Երբ մանիպուլացիայի սուբյեկտը հարևանդ է |media.am|
14:46 - 04 հունիսի, 2020

Երբ մանիպուլացիայի սուբյեկտը հարևանդ է |media.am|

media.am: Այսօր դժվար է ամեն ինչ, ամեն մի գործողություն կամ անգործություն, նաև օրվա թեմայով նյութ գրելը, քանի որ արթնանում ու քնում ես միայն մեկ մտքով. «Աստված, պահպանիր Հայաստանը»:

Ինչպե՞ս օգտակար լինել, չվնասել երկրին, մարդկանց, անգամ այս դեպքում, երբ մեդիայի մանիպուլյացիայի զոհը հարևանդ է, երբ ընդամենը նրա անունն օգտագործելով, լրագրողը նյութ է գրել, գուցե անգիտությամբ կեղծ նյութ:

Րոպեներ անց դա դարձել է սարսռազդու, հուսահատեցնող վերնագիր ու տարածվել կայքերում. «Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները»:

Երեկոյան էլ այս լուրը դարձել էր Արմնյուզ-ի վազող տող (գուցեև այլ քույր ՀԸ-ի), և այդ անընդմեջ պտույտը գուժում էր, թե հարևանուհիդ վիրուսից մահամերձ է:

«Տուժողի» հետ հեռախոսային զրույցից առաջին զարմանքն այն էր, որ ինքը ոչ մի լրագրողի չի տեսել և չի խոսել, այնինչ լուրի սկզբնաղբյուր կայքում գրված է, որ «հունիսի 1-ին Analitik.am-ին է դիմել Մասիս շրջանի Դարակերտ գյուղի բնակիչ 64-ամյա Սաթիկ Ստեփանյանը, ով արդեն 8 օր է՝ բարձր ջերմություն ունի»:

Ահա տիկին Սաթիկի խոսքն առանց խմբագրման. «Լսա, ես ոչ մեկին չեմ դիմել, ոչինչ չեմ ասել, ես ոչ վարակիչ եմ, ոչ էլ… Ես ոչ մի լրագրող չեմ տեսել, կարող ա որ գոռգոռացել եմ, հերթի մեջ լրագրող ա եղել, բարձր գոռգոռում էի, արևի տակ երեք ժամ կանգնած ճնշումս բարձրացավ: Երկու օր տաքություն ունեցա, գնացի պոլիկլինիկա, ես շատ շնորհակալ եմ, նշանակում արին… Մարդս, չէ, տաքություն չունի: Բուժքույրը հարևանիս հարսն ա, միշտ հարցնում էր: Մի հատ մառոժնի էի կերել, բուգս կարող ա դրանից էր ցավում, էլի գնացի բժշկի, ուղարկին Մասիս ռենտգեն անելու: Մտանք պոլիկլինիկա, երեք հոգի նստած էին, ասին հերթը ընտեղից չի, դրսից է, երեք ժամ արևի տակ մնացինք, հետո ասին սխալ տեղ ես կանգնել: Կարող ա ես անգրագետ եմ, չգիտեմ որտեղ կանգնեմ, ի՞նչի ճիշտ տեղը չեն ասել, մենք մեղավոր չենք, անգրագետ ենք, ոչ թե մեղավոր»:

Տիկին Սաթիկի ասածը հաստատեց նաև նյութը ստորագրած լրագրողը, ասաց, որ կնոջ հետ իրոք չի զրուցել, ուղղակի «տարածքում է եղել»:

Չի զրուցել, ուրեմն կինն էլ չի ասել. «Ունեմ գլխացավ, համի զգացողության կորուստ և այն բոլոր ախտանիշերը, որոնք բնորոշ են նոր կորոնավիրուսին»:

Հոդվածի վերջաբանն էլ՝ «Տպավորություն է՝ նրանց անլուրջ վերաբերմունքի պատճառով է, որ համաճարակն անկելու փոխարեն ավելի մեծ թափ է առնում», համարենք գյուղացու ու լրագրողի համատեղ ներդրումը հայոց լեզվի զարգացման մեջ:

Հետևաբար և բնականաբար, չի դիմել նաև «ԱԻՆ և Առողջապահության նախարարության թեժ գծերին, սակայն ոչ մի բան դեռ չի ձեռնարկվել», ինչպես եզրակացնում է հոդվածագիրը:

Օբյեկտը. Մասիսի հիվանդանոցի վատ համբավը

Հոդվածի վերնագրից և տիկին Սաթիկի ու լրագրողի համատեղ ընդհանրացումից կարելի է ենթադրել, որ թիրախը նաև Մասիսի հիվանդանոցն է.

«Միայն կարող եմ ասել, որ սարսափելի անուշադիր վիճակ է տիրում առողջապահական համակարգում: Ես, ունենալով ուղեկցվող հիվանդություններ, լինելով թոշակառու, ինչո՞ւ պետք է 3 ժամ սպասեմ ռենտգենի համար ու վերջում բուժքրոջ անուշադրության պատճառով պարզվի, որ լրիվ սխալ տեղում եմ սպասում: Ավելի ուշ էլ պարզվեց, որ ռենտգեն անող բժիշկը գնացել է տուն: Դրանից հետո ճնշման տատանման պատճառով ինքնազգացողությունս վատացել է: Ո՞ւր են այն մարդիկ, ովքեր պատասխանատու են քաղաքացիների առողջության համար և ինչո՞ւ է նման անլուրջ վերաբերմունք լուրջ սիմպտոմներ ունեցողների հանդեպ»:

Լուրը կարդացողների առաջին արձագանքն այն էր, թե Մասիսում ամեն ինչ էլ հնարավոր է:

Մասիսի հիվանդանոցի վերջին տասնամյակների անփառունակ համբավն այնպիսին է, որ ինչ ասես, կհավատան:

Հենց այդ հաշվարկով էլ երևի տարիներ առաջ հիվանդանոցի տնօրեն Նունե Ներսիսյանը հաջողությամբ իրականացրել էր «Մեզի փոխարեն թեյ» կասկածելի գործողությունը, իր ղեկավարած հիմնարկում թեյ էր տվել, ստացել մեզի անալիզի պատասխանն ու հանրայնացրել փաստը:

Լաբորատորիայի 15 բուժաշխատողից 8-ը ազատման դիմում էր գրել, նրանց փոխարեն տիկինն ընդունել էր սեփական կադրերին:

Բազմաթիվ հարցականներով այս պատմությունը մասսաները հալած յուղի տեղ ընդունեցին ու հավատացին, քանի որ ողջ մարզը դժգոհ է Մասիսի հիվանդանոցից, ու ինչ էլ ասես՝ կհավատան:

Հիմա արդեն պարզ է, թե ինչու գաղջի տիրապետության ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «հետաքրքիր ու կրեատիվ մոտեցում» է համարել Մասիսի ԲԿ-ի տնօրենի փորձարկումը, ով «մեզի անալիզի փոխարեն թեյ էր ուղարկել իրենց լաբորատորիա՝ աշխատակիցների հմտությունը փորձելու համար, այդպիսով ապացուցելով, որ նրանք թերանում են իրենց աշխատանքում»:

Մասիսի հիվանդանոցի մասին Ալթունյանին ոգևորած փաստից ավելի արտառոց ու կրեատիվ նմուշի ինքս եմ տեղեկացել:

Տարիներ առաջ Դարբնիկի փախստականների հանրակացարանի հղի բնակչուհին լրագրողիս պատմում էր, որ «հնգերս չի ուզում երեխա ունենանք, փող էլ չունեմ, Մասիսի հիվանդանոցի բժիշկը համոզում է երեխան ունեցի, թող մեզ, քեզ 200 դոլար փող կտանք, մտածում եմ ինչ անեմ»:

Շարունակությունը՝ media.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել