախտման հասցեն։ Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունը ապահովելու համար։ [Նիկոլ Փաշինյան]

 

9։20 - Պարետի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում արգելվում է COVID-19-ի ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսանվտանգություն պատշաճ համակարգ:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել