Հանրապետությունում 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին․ Նիկոլ Փաշինյան
19:32 - 06 հունիսի, 2020

Հանրապետությունում 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաինյանը նշեց, որ հանրապետությունում կան 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներ, որոնք սպասում են հոսպիտալիզացիայի ենթարկվելու իրենց հերթին։

«Մեր առողջապահական համակարգը այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ կա դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսի վարակից։

«Ուշացման պատճառը երկակի է․ հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկության փոխանցումը առողջապահական համակարգին, ռեակցիան էլ եղել է ուշացումով»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մահվան երկու դեպք է գրանցվել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց գտնվել է ընդհանուր բաժանմունքում վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով։ 

«Պարետատան նիստին մենք քննարկումներով ընդհուպ մոտեցանք եզրին՝ որոշում կայացնելու հայտարարել տոտալ և անվերապահ արգելափակում։ Քննարկումների արդյունքում մենք տեսանք, որ այդ որոշումը չի բերելու ցանկալի արդյունքների, և դա ցանկալի որոշում չէ ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր, այլև առավել ևս այն պատճառով, որ մենք համոզված ենք, որ  այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է մեզ բերել ցանկալի արդյունքների»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե հիմա Հայաստանի բնակավայրերի հատվածները փակվեն, այդ հակահամաճարակային կանոնները կշարունակվեն չպահպանվել շենքերում, հանդիպումները և խնջույքները կտեղափոխվեն հարևանների տներ։

«Մենք հարված ենք հասցնելու տնտեսության ողնաշարին ու չենք ունենալու ցանկալի արդյունք կամ առնվազն արգելափակումները բացելուց հետո շատ արագ՝ գործնականում 10-15 օրվա ընթացքում, վերադառնալու ենք օրը 500, 600, 700 նոր դեպքի»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել