Այս տարի կսկսվի Հադրութը Քաշաթաղի հարավային թևով Հայաստանի հետ կապող մայրուղու կառուցումը
21:28 - 05 հունիսի, 2020

Այս տարի կսկսվի Հադրութը Քաշաթաղի հարավային թևով Հայաստանի հետ կապող մայրուղու կառուցումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Արցախ ժամանած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին հունիսի 5-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները նախ հետևել են գարու բերքահավաքի մեկնարկի աշխատանքներին, ծանոթացել հացահատիկային մշակաբույսերի բերքն անկորուստ հավաքելու նպատակով իրականացվող հակահրդեհային միջոցառումներին: Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների հետ և հետաքրքրվել բերքահավաքի պատշաճ կազմակերպման առկա խնդիրներով՝ տեղում պատկան մարմինների պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:

Անդրադառնալով տարածաշրջանի հետ կապված առաջիկա ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ, նախընտրական շրջանում տրված խոստման համաձայն, Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով Մայր հայրենիքի հետ կապող մայրուղու կառուցումը կսկսվի ընթացիկ տարում: «Մայրուղու կառուցմամբ մեկնարկում է Արցախի հարավային հատվածի իրացման նոր փուլը, որտեղ վերաբնակեցման և տնտեսական զարգացման մեծածավալ նոր ծրագրեր կիրականացվեն»,- ասել է նախագահ Հարությունյանը: Նա հավելել է, որ օրերս «Արցախէներգո» ընկերության հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել, և մինչև 2022թ.-ը կապիտալ աշխատանքների արդյունքում ամբողջովին կվերակառուցվի ենթաշրջանը սնուցող էլեկտրացանցը:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը՝ ԱՀ մի խումբ պաշտոնյաների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ուղեկցությամբ, այցելել է Իշխանաձոր համայնքում «Մասիս Տոբակո» ընկերության հիմնադրած չորանոցային տնտեսություն, ՊԲ Ն զորամաս, ինչպես նաև Հագարի գետի վրա կառուցվո՝ 6,8 ՄՎտ ընդհանուր հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել