lragir.am: Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև վարկային համաձայնագրի նախագիծը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանը միայնակ չի եղել իր խնդիրների հետ։ «Մեզ ուղեկցել են մեր գործընկեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մեզ հետ է ներդրումային հանրույթը, պատրաստակամություն ունեն անհրաժեշտության դեպքում նաև փոխառու միջոցներ տրամադրել։ Եվ այս նախագծով մենք շարունակում ենք մեր երկարատև համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։

2019 թվականին ԱՄՀ հետ ծրագիր ենք հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ։ Եվ ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում մենք կօգտվենք ԱՄՀ կողմից մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից։ Եվ համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ միջոցներն ավելի մեծ չափով կարող են հասանելի լինել՝ մոտավորապես 315 մլն դոլարին համարժեք, որից 206 մլն-ն արդեն հասանելի է։ Իսկ այս նախագծով առաջարկվում է, որպեսզի հավանություն տրվի այդ վարկային համաձայնագրին»,- ասաց Ջանջուղազյանը։

Ֆինանսների նախարարը նշեց, որ նախորդ տարեվերջին բոլոր կանխատեսումներով ավելի քան 170 երկրում կանխատեսվում էր ընդհանուր տնտեսական աճ և յուրաքանչյուր երկրում տնտեսական աճ։ Մինչդեռ ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն՝ գնահատվում է, որ այդ նույն երկրներում կլինի անկում։ Եվ համաշխարհային տնտեսության համար մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանախատեսվել։

«Հետևաբար այս իրավիճակը, որը պայմանավորված է համավարակի ազդեցությամբ, չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև բյուջետային ցուցանիշների վրա։

Եվ այդ տեսակետից Հայաստանը բացառություն չէ, և Հայաստանի դեպքում ևս ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի մեծացման։ Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում։ Հետևաբար, դեֆիցիտի մեծացումը ինքնաբերաբար կհանգեցնի նաև պարտքի աճի»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։