Մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն |armenpress.am|
21:53 - 06 հունիսի, 2020

Մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն |armenpress.am|

armenpress.am: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը վստահեցնում է, որ իրենք՝ բժիշկները, պայքարելու են մինչև վերջին պացիենտի դուրս գրումը, սակայն խնդրում է բոլորին օգնել իրենց այդ գործում՝ խստորեն պահելով բոլոր կանոնները: Դավիդյանցն այս մասին ասաց  պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

Նա նախ հիշեցրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը առաջին բուժհաստատությունն է, որ իր վրա վերցրեց կորոնավիրուս կոչված չարիքի հարվածը: Դավիդյանցի խոսքով՝ իրենք, արդեն քանի ամիս է, չգիտեն ինչ բան է հանգիստ, կտրվել են իրենց ընտանիքներից, իրենց ամբողջ օրն անցկացնում են հիվանդանոցում: Եթե սկզբում լինում էին հիմնականում թեթև ու միջին ծանրության դեպքեր, ապա այժմ, ցավոք, գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը:

«Կարևոր եմ համարում այդ դեպքերի մեջ առանձնացնել այն դեպքերը, որոնք ուշացված են եղել, ուշ են դիմել բուժօգնության և ականատես ենք լինում ընդունարանում մի խումբ մարդկանց, որոնք ցածր թթվածնով գալիս են: Եվ այո, մենք, ցավոք, ունենում ենք նաև մահճակալային ֆոնդի խնդիրներ: Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ բոլորիդ, օգնեք մեզ բոլորիս՝ բուժաշխատողներիս: Քանի որ այս  ամիսների ընթացքում բոլորս առանց տրտնջալու, առանց դժգոհելու աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, ես ողջ կոլեկտիվին ասել եմ, հայտարարել եմ, որ մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը»,-ասաց տնօրենն ու նշեց, որ քաղաքացիները պետք է օգնեն իրենց:

Նա խնդրեց բոլորին պահպանել հակահամաճարակային բոլոր միջոցառումները, կրել դիմակներ, խիստ սահմանափակել շփումը, տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հաճախակի ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը: Տնօրենը նկատեց, որ այս ամիսների ընթացքում ամբողջ բուժանձնակազմը կատարում է մեծ ֆիզիկական և, ինչու չէ, հոգեկան ծանր աշխատանք: Նա հավատացրեց, որ շատ ծանր է ամեն օր ականատես լինել ծանր հիվանդների, ցավոք՝ նաև մահվան դեպքերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել