Կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա․ Նաիրա Զոհրաբյան |hetq.am|
15:18 - 03 հունիսի, 2020

Կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա․ Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսով հիվանդ վարակակիրների վիճակագրությունը կրկին ահագնանում է: Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Այս երկու օրը մենք նկատում ենք վտանգավոր ու անազնիվ տենդենց` ողջ պատասխանտավությունը գցել իրենց ձևակերպմամբ անպատասխանատու քաղաքացու վրա: Սա անընդունելի է, կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը վերահաստատեց` քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ ու հետևել պարետատան ցուցումներին, բայց առաջարկեց գնահատել գործողությունները, որոնք մինչ այժմ իրականացրել են համավարակի տարածումը կանխելու համար պատասխանատու կառույցները:

«Արդյոք արե՞լ են ամեն ինչ, որ այսօր չխոսեն սպեզնաց մտցնելու մասին, չխոսեն դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին. չփորձե՛ք քաղաքացու վրա գցել պատասխանատվություն: Եթե պաշտոնյան մի օր ասում է՝ դիմակ կրե՛ք, հաջորդ օրն ասում է՝ դիմակ չկրե՛ք, որովհետև վնասակար է, վիրուսները մեջը մնում են, մեկ էլ ասում է` կորոնավիրուսն ավելի թույլ գրիպ է, քան գրիպի մյուս տեսակները»,-ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով` Կառավարության անդամների իրարամերժ տեսակետներից հետո քաղաքացիներն իրավունք ունեն մոլորվելու և չհասկանալու, թե ինչ է իրենցից պահանջվում:

«Ստեղծվել է իրավիճակ, երբ կանգնած ենք կատարյալ անկառավարելի, քաոտիկ իրավիճակի եզրին: Այս իրավիճակում ոչ թե պիտի մեղավորներ փնտրենք, այլ Կառավարությունը պիտի որոշում կայացնի` կարողանու՞մ է մոբիլիզացնել ողջ ներուժը, թե՞ ոչ»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` մի շարք բժիշկներ ուզում են թեկուզ տեսակապով հանդիպել վարչապետին և խոսել այս իրավիճակի մասին: Զոհրաբյանը կոչ արեց լսել խելացի մարդկանց և չհամարել, որ ամեն ինչ կարող են:

«Սա պատերազմ է՝ հայտարարված բոլորիս, էստեղ հաղթողներ ու պարտվողներ չեն լինելու, պարտվելու է պետությունը, եթե քաոսի վերածվող վիճակից չկարողանանք ելք գտնել»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել