Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07.06․20 (թարմացվող)
21:46 - 07 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07.06․20 (թարմացվող)

21։35- Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ։ Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում։ [ԱՆ խոսնակն՝ ի պատասխան Վահան Արծրունու հայտարարության, թե ԵՊԲՀ 1-ին կլինիկակայի covid-բաժանմունքը չի գործածվել]

 

20։24- Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]

 

20։09- ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ կառույցի աշխատակիցները  շրջայց են կատարել Գեղարքունիքի Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում, որտեղ արձանագրել են պարետի կողմից սահմանված նորմերի խախտումներ:

 

19։58- Հունիսի 7-ին ուկրաինական SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեցին ՀՀ 84 քաղաքացիներ և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ (ընդամենը՝ 93 հոգի): [Ուկրանիայում Հայաստանի դեսպանություն]

 

19։10- Հունիսի 5-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի Հայերի միության համաժողովը։ Հիմնականում քննարկվել է պանդեմիայի կապակցությամբ հայտարարված կարանտինի պայմաններում տարածաշրջանային համայնքների գործառնությունը, կարիքավորներին հումանիտար օգնության ցուցաբերումը, բուժանձնակազմին եւ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված այլ կառույցներին աջակցությունը։ ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը իրազեկել է ներկաներին համապատասխան կառույցների հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին խորհրդակցությունների վերաբերյալ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։ |hetq.am|

 

17:58- Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, 21 առողջացած: [Գնել Սանոսյան]


15:50- ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է:


15:20- Կորոնավիրուսով վարակված կանայք (հաստատված դեպքերը) 34 տոկոսով ավել են, քան տղամարդիկ։ Բայց կորոնավիրուսից մահացածների 58 տոկոսը տղամարդիկ են, 42 տոկոսը կանայք։ [Նիկոլ Փաշինյան]


14:35- Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 24389 արձանագրություն, իսկ հունիսի 6-ին հայտնաբերվել է իրավախախտման 933 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ [ՀՀ ոստիկանություն]


14:00- Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով:


13:30- Որոշ լրատվամիջոցներ և օգտատերեր «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի խոսքերում փորձում են տողատակեր փնտրել, մասնավորապես, թե իբր կորոնավիրուսային հիվանդությունը փետրվարից եղել է Հայաստանում:

Պարոն Դավիդյանցը առնվազն 2 անգամ շեշտեց, որ հիվանդանոցը 4 ամիս լծված է հիվանդության դեմ պայքարին: Իսկ իրականում, դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, մասնավորապես այն երկրներից եկած մարդիկ, որտեղ վիրուսը առկա է եղել` թեստավորվել են: Դրանք եղել են բաց և հրապարակվել են: Ավելին, կասկածելի դեպքերը կրկին փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել: Իսկ առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին: [Ալինա Նիկողոսյան]


12:50- Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ։ [Ալինա Նիկողոսյան]


11:00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ),  66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]


10:50-  Թարմացվել է  07.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 13130 (+766)
Առողջացածներ - 4014 (+294)
Փաստացի բուժվողներ - 8844
Ընդհանուր թեստեր - 69171 (+2497)
Մահվան ելքեր - 200 (+10)
Մահվան ելքեր այլ պատճառով –69 [ԱՆ]


10:35- «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ եւ օտարերկրյա մտերիմ ընկերոջ աջակցությամբ Վրաստանից 10 արհեստական շնչառության  սարք է գնվել եւ ուղարկվելու է Հայաստան։ |aliq.ge|


10:30-  ԱՆ և Արաբկիր ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։ Մինչ այս Արաբկիր ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ հնարավորությունները։ [Արսեն Թորոսյան]

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․06․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել