Գյուղատնտեսական վարկերի համար դիմած քաղաքացիների ուսումնասիրված դիմումների մոտ 49 տոկոսը բավարարվել է․ 5-րդ ալիքը մանիպուլատիվ է ներկայացնում միջոցառման արդյունքները
13:32 - 04 հունիսի, 2020

Գյուղատնտեսական վարկերի համար դիմած քաղաքացիների ուսումնասիրված դիմումների մոտ 49 տոկոսը բավարարվել է․ 5-րդ ալիքը մանիպուլատիվ է ներկայացնում միջոցառման արդյունքները

5-րդ ալիքը մայիսի 22-ին «Գյուղատնտեսական վա՞րկ, թե՞ դասական մանիպուլացիա» վերնագրով ռեպորտաժ է եթեր հեռարձակել, որտեղ ներկայացնում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված կառավարության երկրորդ ծրագրին դիմած և մերժում ստացած քաղաքացիներին:

Կառավարությունը 2020 թվականի մարտի 26-ի նիստում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված երկրորդ ծրագիրը, ըստ որի, գյուղատնտեսական վարկերի որոշ տեսակների տոկոսադրույքները կսուբսիդավորվեն՝ հասնելով 0 %-ի, իսկ գյուղատնտեսական կոոպերատիվների դեպքում, բացի տոկոսները սուբսիդավորելուց, վարկերը նաև կհամաֆինանսավորվեն կառավարության կողմից:

Ռեպորտաժում նշվում է, որ ըստ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի՝ սա խաբեություն է, դասական մանիպուլյացիա. բանկերին փող են տալիս, անունը դնում, թե գյուղացուն օգնեցին: Այնուհետև, շարունակելով բանկերի թեման, ռեպորտաժի մեկ այլ հատվածում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը ասել է. «Հա, մենք փողը տալու ենք բանկերին, բայց բանկը պիտի որոշի՝ ում տա, ում չէ», որին հետևում է կառավարության նիստից մի հատված, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Լավ բանաձև ենք գտել, որն իր կենսունակությունը դեռ պետք է պրակտիկայում ապահովի»:

Այս խոսքերից երկրորդը վերաբերում էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրին, որտեղ Նիկոլ փաշինյանն ասում է. «Մենք ոչ թե պետք է զուգահեռ օրգանիզմներ ստեղծենք, այլ մենք պետք է այս գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու ճանապարհով գնանք: Դրա համար մենք երկու գործիք ենք կիրառել: Առաջին գործիքը հետևյալն է. մենք ասել ենք, որ տոկոսները սուբսիդավորում ենք և ըստ էության ամենաթիրախավորված հատվածում զրոյացնում ենք վարկի տոկոսները, մնացած դեպքերում էականորեն իջեցնում ենք: Երկրորդ գործիքը հետևյալն է. քանի որ շուկան վատ վիճակում է, բանկերը կարող են հակված չլինել էդպիսի վարկավորում տալուն, որովհետև իրենք կարող է մտածեն՝ ինչու իրենք ռիսկերը միայնակ կրեն: Եվ որպեսզի բանկերին նույնպես խթանենք, որ իրենք շահագրգռված լինեն, կառավարությունն ասում է, որ ըստ ծրագրերի աշխատավարձերի դեպքում փողի 50% ենք տալիս, հարկերի և տուրքերի դեպքում փողի 50% ենք տալիս, կոմունալ վճարի դեպքում փողի 40% ենք տալիս, հումքի դեպքում փողի 40%-ը, սարքավորումների պարագայում՝ 25%, սննդամթերքի ներկրման դեպքում՝ 30%: Ես կարծում եմ, որ մենք լավ բանաձև ենք գտել, որն իր կենսունակությունը դեռ պետք է պրակտիկայում ապահովի և մեր պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք անընդհատ մոնիթորինգի տակ կպահենք պրոցեսները և որ տեսնենք չի աշխատում, կհասկանանք՝ ինչում է խնդիրը և բանաձևերը արագ կփոխենք»:

Իսկ լրագրողի մեջբերած խոսքը, թե կառավարությունը փողը տալու է բանկերին, բայց բանկը պիտի որոշի՝ ում տա, ում չէ, այդ օրվա նիստում չի հնչել:

Ընդհանուր առմամբ վարկավորման, վարկառուների հայտերը բավարարել կամ մերժելու իրավասությունները բանկերինն է, բայց կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն այդպիսի խոսք չի հնչեցրել: Հետևաբար ռեպորտաժում ներկայացված հատվածը մանիպուլյացիա է:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը ռեպորտաժի մեկ այլ հատվածում էլ ասում է. «Եթե Հայաստանում գյուղատնտեսությունը սկսում է մարտի 1-ից կամ 10-ից, ո՞նց կարող է այդ հարցը քննարկվել մարտի վերջին կամ ապրիլին: Այդ հարցը պետք է քննարկվեր հունվարին»: Սակայն, պետք է նշել, որ այս ծրագիրը միտված էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը և հունվարին լինել չէր կարող, քանի որ հունվարին Հայաստանում դեռևս կորոնավիրուսային համաճարակ չկար:

Այնուամենայնիվ՝ պարզելու համար, սա «խաբեություն» է, թե  պարզապես խնդիրը ներկայացվում է միակողմանի, հարցում ուղարկեցինք էկոնոմիկայի նախարարություն:

Ըստ հարցման պատասխանի՝ 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ ծրագրի շրջանակներում ստացվել է թվով 33.242 հայտ, որից բավարարվել է 7125-ը, մերժվել` 7484-ը: Սպասման փուլում է գտնվում 18.633 հայտ:

Վարկային հայտերի ընդհանուր ծավալը կազմում է 67.225.991.000 ՀՀ դրամ, որից բավարարված հայտերի ծավալը կազմում է 10.058.994.000 ՀՀ դրամ:

Վարկային հայտերի ընդհանուր թվի մեջ ներառված ֆիզիկական անձանց համար տրամադրվող գյուղատնտեսական միկրովարկերի համար ստացված դիմումների քանակը կազմում է 23.845 հայտ, որից բավարարվել է 6165-ը, մերժվել՝ 5586-ը:

Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական միկրովարկերի հայտերի գումարը կազմում է 23.750.161.000 ՀՀ դրամ, որից բավարարվել է 5.183.180.000 ՀՀ դրամը: 

Եթե դիտարկենք միայն բավարարված և մերժված հայտերը, ապա 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ բավարարվել է շուրջ 7125 հայտ, մերժվել՝ 7484-ը:

Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը մեզ հետ զրույցում մերժման հիմքերի վերաբերյալ ասաց, որ քաղաքացիների վարկունակությունը որոշում են բանկերը, իսկ մերժված դիմումների վերաբերյալ նշեց, որ մեծամասամբ մերժվել են բանկերի սև ցուցակում գտնվող և վատ վարկային պատմություն ունեցող քաղաքացիները:

Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական վարկերի համար դիմած քաղաքացիների դիմումների 51.23%-ը մերժվել է, չհաշված սպասման փուլում գտնվող դիմումները, սակայն ծրագրի շրջանակներում 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ վարկավորվել են շուրջ 7125 դիմող, որոնց տրամադրվել է ավելի քան 10.058 մլրդ դրամ:

Այսպիսով՝ 5-րդ ալիքի ռեպորտաժը միակողմանի է ներկայացնում թեման, պարունակում է մանիպուլյացիաներ և չի արտացոլում իրական պատկերը:

Հեղինակ՝ Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել