ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «NewArmenia» լրատվական գործակալության հարցերին․

Հարց. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի թեկնածուն մեկն է՝ Թուրքիայի ներկայացուցիչը. Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել: Արդյո՞ք 193 երկրներից միայն երեք երկրի պահանջով կիրականացվի քվեարկություն:

Պատասխան. Նախ նշեմ, որ համաձայն ՄԱԿ-ում աշխարհագրական ռոտացիայի վերաբերյալ սահմանված սկզբունքի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 75-րդ նստաշրջանի նախագահը պետք է ընտրվի Արևմտաեվրոպական երկրների խմբից: Նախագահի նախնականորեն հաստատված միակ թեկնածուն Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրն է: 

Ինչպես նշեցիք, Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, խախտելով լռության ընթացակարգը, նամակներով դիմել են ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի նախագահ Թիջանի Մուհամմեդ-Բանդեին՝ պահանջելով քվեարկություն: Ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ մեկ երկրի պահանջով քվեարկությունը պարտավոր է իրականանալ: 

Հարց. Հայաստանն առաջին անգամ է քվեարկություն պահանջում թե՞ ոչ:

Պատասխան. Եթե չեմ սխալվում, սա ՄԱԿ-ի պատմոթյան ընթացքում Գլխավոր ասամբլեայի նախագահի ընտրություններում գրանցված առաջին դեպքն է, երբ միակ թեկնածուի ընտրության հարցը դրվում է քվեարկության:

Հարց. Ընտրվելու դեպքում արդյո՞ք սա առաջին դեպքն է լինելու, որ ԳԱ նախագահի պաշտոնը զբաղեցնի Թուրքիայի ներկայացուցիչը: Արդյոք Հայաստանի կողմից որևէ քայլ ձեռնարկվել է՝ ներկայացնելու հայկական կողմի մտահոգությունները:

Պատասխան. Պետք է նշեմ, որ մտահոգություն հայտնել է ոչ միայն հայկական կողմը, այլև մեր մի շարք միջազգային գործընկերներ: 

Լռության ընթացակարգի խախտման վերաբերյալ նամակով հանդես են եկել Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը, ավելին՝ Հայաստանի և Կիպրոսի կողմից ներկայացվել է համատեղ նամակ: Վերջինում, մասնավորապես, նշվել է, որ «Թուրքիան սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը՝ տարածաշրջանային գերակայության հասնելու համար շարունակաբար խախտելով ՄԱԿ կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ պատժամիջոցների ռեժիմները»: 

Հայկական կողմը բարձրաձայնել է Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ երեք տասնամյակ իրականացվող շրջափակման, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և անգամ արդարացման քաղաքականության մասին: 

Համատեղ նամակում Հայաստանը և Կիպրոսն ընդգծել են, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը պետք է ստանձնի այնպիսի երկրի ներկայացուցիչ, որի գործողությունները և վարած քաղաքականությունը համահունչ են ՄԱԿ նորմերին և հռչակած արժեքներին: Ակնհայտ է, որ Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին: