Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
19:36 - 04 հունիսի, 2020

Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ մայիսի 19-ին, հունիսի 3-ին մի քանի անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գրասենյակ է զանգահարել մեկ անձ՝ նշելով նրան նույնականացնող տվյալներ, որն իր, ինչպես նաև խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ապառնացել կյանքին ու առողջությանը՝ նաև ուղարկելով համապատասխան հաղորդագրություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«ՀՀ գլխավոր դատախազությունից հարղոդումն ուղարկվել է ՀՀ ոոստիկանության ՔՈ գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Էդմոն Մարուքյանը տվել է նույնաբովանդակ հաղորդում, պնդել բողոքը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՀԱՄԱԴՊ վարչության ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնում վերոնշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել