Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից. Դավիթ Մելիք-Նուբարյան |shantnews.am|

17:56 - 04 հունիսի, 2020

shantnews.am: v class="news_text">

Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից, որոնց մարդկությունը սովոր է: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԵՊԲՀ մասնագետների կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Նրա խոսքերով՝ եթե զուգահեռներ անցկացնենք H1N1-ի հետ, ապա համաձայն ԱՄՆ տվյալների՝ առաջին համավարակի առաջին տարում այնտեղ մահացել էր ընդամենը 12 500 մարդ, բայց կորոնավիրուսի դեպքում մի քանի ամսվա ընթացքում նույն ԱՄՆ-ում  մահացել է 100 000 մարդ, հետևաբար՝ կորոնավիրուսից պետք է զգուշանալ:

«Ըստ վերլուծության՝ եվրոպական երկրներում մահաբերությունը մինչև 10 տոկոս կարող է լինել որոշ երկրներում։ Ինչի՞ց է կախված մահաբերությունը. բազմաթիվ գործոններ են ազդում, ես կուզեի առանձնացնել դրանցից երեքը՝ առաջինը պոպուլյացիայի տարիքային կազմն է և խրոնիկական հիվանդությունների տեսակարար կշիռը։ Վիճակագրությունը վկայում է, որ 40 տարեկանից բարձր՝ մահանալու հավանականության կորն էապես ավելանում է կորոնավիրուսի դեպքում։

Երկրորդ գործոնը առողջապահության համակարգի պատրաստված լինելն է, որովհետև եթե կարողանում ենք այդ կորը հարթեցնել, կանխարգելել առողջապահական համակարգի գերբեռնվածությունը ժամանակի ինչ-որ պահի, կկարողանանք նվազեցնել:

Երրորդը մահերի գրանցման մեթոդաբանությունն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս բոլոր այն մահերը, որոնք այս կամ այն կերպ կապված են կորոնավիրուսի հետ, եթե չկա ակնհայտ մահվան ուրիշ պատճառ, օրինակ՝ տրավմա, համարել, որ մարդը մահացել է կորոնավիրուսի հետևանքով։ Ինչո՞ւ, որովհետև մեծ հավանականությամբ այդ մահը կանխարգելելի էր, եթե մարդը չունենար կորոնավիրուս»,- ասաց Մելիք-Նուբարյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանում մահացության ցուցանիշն այնքան էլ մեծ չէ, բայց ընդհանուր մահաբերության ցուցանիշը հաշվելուց, եթե դրա մեջ ներառենք նաև այլ պատճառներից մահացած մարդկանց, ապա մեր ցուցանիշը կհասնի 6-ի, ուստի հորդորեց բնակչությանը լինել զգույշ և անխտիր հետևել անվտանգության բոլոր կանոններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել