Օֆշորային բանկի փաստաթղթերը բացահայտել են «Գոլդեն Փելիսի» սեփականատերերի գործարքները. ԱԱԾ-ն հյուրանոցի դիմաց կարճել է քրգործը  |hetq.am|
19:20 - 05 հունիսի, 2020

Օֆշորային բանկի փաստաթղթերը բացահայտել են «Գոլդեն Փելիսի» սեփականատերերի գործարքները. ԱԱԾ-ն հյուրանոցի դիմաց կարճել է քրգործը |hetq.am|

hetq.am: ԱԱԾ-ի կողմից փողերի լվացման եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու գործով անցնող մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն իր հյուրանոցային բիզնեսի համար օգտագործել է օֆշորային բանկային հաշիվներ: Սա ապացուցվում է Կայմանյան ազգային բանկից (Cayman National Bank) արտահոսած եւ «Հետքի» ձեռքի տակ հայտնված փաստաթղթերով: Հետաքրքիր են հատկապես այդ հաշիվներով արված տրանսֆերտներն ու հաշիվների փակվելու պատմությունը: Մենք նաեւ պարզել ենք, որ ԱԱԾ-ն տեղեկություններ չի ունեցել Ավետիսյանի՝ կայմանյան բանկում պահվող գումարների մասին:  

Անցյալ տարվա աշնանը Phineas Fisher (HackBack) անունով ներկայացող հաքերը համացանցում տեղադրել էր ավելի քան 2 տերաբայթ ծավալով բանկային ինֆորմացիա: «Cayman National Corporation»-ը (ներառում է ընկերություններ Կայմաններում, Մեն Կղզում, Դուբայում) հայտարարել էր, որ արտահոսք է եղել իրեն ենթակա 2 ընկերություններից՝ Մեն Կղզում գտնվող «Cayman National Bank (Isle of Man) Limited»-ից եւ «Cayman National Trust Company (Isle of Man) Limited»-ից: Հասանելի է դարձել 1400 հաճախորդի բանկային ինֆորմացիա 3800 հաշիվներից: «Հետքն» իր գործընկեր OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) հետ համատեղ ուսումնասիրել է մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի վերաբերյալ արտահոսած փաստաթղթերն ու ուշագրավ բացահայտումներ է արել:    

Այն բանից հետո, երբ մարտի 1-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն արձանագրվեց, վարակված քաղաքացին եւ նրա հետ շփում ունեցած անձինք մեկուսացվեցին: Շատ չանցած հայտնի դարձավ, որ կարանտինի մեջ գտնվող անձանց տրամադրվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը (պարետատնից տեղեկացել ենք, որ ներկայում այն դատարկ է): Այն, որ հարուստ երկրի համբավ չունեցող Հայաստանը 5-աստղանի հյուրանոցը դարձրել է կարանտինային գոտի, լույսի արագությամբ տարածվեց համացանցում, այդ թվում՝ օտարալեզու կայքերում:

Կառավարությունը դժվար թե նման շքեղություն իրեն թույլ տար, եթե հյուրանոցը պատկաներ մասնավորի, ով ծառայությունների համար հավանաբար հսկայական գումար կպահանջեր: 2013-ին մարտին բացված «Գոլդեն Փելիսը» 2019-ի սեպտեմբերից պատկանում է պետությանը, որը ներկայում փորձում է այն օտարել աճուրդի միջոցով: Մինչ այդ համալիրը պատկանել է մաքսային պետական կոմիտեի նախկին (2001-2008 թթ.) նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին:

Արժե հիշեցնել, որ Ավետիսյանը հենց հյուրանոցային բիզնես վարելու հանգամանքով հայտնվեց քրեական գործի առանցքում:

Քրգործ՝ ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու եւ փողերի լվացման հիմքով

2018-ի հոկտեմբերի 11-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հարուցվել է քրգործ Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ: Քրգործը, ինչպես հետո տեղեկացել է «Հետքը», հարուցվել էր հոկտեմբերի 6-ին:

Ըստ ԱԱԾ-ի՝ Ա. Ավետիսյանը, 2001 թ.-ից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել եւ հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երեւանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելիս» (Golden Palace Hotel) հյուրանոցային համալիրի կառուցումը (կարճ ասած՝ պաշտոնյա համարվող Ավետիսյանն իրավունք չուներ զբաղվել ձեռնարկատիրությամբ): Իր եւ մյուսների մասնակցությունը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է օֆշորային Կիպրոսում հիմնադրված «Riverhill Holdings Limited»-ին՝ հանրությանն այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր դոլարները օտարեկրյա ներդրում են Հայաստանում: Արմեն Ավետիսյանն, ԱԱԾ-ի փոխանցմամբ, անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաեւ նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը:  

«Օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թ. հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որեւէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացի, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն»,- հայտարարել էր ԱԱԾ-ն: Բացմանը մասնակցել էր այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով նշել էր, թե հյուրանոցի բացումը վկայում է օտարեկրյա ներդրողների կողմից Հայաստանի հանդեպ հետաքրքրության մասին: ԱԱԾ-ն նաեւ հայտնել էր, որ 2010-2012 թթ. կիպրական «Riverhill Holdings Limited»-ի անունից Ծաղկաձորում կառուցվել է երկրորդ «Գոլդեն Փելիսը» (Golden Palace Hotel Resort & Spa GL), որը, ինչպես նշեցինք, բացվել է 2013-ի մարտին, այս անգամ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ (լուսանկարում):

 

Մի փոքր առաջ անցնելով՝ նկատենք, որ երեւանյան «Գոլդեն Փելիսը» 2015-ին կառավարման է հանձնվել «Carlson Rezidor Hotel Group»-ին (ներկայում՝ «Radisson Hotel Group»), որը մի շարք հայտնի հյուրանոցային ցանցերի շահագործող է: Ավետիսյանների հյուրանոցը մտցվել է «Radisson Blu» ցանցի մեջ՝ դառնալով «Radisson Blu Hotel Yerevan»:

Այդուհանդերձ, ըստ էկոնոմիկայի նախարարության, այս հյուրանոցի շահագործողը շարունակում է մնալ Ավետիսյաններին պատկանող ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ն, որին դեռ կանդրադառնանք: Սա նշանակում է, որ հյուրանոցը ֆրենչայզինգի հիմունքներով է կրում «Radisson Blu» հայտնի ապրանքանիշը:  


Radisson Blu Hotel Yerevan

ԱԱԾ-ն հայտնել էր, որ 2012-ին «Riverhill Holdings Limited»-ի փոխարեն երեւանյան ու ծաղկաձորյան հյուրանոցների սեփականատեր է դարձել Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Golden Group Limited»-ը, որի 100 տոկոս սեփականատերը եղել է Ա. Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Այս ինֆորմացիան մասամբ սխալ է, ինչին կանդրադառնանք ստորեւ:

Ըստ իրավապահ կառույցի՝ 2018-ին հայր եւ որդի Ավետիսյանների կողմից Երեւանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը (Golden Palace Hotel Yerevan), սակայն վերջինիս կայքում ասվում է, որ այն բացվել է 2017-ի տարեվերջին:

ԱԱԾ-ն նաեւ նշել էր, որ Ավետիսյանների 3 հյուրանոցների ընդհանուր շուկայական արժեքը 2016-ին գնահատվել է շուրջ 90 մլն դոլար՝ հավելելով, որ քրգործի շրջանակներում իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ անհետաձգելի քննչական գործողություններ՝ հյուրանոցների կառուցման համար ներդրված միլիոնավոր դոլարների ծագման իրական աղբյուրը, փաստացի ներդրողներին եւ հնարավոր մյուս սեփականատերերին պարզելու ուղղությամբ:

Մաքսայինի նախկին ղեկավարին, ըստ էության, լավ բան չէր սպասվում, եթե հաշվի առնենք քրգործի հիմքում դրված հոդվածներով նախատեսված պատժի խստությունը: Ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելը պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Իսկ առանձնապես խոշոր չափերով (10 մլն դրամը գերազանցող) փողերի լվացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ավետիսյանները նվիրեցին հյուրանոցը, ԱԱԾ-ն էլ կարճեց գործը

Այդուհանդերձ, բանը չհասավ դատ ու դատաստանի, ինչին նպաստեց Ավետիսյանների քայլը: ԱԱԾ-ի հաղորդագրությունից շաբաթներ անց՝ 2018-ի նոյեմբերին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ավետիսյանները պատրաստակամություն են հայտնել ծաղկաձորյան հյուրանոցը նվիրել պետությանը: Գույքի հավանական ընդունող պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն իր հերթին նշեց, թե անհրաժեշտ է ԱԱԾ-ի եզրակացությունը, քանզի չի բացառվում, որ գույքն ապօրինի է ձեռք բերվել, եւ այդ դեպքում ճիշտ չէ այն իբրեւ նվեր ընդունելը: Մյուս կողմից, սակայն, Բաբայանը ասել էր, թե քաղաքական որոշում կայացնողը կառավարությունն է, որը կարող է հաշվի առնել կամ չառնել այդ եզրակացությունը: 2019-ի ամռանը շրջանառության մեջ դրվեց կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում էր ընդունել Ավետիսյանների նվեր հյուրանոցը: Ն. Բաբայանը լրագրողներին հայտնել էր, թե նվերն ընդունելու հարցում իրավական խնդիր չկա: 2019-ի սեպտեմբերին գործադիրն ընդունեց նվիրատվությունը:

Մինչ այդ հյուրանոցի շուկայական արժեքը գնահատվել էր 7.535.889.000 դրամ կամ 15,8 մլն դոլար: Այժմ պետգույքի կառավարման կոմիտեն փորձում է աճուրդով վաճառել այն, սակայն դեռ չի ստացվում: Կոմիտեի հայտարարած առաջին երկու աճուրդները չեն կայացել մասնակից չլինելու պատճառով: Բաբայանը նշել է, որ անցկացվելու են եւս երկուսը, ինչպես որոշել է կառավարությունը: Եթե այդ դեպքում էլ չհաջողվի օտարել հյուրանոցը, ապա կա՛մ աճուրդները կշարունակվեն, կա՛մ գույքը կտրվի հավատարմագրային կառավարման: Երկրորդ աճուրդում հյուրանոցի մեկնարկային գինը 7.150.134.910 դրամ էր: Հերթական աճուրդում այն 5 տոկոսով ավելի էժան կլինի:        

Այն բանից հետո, երբ 2019-ի սեպտեմբերին կառավարությունն ընդունեց հյուրանոցն իբրեւ նվեր, հոկտեմբերին ԱԱԾ-ն Արմեն Ավետիսյանի հանդեպ քրեական գործը կարճեց: Գլխավոր դատախազությունն իրավիճակը «Հետքին» պարզաբանել էր այսպես. «31.10.2019-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել վերը նշված քրեական գործի վարույթը կարճելու եւ Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (փողերի լվացում) նախատեսված հանցանք կատարելու համար՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՔՕ 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանցանք կատարելու համար՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»: Այսինքն՝ նախաքննությունը եկել էր հետեւության, որ Ավետիսյանը փողեր չի լվացել, ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու հիմքով էլ չի կարող պատժվել, քանի որ վաղեմության ժամկետն անցել է: Ավելին՝ դատախազությունը «Հետքին» հայտնել էր, որ նախկին պաշտոնյան ամբողջ նախաքննության ընթացքում ունեցել է վկայի կարգավիճակ, իսկ գործում մեղադրյալի կարգավիճակ ստացած անձ առհասարակ չի եղել:

Այս դեպքում հարց է ծագում, թե ինչու է Ավետիսյանը 5-աստղանի հյուրանոցը նվիրել պետությանը, միեւնույնն է՝ չէր դատվելու: Բայց այն փաստը, որ ԱԱԾ-ն մեկ տարի քննել է գործն ու դրա վարույթը կարճել միայն այս նվիրատվությունից շաբաթներ անց, արդեն իսկ տրամաբանական կասկածներ է հարուցում: Տպավորություն է ստեղծվում, որ նախաքննական մարմնի ու Ավետիսյանի միջեւ տեղի է ունեցել, այսպես ասած, գործարք՝ քրգործի կարճում «մուծվելու» դիմաց: Եվ դա ամրագրվել է կառավարության մակարդակով (գուցե եւ անմիջական կարգադրությամբ), որն ընդունել է նվեր հյուրանոցը:  

Չնայած գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն հայտարարել են, որ փողերի լվացման հանցակազմ չկա, վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 6-ին ԱԺ-ում այսպիսի հայտարարություն արեց. «Ժամանակին շատ մեծ, աղմկոտ եւ հաջող օտարերկրյա ներդրում եղավ, որի արդյունքում Հայաստանում ստեղծվեց «Գոլդեն Փելիս» հյուրանոցը: Իսկ հետո ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ էդ գույքը առնվազն Ծաղկաձորի մասով Հայաստանի Հանրապետության սեփականությունն ա եւ առգրավվել ա, «նվիրաբերվել ա» որպես կոռուպցիոն գույք»: Ի՞նչ կոռուպցիոն գույքի մասին է խոսում վարչապետը, եթե դրա սեփականատերն, ըստ նախաքննության, հանցավոր ճանապարհով ստացված գույք (գումար) չի օրինականացրել, այլ կերպ ասած՝ փող չի լվացել: Բարձր ամբիոնից երկրի գործադիր ղեկավարը պաշտոնապես հայտարարում է կոռուպցիոն գույքի առգրավման մասին: Առգրավում ի՞նչ իրավական հիմքով, պարոն Փաշինյան. Ձեզ ենթակա ԱԱԾ-ն որեւէ հիմք չի կարողացել գտնել կամ, ավելի հավանական է, չի ուզել: Այս ամենի պատասխանը մեկն է. վարչապետի խոսքերը կարող ենք համարել վերը նշված գործարքի խոստովանություն: Գործարք, որը չունի իրավական հիմք:

Ամփոփենք վերը ներկայացվածը. Ավետիսյանների 3 հյուրանոցներից երեւանյան «Գոլդեն Փելիսն» այժմ կոչվում է «Radisson Blu Hotel Yerevan», չնայած էլի շահագործվում է նրանց կողմից: Ծաղկաձորյան «Գոլդեն Փելիսը» պատկանում է պետությանը, որը փորձում է օտարել այն, Հյուսիսային պողոտայում գտնվող երրորդ հյուրանոցը (Golden Palace Hotel Yerevan) եւս կառավարում է նախկին պաշտոնյայի ընտանիքը:

Հիմա մի փոքր հետ գնանք ու տեսնենք, թե դե յուրե ովքեր են գրանցվել այս հյուրանոցների սեփականատեր, եւ ինչպես են դրանք կառավարվում:

Ավելին՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել